Նոյեմբերի 21, 2024

Առողջապահական համակարգում իրավիճակը բարդանում է ժամ առ ժամ

By Վիկտորյա Սարգսյան Հուլիսի 27, 2023

Հանրապետությունում բոլոր բուժհաստատությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով: Իրավիճակն արդեն բարդանում է ժամերի ընթացքում:
Ըստ ԱՆ կողմից հրապարկված վերջին տվյալների` «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 23 երեխա: Նրանցից 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը մեզ հետ զրույցում նշել է` գրանցվել են դեպքեր, երբ երեխաները հիվանդանոց են բերվում ուշ և հիվանդությունն արդեն խորացած է լինում: Լսե՛նք Վիկտորյա Սարգսյանի ռեպորտաժը:

 Առողջապահության ոլորտի խորացող ճգնաժամն արդեն թողնում է տեսանելի հետևանքներ: Ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով գրանցվել են մահացության, թերսնման, սթրեսի պատճառով հղիության վաղաժամ ընդհատման և համապատասխան դեղամիջոցների բացակայութան պատճառով երեխաների առողջության վատթարացման դեպքեր:

«Արևիկ» բուժմիավորումը շուրջ 8 ամիս է, ինչ աշխատում է հատուկ ռեժիմով: Դադարեցված են պլանային վիրահատությունները, վառելիքի սղության պատճառով կան խնդիներ կապված հիվանդների տեղափոխման հետ` ասում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը:

«Բոլոր շտապ դեպքերը սպասարկվում են, բուժումները կազմակերպվում են լրիվ ծավալով: Կոնկրետ մեր բաժանմունքում հիմնականում բուժում են ստանում ինֆեկցիոն, վիրաբուժական բնույթի շտապ կարգով ընդունված հիվանդները: Նրանց վիճակը կարելի է գնահատել բավարար, քանի որ գործադրում ենք բոլոր ջանքերը բուժումը պատշաճ իրականացնելու համար: Դեղորայքի պակաս, իհարկե, կա: Նախ, դադարեցված են պլանային վիրահատությունները: Իսկ մնացած բոլոր բուժումները կատարում ենք խնայողական ռեժիմով»:

Վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող երեխաներից երկուսը «Լեյշմանիոզ» ախտորոշմամբ են: Հիվանդությունը մարդուն է փոխանցվում Lutzomyia longipalpis տեսակի մլակների խայթոցի միջոցով, իսկ ժամանակին բժշկի չդիմելու և պատշաճ բուժում չստանալու դեպքում մեծ է մահվան կամ հաշմանդամություն ձեռք բերելու հավանականությունը: Նախկինում այս ախտորոշմամբ հիվանդներն անմիջապես ուղեգրվում էին ՀՀ: Այսօր սահմանափակ դեղորայքով ստիպված են բուժումն իրականացնել տեղում: Մեսրոպ Մարգարյանը ներկայացնում է հիվանդության հիմնական ախտանիշներն ու կանխարգելման միջոցները:

«Առաջին հերթին բարձր ջերմությունն է, ինչի ֆոնին նկատվում է նաև դող: Ժամանակի ընթացքում երեխայի մոտ նկատվում է նաև լյարդի և փայծաղի մեծացում: Երեխայի մաշկը ընդունում է մոմագույն, դեղնավուն երանգ: Ի՞նչ պետք է անել, որպեսզի չհիվանդանան երեխաները: Կանխարգելման համար, իհարկե, առաջին հերթին ահնրաժեշտ է, որ թռչող միջատները երեխաներին չկծեն: Օրինակ, պատուհանների համար նախատեսված այս ցանցերը ցանկալի է, որ լիեն»:

Որո՞նք են հիվանդության զարգացման ռիսկերը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքէջում լեյշմանիոզի վերաբերյալ տեղեկանքում նշվում է, որ հիվանդությունը տարածվում է երկրագնդի ամենաաղքատ բնակչության շրջանում և կապված է սննդի անբավարարության, մարդկանց տեղահանության, կենցաղային վատ պայմանների, թույլ իմունային համակարգի հետ: Այն ամենը, ինչն այսօր շրջապատում է մեզ:

Դժվարություններից բացի, շրջափակումը նաև, այսպես ասած, իր դրական կողմերն ունի` ասում է Մեսրոպ Մարգարյանը:

«Ամբողջ Ստեփանակերտը քայլում է, և դա առողջ ապրելակերպի առաջին գրավականն է: Երկրորդ` երեխաները ավելի շատ խաղում են բակում: Մարդիկ անընդհատ հեռուստացուցի առջև նստելու փոխարեն, ավելի շատ ժամանակ են անցկացնում բացօթյա վայրերում: Մեր սննդակարգն է փոխվել դրական առումով: Օրինակ, մարդիկ անխնա օգտագործում էին ձեթը կամ այլ վնասակար սննդանյութեր: Իսկ հիմա, քիչ լինելու պատճառով, դրանք օգտագործում են խնայողաբար, ինչն էլ, իրենցից անկախ, առողջության վրա դրական ազդեցություն կթողնի»:

Հուլիսի 25-ին Հանրապետությունում ամբողջությամբ դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը: Մեսրոպ Մարգարյանի խոսքով այս պայմաններում բուժանձնակազմի պատասխանտվությունն ավելի է մեծացել: Նրանք բոլորը ոտքով, ժամանակին հասնում են աշխատանքի վայր: Վառելիքի բացակայության պատճառով շտապ օգնության մեքենաներն աշխատում են միայն ծայրահեղ դեպքերում: Երեխաները շրջաններից հաճախ ուշ են բերվում հիվանդանոց, երբ հիվանդությունն արդեն խորացած է լինում:

Մանկական հիվանդանոցը ճգնաժամի շեմին է, իսկ իրավիճակը բարդանում է ժամ առ ժամ:

 

 

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ