Նոյեմբերի 21, 2024

Երբ ուսումնառություն կազմակերպելը մարտահրավեր է․ Արցախը գիտելիքի ու դպրության օրը նշում է շրջափակման պայմաններում

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 01, 2023

Այսօր սեպտեմբերի մեկն է՝ գիտելիքի և դպրության օրը, որը շուքով, կամ անշուք՝ նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Դպրոցական ուստարվա սկիզբը կարևոր օր է աշխարհի բոլոր երեխաների ու ծնողների համար, քանի որ հենց այդ օրն է վերարժևորվում գիտելիքը, խորհրդանշվում կրթության կարևորությունը և բոլոր մարդկանց, հատկապես երեխաների կրթվելու հավասար իրավունքը, ամրապնդվում երեխայի կապը հասարակության հետ։ Արցախում այս տարի այն նշվում է անսովոր պայմաններում։ Լսենք Սրբուհի Վանյանի ռեպորտաժը։

Սեպտեմբերի մեկը կարևոր օր է նաև արցախցիների համար։ Պատահական չէ, որ չնայած անմարդկային պայմաններին, որոնց մեջ ապրում է Արցախը վերջին 9 ամսվա ընթացքում, և նոր ուսումնական տարին սկսելու պայմաններ Արցախում բացակայում են, պատկան մարմինները, այնուամենայնիվ, նոր ուստարին սեպտեմբերի 1-ին սկսելու որոշում են կայացրել։

6-ամյա Հայկն այսօր առաջին անգամ է դպրոց գնում։ Առաջին ուսուցչուհու համար ավանդական ծաղկեփունջը, մայրը՝ Սյուզաննա Բալասանյանը մեծ դժվարությամբ է հավաքել․ Հայկն ասում է, որ չի կարելի առանց ծաղկեփնջի դպրոց գնալ: Դժվարությամբ է գտել նաև հագուստը: Սյուզաննան այս օրվան երկար է սպասել ու ուզում է, որ իր առաջնեկը դպրոցականին վայել հագուկապով դպրոց ներկայանա այդ օրը։

«Սեպտեմբերի 1-ին անհամբեր սպասում էի և մտածում թե ինչպես այն տոն դարձնեմ իմ առաջնեկի համար, որ այդ օրը դպրոց է գնալու։ Մեր սպասումները շրջափակման պատճառով չիրականացան։ Ապրանքների սղության պատճառով չկարողացա․ խանութներում բացակայում են գրենական պիտույքները, հագուստը, գրքերը, դրանք հայթայթելը հեշտ չէ»։

Փոքրիկ Հայկը դպրոցում սովորելու է իր զարմիկների օգտագործած գրքերով, ովքեր դրանք խնամքով պահել են, որպեսզի Հայկը կարողանա սովորել դրանցով։

Մայրիկի մտահոգություններն ու անհանգստությունը Հայկը չի հասկանում։ Նա ուրախ է, որ այսօրվանից հետո ինքը դպրոցական է կոչվելու, և ամեն օր գնալու է դպրոց, որպեսզի այնտեղ նոր գիտելիք ու նոր ընկերներ ձեռք բերի։ Հայկը բազմաթիվ պլաններ ունի ապագայի հետ կապված և գիտի, որ այդ պլանները կիրագործվեն, եթե ինքը գնա դպրոց, լավ սովորի ու շատ մեծանա։ Երեկ Հայկն ուզում էր բժիշկ դառնալ, բայց մենակ՝ «ծակող բժիշկ»։ Այսօր` Հայկն այլ պլաններ ունի։

«Այսօր ես գնացի առաջին դասարան, շատ էի ուզում դպրոց գնալ, դաս անել, որ խոհարար դառնամ։ Ծանոթացել ենք ուսուցչուհու հետ, աղջիկների, այնտեղ էր նաև իմ սիրած Նարինեն, մայրս, տատիկս։ Գնացել ենք բակ՝ երգել, պարել տղաների ու աղջիկների հետ, փորձ ենք արել։ Մի երեխա լաց էր լինում։ Ուսուցչուհին մոտեցել է միկրոֆոնին, լավ բաներ խոսել»։

Հայկը հաճախելու է Ստեփանակերտի թիվ 9 հիմնական դպրոցը։ Հայկն այնքան մեծ չէ, որ անձամբ ընտրություն կատարի, թե որ դպրոցն է ուզում գնալ։ Հայկին իր դպրոցը դուր է գալիս, քանի որ այնտեղ հաճախելու է նաև իր հավանած Նարինեն։ Բայց մայրիկն այլ նկատառումներից ելնելով է դպրոց ընտրել Հայկի համար։

«Շրջափակման դժվարությունները զգացինք նաև մեր ընտանիքում։ Երեխային պիտի տանեմ մեր տանը ամենամոտ գտնվող դպրոցը։ Տրանսպորտ չկա և իմ համար դժվար է , քանի որ տանը փոքր երեխա ունեմ։ Շրջափակման պատճառով դասերը սովորական գրաֆիկով չեն լինելու, այլ կսկսեն 9:30։ Ես պիտի Հայկին արդեն 11:30 վերցնեմ։ Սա խնդիր է»:

Սյուզաննա Բալասանյանը մեծ ակնկալիքով է դպրոց տարել որդուն, անտեսելով սոցիալ-հոգեբանական վիճակը, որի մեջ հայտնվել է ինքը՝ արցախցի շատ ծնողների նման, դժվարությունները, որ ստիպված է հաղթահարել տրանսորտի բացակայության, ընտանիքի հոգսերը հոգալու, հացի խնդիր լուծելու, իր մյուս՝ մեկամյա որդուն խնամելու հետ կապված։

Տարել է, սրտում ունենալով մեկ երազանք ու նպատակ․

«Ծնվել ու մեծացել եմ Ստեփանակերտ քաղաքում։ Ուրախ եմ, որ իմ երեխաներն էլ այս քաղաքում են մեծանում։ Սիրում եմ մեր հայրենիքը։ Հույս ունեմ, որ մի օր այս երկրում խաղաղությունը կթևածի ու մեր երեխաները անհոգ մանկություն կունենան»։

Սյուզաննան և արցախցի մյուս ծնողները, որ երազում են իրենց բալիկների վառ ապագայի ու լավ կրթության մասին, այսօր հենց այս հույսով են նրանց ճանապարհել դպրոց։ Բայց սրտում մտավախություն ունեն: Նրանց տառապանքը փորձ ունի․ 2019 թվականից ի վեր` Արցախում ուսումնական գործընթաց կազմակերպելը մարտահրավեր է, մեկն այն բազմաթիվ մարտահրավերներից, որը համառորեն փորձում են հաղթահարել։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ