Արցախի ժողովրդի միակ օրակարգը պետք է լինի Արցախում ապրելն ու պայքարելը, ինչպես արել են մեր նախնիները տարբեր դարաշրջաններում: Իսկ յուրաքանչյուր անձ ու ընտանիք իրավունք ունի ինքն իր ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնելու. ով գնում է, բարով գնա, բայց չպետք է որևէ կերպ խթանի արտագաղթի զանգվածային վարքը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ հորդորելով ու պահանջելով տուրք չտալ ադրբեջանական և որոշ այլ արտաքին ուժերի կողմից վաղուց տեղեկատվական դաշտ նետված «Արցախի ժողովրդի զանգվածային տարհանման» օրակարգին և չտարածել նման անբովանդակ նյութեր ու կոչեր:
«Դա որևէ կերպ լուծում չէ այս իրավիճակում, դա փախուստ է Հայրենիքից և ազգային, քաղաքացիական ու մարդկային պատասխանատվությունից նախկին, ներկա ու ապագա սերունդների առջև: Ադրբեջանի ցեղասպան իշխանությունների գլխավոր ցանկությունը հենց դա է՝ հնարավորինս ցածր գնով մեզ մղել զանգվածային արտագաղթի՝ ցեղասպանության պատասխանատվությունն առերևույթ գցելով մեզ վրա: Որքան էլ զրկանքներն ու դժվարությունները ծանր լինեն, միևնույն է՝ միշտ էլ կարելի է լուծումներ գտնել սեփական Հայրենիքում ազատ ու արժանապատիվ կերպով ապրելու նպատակով պայքարը շարունակելու համար»,-գրել է Արտակ Բեգլարյանը: