2020-2021 ուսումնական տարին բարդ է եղել հատկապես կրթության ոլորտի համար։ Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանը դժվար իրավիճակից պատվով է դուրս եկել՝ հավաստիացում է համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը։ Ուսանողների մեծ մասը վերադարձել է, մնացածները կարող են վերադառնալ մինչև հունվարի 1-ը։
«Վերջին 1,5-2 տարում 41 ուսանող դիմում են գրել և դուրս եկել համալսարանից, պատերազմից հետո 4 դասախոս այդպես էլ չեն վերադարձել, մեկ դասախոս եկել, նորից գնացել է։ Նրանցից շատերը Հայաստանում են աշխատանք գտել։ Մեր պրոռեկտոր Գարիկ Միխայլովիչը դուրս է եկել աշխատանքից․ ասում է՝ ես չեմ կարող դասավանդել միջազգային իրավունք, որովհետև միջազգային իրավունք գոյություն չունի, ես ուսանողներին խաբել չեմ ուզում»։
Համալսարանում կազմակերպվող միջոցառումները շատացել են նաև պատերազմի պատճառով։ Պատերազմը նաև առաջնահերթություն է դարձրել մի շարք մասնագիտությունների առկայությունը։ Այս տարի համալսարանում բացվել է «Սոցիալական աշխատողի» մագիստրատուրայի բաժինը, արդեն սովորում են 20 ուսանող։
«Դեռ 2017 թվականին Երևանից Արցախ էին եկել հասարակագետներ, Երևանի պետական համալսարանից ոլորտի պատասխանատուներ՝ Արցախում սոցիալական աշխատողի մասնագիտությունը ներդնելու նպատակով։ Չստացվեց, և ահա պատերազմ ու հետպատերազմական Արցախում ավելի շատացած սոցիալական խնդիրներ։ Պատերազմից հետո արդեն Կրթության նախարարությունը կանչում է մեզ և ասում, որ պետք է Արցախում ներդնել սոցիալական աշխատողի մասնագիտությունը»։
ՄՄՀ-ն կանցկացնի մեկամյա «Գործնական հոգեբանություն և հոգեկարգավորում» դասընթացների ընդունելություն՝ «Էմպատիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի բազայի հիման վրա: Համալսարանում կազմակերպվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես, որը լուսաբանվել է ինչպես արցախյան և հայաստանյան, այնպես են օտարերկրյա լրատվամիջոցների կողմից։
«Այս ցուցահանդեսը մեկ օր չի տևել, այն բացվել է մայիսի 7-ին և ավարտվել 10-ին։ Ցուցահանդեսը լուսաբանվել է 25-ից ավելի լրատվամիջոցների կողմից»։
Այս տարվա ընթացքում Մեսրոպ Մաշտոց համալսարանը ընթերցողի սեղանին է դրել մի շարք աշխատություններ և գրքեր։ Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն է պատմում։
««Ադրբեջանը քաղաքակրթության թշնամին» մատենաշարը, որը մենք իրականացրել ենք Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ և հանդիսանում է «Մշակութային Ժառանգության պահպանման» հանրային խորհրդի և «голос Армения» հասարակական-քաղաքական թերթի համատեղ ծրագիրը։ Բնականաբար, սա առաջին համարն է, մենք պարբերաբար հրատարակելու ենք այս մատենաշարը, որտեղ ներկայացվելու է Ադրբեջանի կողմից ներկայացված մշակութային ցեղասպանությունը՝ սկսած 1918 թվականից»։
Մեսրոպ Մաշտոց համալսարանը շնորհակալագրեր է հանձնել տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ իրենց երախտագիտության խոսքը հղելով լրագրողներին, որ ամբողջ տարվա ընթացքում լուսաբանել են համալսարանում կազմակերպվող միջոցառումները։