Նոյեմբերի 22, 2024

Շրջափակված տարեցները․ երբ ապահով ծերությունը կախված է «միջազգային դրությունից»

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 03, 2023

Արցախի արդեն շուրջ ութ ամիս շարունակվող շրջափակումը հատկապես ծանր է անդրադարձել հատուկ խնամքի կարիք ունեցող մարդկանց համար նախատեսված հաստատությունների աշխատանքի կազմակերպման վրա: Միայնակ տարեցների խնամքի` Ստեփանակերտի տուն-ինտերնատը բացառություն չէ: Սրբուհի Վանյանն է ծանոթացել տուն-ինտերնատի առօրյային:

Ստեփանակերտի տարեցների տուն-ինտերնատի մշտական բնակիչների թիվը 44-օրյա պատերազմից հետո ավելացել է 4 անգամ։ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական բնակավայրերից տեղահանված մարդիկ, որոնք ավելի շատ խնամքի կարիք ունեն, նույնպես տեղավորվել են այստեղ։ Եւ չնայած ավելի քան 120 մարդ է բնակվում այնտեղ, տարածքը կոկիկ է, խնամված, մաքուր։ Տարեցները խմբերով հավաքված զրուցում էին բակի տաղավարում, մի մասը հանգստանում էր ծառերի տակ շարված նստարաններին։ Կարծես շրջափակում չլիներ էլ։ Հարցնում եմ՝ գիտե՞ք, որ շրջափակում է, ձեզ հաց տալի՞ս են, լա՞վ են պահում։ Գավազանին թիկն տված ծեր կինն առաջինն է արձագանքում։

«Բարսեղյան Հայկանուշ Արշակի, 1933 թիվ։ Միջազգային դրությունը լավա՞, որ լավ պահեն։ Դրությանը նայած՝ ոչ մի բողոք էլ չունենք»։ 

Արինա Ֆիրյանն Ստեփանակերտի տուն-ինտերնատում հայտնվել է Արցախյան վերջին պատերազմից հետո, երբ իր տունը հրթիռակոծվել է և մնացել է առանց տանիքի։ Պատերազմից հետո մահացել է նաև ամուսինը և ինքը մնացել է միայնակ։ Տեղափոխվել է այստեղ՝ իր բախտակիցների մոտ։ Մեզ դիմավորում է Թումանյանի հայտնի բանաստեղծության արտասանությամբ։

«Մեր ապրուստն ի՞նչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հաա, երկնքից կախված։ Լավ բառեր են, չէ՞։ Լավ բառեր են։ Հիմա այդ վիճակում ենք, թե վերջակետը որտեղ կդրվի՝ Աստված գիտի»։

«Ինձ սազու՞մ ա, վեր իմ 90 տարեկանում ես ստեղ ըմ», հարցնում է։ Ոչ, չի սազում, պատասխանում ենք, բայց դե` «ստեղ ապահով եք, չէ՞»։ Ապահով ենք, բայց խոսքը դրա մասին չէ, պատասխանում է, այլ նրա, թե ես որտեղ եմ մահանալու։ Արինա տատիկը տեղյակ է և շրջափակման մասին, և քաղաքականությունից է բան հասկանում։

«Որ կածան չլինի մի տեղով գնաս, չի դառնու՞մ բլոկադա։ Հիտլերը նման բան չի արել։ Չեմ քնում, գիշեր-ցերեկ այդ հարցի մասին եմ մտածում։ 90 տարեկան եմ, ես որտե՞ղ եմ մեռնելու»։ 

Սնունդ՝ լավ-վատ, կա, ասում է։ Այսօր ապուր են կերել։ Լինում է՝ մսով, լինում է առանց, ասում է հարցիս ի պատասխան։ Ինչպես պատահի։ Ոնց ժողովուրդը, այնպես էլ մենք էլի, ոչ ավել, ոչ պակաս։ Հաստատության աշխատակից Ադելինա Աթայանը պարզաբանում է․ կառավարության պահուստային ֆոնդի մատակարարումների հաշվին դեռ իրավիճակը վերահսկելի է, խնդիրներ կառաջանան՝ եթե ապաշրջափակում չլինի։

«Խնդիրներ հիմա են առաջանալու, քանի որ ուտելիքը պակաս է։ Իսկ առհասարակ, մենք մեր գործը սովորականի պես անում ենք։ Հիմա փակ խանութներ կան արդեն, խնդիրներ առաջանում են»։

Տուն-ինտերնատի տնօրեն Արա Պողոսյանը ներկայցնում է, թե ինչպես են կազմակերպում ծերերի ու տուն-ինտերնատի մյուս բնակիչների խնամքն ու սնունդը` շրջափակման պայմաններում։

«Ճիշտ է՝ նախկինի նման չենք կարողանում, բայց աշխատում ենք պահել երեքանգամյա սնունդը, մի մասը հատկացվում է Սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարության կողմից, մի մասը հայթայթում ենք տեղական շուկայում։ 128 քաղաքացիներ են բնակվում այստեղ, 34 մեր նախկին շահառուներն են, մնացածը՝ տեղահանվածներ են»։

Տուն-ինտերնատն աշխատում է շուրջօրյա, շրջափակման հետևանքով գրաֆիկի փոփոխություն չեն կատարել, քանի որ աշխատանքը ծանրաբեռնված է, տարեցները հատկապես շուրջօրյա խնամքի կարիք ունեն և չէր ստացվի այլ ձևով աշխատել, ասում է Արա Պողոսյանը։ Հիմնական խնդիրները կապված են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների հետ։ Շրջափակման շարունակումը խնդիրներ է առաջացնելու ջեռուցման կազմակերպման հետ։ Փայտի վառարաններով ջեռուցում անհնար է լինելու, սենյակների փոքր չափերը նման հնարավորություն չեն տալիս: Դա նաև անվտանգ չէ ինտերնատի բնակիչների տարիքային առանձնահատկությունների ու հիվանդությունների պատճառով։

 

Last modified on Հինգշաբթի, 03 Օգոստոսի 2023 15:13
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ