Նոյեմբերի 21, 2024

Արցախը միջազգային կրթական հարթակ դուրս գալու հայտ է ներկայացնում

By Սրբուհի Վանյան Հունվարի 21, 2022

Օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ այս տարի ռազմավարական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ են մեկնարկելու կրթության ոլորտում, և տարեվերջին արդեն լավ նորություններ ենք ունենալու: Լավ նորություններից մեկն այն է, որ Ստեփանակերտում կբացվի Անանիա Շիրակացի կրթահամալիրի մասնաճյուղը.

 «Սեպտեմբերին նախատեսում ենք Արցախում հիմնել «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր, որը Երևանի համանուն կրթահամալիրի մասնաճյուղն է և իրենց ուղիղ կառավարման տակ է լինելու: Իրենց ամբողջ կրթական ծրագիրը, որը միջազգային բակալավրիատի մաս է, բերելու ենք Արցախ»:

 Նորությունը մեզ տարավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի մոտ: 

««Անանաիա Շիրակացու» հետ մեր բարեկամությունը սկսել է 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ես տեղեկացա, որ այնտեղ շատ երեխաներ ունենք: Մոտ 80 երեխա էր սովորում այնտեղ պատերազմի ժամանակ»:

 «Անանիա Շիրակացի»-ն միջազգային դպրոց է, ունի նախադպրոցական, տարրական, միջին և ավագ օղակներ: Փորձը ցույց է տվել, որ կրթահամալիրի սաները, առանց կրկնուսույցների հետ լրացուցիչ պարապմունքների, կարողանում են աշխարհի հեղինակավոր բուհերի ուսանողներ դառնալ: Լուսինե Ղարախանյանը տեղեկացրեց, որ վերջերս նախարարությունը հուշագիր է կնքել ճեմարանի ղեկավարության հետ. արդյունքում՝ 7 երեխա Արցախից այնտեղ կրթություն են ստանում պետպատվերի շրջանակում: Ստեփանակերտում բացվող Անանիա Շիրակացի դպրոցում ուսում կստանան 200-ից 220 աշակերտ: 

«Այսինքն, դասարանն այնտեղ չի կարող ունենալ 25-35 աշակերտ, ինչը հակասում է ընդունված նորմերին, բայց ինչը մենք ստիպված անում ենք դասարանների սակավության պատճառով: Կրթաօջախը լինելու է մրցունակ կրթական կառույց: Ինչո՞ւ եմ շահագրգռված, որ անպայման կյանքի կոչեմ այս ծրագիրը, որովհետև դա լինելու է միջազգային դպրոց, և մենք վաղուց ձգտում ենք կրթական ճիշտ արդյունքի միջոցով մտնել միջազգային դաշտ»:

 Լուսինե Ղարախանյանի կարծիքով՝ այս նախաձեռնությունը մեր հայրենիքի արցախյան հատվածը միջազգային հարթակում ներկայացնելու, տեսանելի դարձնելու և աշխարհի գիտակրթական միջավայրում մեր հաստատուն տեղը զբաղեցնելու հրաշալի հնարավորություն է: 

«Այնպես ենք անելու, որ միջազգային փորձագետները գան Արցախ և միջազգային հավատարմագրեր հանձնեն: Սա լինելու է հանրակրթական դպրոց, որը ստանալու է միջազգային կարգի հավատարմագիր»:

 Բավարար ռեսուրսներ, այդ թվում և ֆինանսական, նախաձեռնության մեկնարկի համար կան: Նախարարը նշեց, որ պետական բյուջեով 180 մլն դրամ արդեն հատկացվել է: Նախատեսվել են և՛ աշխատավարձերը՝ թվով 16 ուսուցչի համար, և՛ դպրոցի նյութատեխնիկական հագեցվածությունը, և՛ բոլոր մյուս հարցերը: Մարդկային ռեսուրսի հետ խնդիրներ ևս չկան: 

«Պատերազմի ընթացքում այն դիտարկումները, որ արել ենք, թե ինչպես է սովորել մեր աշակերտական համակազմը Հայաստանի դպրոցներում, ցույց են տվել, որ շատ մեծ արձագանքներ են եղել: Ոչ միայն ինքնակազմակերպվածության, այլ նաև ինտելեկտուալ մակարդակի մասին է խոսքը: Անցյալ տարի, պատերազմից անմիջապես հետո համաշխարհային առարկայական օլիմպիադայից ունեցել ենք արծաթե մեդալ՝ կենսաբանություն առարկայից, քիմիա առարկայից մեր թիմը հաղթել է Հայաստանի թիմին օլիմպիադայում, որին մասնակցել են միջազգային և ՀՀ դպրոցների՝ քիմիայից լավագույն արդյունքներ գրանցած աշակերտներ: Բայց ճեմարանի բացումը վերջին հաշվով միջազգային կրթական հարթակ դուրս գալու նպատակ ունի»:

 Իսկ անելու համար պետք է օգտագործվեն բոլոր սողանցքները. մեր պայքարը պիտի ագրեսիվ լինի բառի դրական իմաստով, քանի որ գիտելիքը միակ գործիքն է, որը ճիշտ կիրառման դեպքում գործոնի է վերածվում՝ համոզված է նախարարը: Լուսինե Ղարախանյանը նշում է, որ դպրոցում աշխատելու համար մրցույթի են հրավիրելու լավագույն մասնագետներին՝ փորձելով ընդգրկել նաև տեղահանված շրջաններից ուսուցիչներին:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ