«Ադրբեջանի ՊՆ-ն, օրվա ընթացքում երկու ապատեղեկատվություն տարածելով, փորձում է հիմնավորել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի օգոստոսի 12֊ին արձանագրված խախտումները, ինչպես նաև շեղել միջազգային ուշադրությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետից»,-հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանական ստորաբաժանումներն օգոստոսի 12֊ի վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի Հանրապետության կապի ենթակառուցվածքի սարքավորումների , իսկ ժամը 14։15֊ի սահմաններում Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ «Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան»,-նշել են պաշտպանական գերատեսչությունից: Ավելի վաղ Արցախի Պն-ը հերքել է Ադրբեջանի ՊՆ –ն տարածած հաղորդագրություններն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 12-ին իբր կրակ են բացել Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: «Սա հերթական ապատեղեկատվությունն է»,-նշել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: