«Երբ Ադրբեջանին իբրև թե կոչ է արվում հարգել գոնե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների։», հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։
«Նույն երթով ՀՀ տեղափոխվող մեր քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված մեր քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։ Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն։ Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն։ Հայ ժողովուրդ, նորից ու նորից գոչում եմ, արթնացեք, դեմ կանգնեք այս ամենին։», հավելել է նա։
Քաղաքացու առևանգմանն ավելի ուշ անդրադարձել է նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։ Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը։», նշված է ՄԻՊ-ի հայտարարությունում։