Ադրբեջանական կողմը վաղ առավոտից ինտենսիվ կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Հայկակական կողմն ունի զոհեր ու վիրավոր: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՀՀ ՊՆ-ը:
«Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը տեղեկություն կհրապարակի ավելի ուշ»,-ասվում է հաղորդագրությունում:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են նաև, որ ժամը 11:20-ի դրությամբ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը նվազել է:
Իրադրության զարգացման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
Պաշտպանական գերատեսչությունը հորդորում է չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել:
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե ՀՀ ԶՈՒ-ը Սոթքի հատվածում իբր կուտակում է մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ:
«Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ` ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով:», նշված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, հակառակորդը կիրառել է նաև ականանետ: