Նոյեմբերի 21, 2024

Ո՞ր ուսանողներն են օգտվելու վարձավճարի փոխհատուցման ծրագրից

By Ասպրամ Ավանեսյան Հունվարի 17, 2022

Բակալավրի առկա ուսուցման համակարգում սովորողների ուսման վարձերը 100 տոկոսի չափով կփոխհատուցվեն՝ մի քանի բացառություններով։ Որոշումը վերաբերում է Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարաններին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանն է պարզաբանում․ 

«Ծրագրի շահառու չեն այն ուսանողները, ովքեր հեռացվել կամ ազատվել են տվյալ բուհից ու նորից վերականգնվել են, տեղափոխվել են այլ ուսումնական հաստատություն, հաջորդ կիսամյակ են տեղափոխվել անբավարար գնահատականներով (կրեդիտներով սահմանված պարտքեր նախորդ կիսամյակներից) և այն ուսանողները, որոնք ստանում են 2-րդ մասնագիտությունը»։

 Մեխանիզմը նույնն է նաև Արցախի քոլեջների համար։ 

«Փոխհատուցում ստանալու են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քոլեջի սովորողները, Սայաթ-Նովա երաժշտական քոլեջի և Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջի առաջինից երրորդ կամ չորրորդ կուրսի ուսանողները»։

 Նախորդ տարի պատերազմի հետևանքով պայմանավորված փոխհատուցվել էր հանրապետությունում գործող պետական և ոչ պետական բուհերում սովորող յուրաքանչյուր ուսանողի ուսման վարձը․ այս տարի կարգը հստակեցվել է՝ ասում է զրուցակիցս։ 

«Հաշվի առնելով հետպատերազմական ծանր իրավիճակը նախարարությունը ուսման վարձավճարի փոխհատուցման ծրագիրը մտցրել ենք նաև հեռակա ուսուցման համակարգ։ Այն տեղահանված ուսանողները, ովքեր սովորում են ԱՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա համակարգում, ստանալու են փոխհատուցում ուսման վարձավճարի 50 տոկոսի չափով։ 1-ին պատերազմում զոհվածների հարազատների համար վարձավճարի փոխհատուցում չէր նախատեսվում, բայց այս տարի կփոխհատուցվեն ուսման վճարի 50 տոկոսի չափով»։

 Կփոխհատուցվեն նաև Արցախի ոչ պետական բուհերի 1-ին և 2-րդ կուրսերում սովորող ուսանողների  վարձավճարները։ Այս բուհերի 3-րդ և 4-րդ կուրսում սովորող տեղահանված ուսանողները նույնպես կօգտվեն ուսման վարձի 100 տոկոսով փոխհատուցման ծրագրից։ Մեսրոպ Մաշտոց համալսարանի ՈՒԽ փոխնախագահ Էռնա Սողոմոնյանն է մեկնաբանում․ 

«Այս որոշման մասին կարծիքս դրական չէ, Արցախում ապրող բոլոր ուսանողները պետք է հավասար իրավունքներ ու հնարավորություններ ունենան։ Իմ կարծիքով՝ ճիշտ չէ, որ մասնավոր համալսարաններում վարձավճարը փոխհատուցում են միայն 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողների համար, իսկ պետական համալսարաններում առկա բաժնում սովորող բոլոր ուսանողների վարձավճարները փոխհատուցվում են։ Ի՞նչ կապ ունի՝ ուսանողը մասնավոր համալսարանում է սովորում, թե պետական»։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ընդունված որոշման շահառուներ են հանդիսանում նաև 2020-21 և 2021-22 ուս. տարիներում ՀՀ-ում նպատակային տեղերով ընդունված այն ուսանողները, որոնք ընդգրկվել են վճարովի ուսուցման համակարգում և հավաքել են միասնական քննությունների դրական գնահատականի 75 տոկոսը։ 

«Վարձավճարի փոխհատուցման ծրագրից օգտվելու են նաև Հայաստանի Հանրապետության բուհերում սովորող այն ուսանողները, որոնք ընտրել են այնպիսի մասնագիտություն, որը բացակայում էր Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտությունների ցանկում»։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ վարձավճարների նշված բոլոր փոխհատուցումներն իրականացվելու են Արցախի պետական բյուջեով։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ