Դեկտեմբերի 28-ին Իվան Աթայանի հիշատակին միջոցառումներ կազմակերպելը բարի ավանդույթ էր նրա հարազատ Ավետարանոց գյուղի բնակիչների համար։ Բայց արդեն երկու տարի է՝ նրանք միասին չէին նստել ու հիշել գյուղի օրերը։ Երեկ նրանք մտովի տեղափոխվել էին հարազատ դպրոց, որը կրում էր մեծանուն մանկավարժի անունը։ Դպրոցի վաստակաշատ ուսուցիչներից մեկն է հիշում․
«Աթայանին լսում էին բոլորը, որովհետև ինքը լսել գիտեր։ Նա եկել ու հետք է թողել մեր բոլորիս հիշողություններում»։
Մի քանի տարի առաջ ֆիզիկոսի նկարներն ու իրերը տեղ են գտել Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում։ Հիմա Աթայանի իրերից միայն դրանք են պահպանվել՝ ասում է թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը։
«Ժողովրդական ուսուցիչ կոչումը Իվան Աթայանը վաստակել է՝ գիտելիքների, մարդկային բարձր որակների շնորհիվ։ Եվ թող նրա օրինակը վարակիչ լինի մեր հայրենակիցների համար»։
Ավետարանոցի դպրոցի ուսուցիչներն այսօր էլ ուղորդվում են մանկավարժի խորհուրդներով: Աշակերտների և ուսուցիչների թույլ տված սխալները շտկում էր մի շեղ հայացք՝ հիշում է Նվարդ Բաղրյանը:
«Երբ մանկավարժական խորհուրդներ էր լինում, մենք անհամբեր սպասում էինք՝ իմանաք՝ ընկեր Աթայանը ինչպիսի գնահատական պիտի տա մեզ: Դրվատանքների կողքին դնում էր թերությունները»:
Իվան Աթայանի շփումը աշակերտների հետ դասերի ավարտից հետո էլ էր շարունակվում։ Նա աշակերտներին հավաքում ու միասին այգի էին գնում։ Սովորեցնում էր ճիշտ հող մշակել, ինչի շնորհիվ այդ աշակերտներից շատերը ակտիվ զբաղվում էին գյուղատնտեսությամբ՝ հիշում է մանկավարժի կրտսեր որդի Կարեն Աթայանը։ Հայրը նրան դպրոցում չի դասավանդել, բայց ամենախիստը մանկավարժը հենց տանն էր։
«ՄԵնք միշտ առաջնորդվել ենք հորս պատգամներով․ այն է լինել ճշտապահ, հայրենասեր մարդ»։
Միջոցառման ներկաներից յուրաքանչյուրը հիշողությունների հաստափոր գրքով էր եկել․ հասցրել են ընդամենը մի քանի էջի ծանոթանացնել։