ԱՀ ՊՆ-ը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն 3-րդ ապատեղեկատվությունն է տարածել:
«Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է թվով երրորդ ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև սեպտեմբերի 18-ին ժամը 20։28֊ից ժամը 20։34֊ն ընկած ժամանակահատվածում ՊԲ համապատասխան ստորաբաժանումները ճնշել են Բաքու֊Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք . հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի ոչ միայն ԱՀ օդային սահմանները հատելու, այլ անգամ դրանց մոտենալու կարիք»,-հայտնել են ԱՀ պաշտպանական գերատեսչությունից:
Նշվում է, որ նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։
Կրկին հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարումը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։