«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի կազմակերպած վեբ ծրագրավորման ամենափոքր մասնակիցը 15-ամյա Լևոն Մեժլումյանն է։ Ծրագրավորմամբ հետաքրքվում է արդեն 3 տարի։ Այսօր ամփոփում է, թե վերջին ամիսներին ի՞նչ է սովորել։
«Այս դասընթացին ծանոթացա HTML, CSS, Boosrap, JavaScript Track JS ծրագրերին: Այսինքն արդեն տիրապետում եմ հիմնական ոլորտին, որի շնորհիվ կարող ենք նոր ծրագրեր ստեղծել»։
Հիմնադրամի Բարձր տեխնոլոգիաների բաժնի պետ Արարատ Բաբայանի համոզմամբ տնտեսության զարգացումը պայմանավորված է ՏՏ ոլորտի զարգացմամբ։ Այն դիմորդները, որոնք այսօր վկայականներ են ստացել, կապահովվեն նաև աշխատանքով։
«IT ոլորտի գործատուները և տեղական շուկայում «AWIS group» ՍՊԸ-ն հետաքրքրված են մեր շրջանավարտներով, լավագույններին պատրաստ են ընդգրկել իրենց թիմերում։ Հիմնադրամն էլ շահագրգռված է նրանց գրասենյակային պայմաններով ապահովելուն»:
Հիմնադրամը սեպտեմբեր ամսին կայքէջում տեղադրել է հայտերի ընդունման մասին մասին հայտարարություն։10 օրվա ընթացքում արդեն 60 դիմորդ ունեին։ Բարձր տեխնոլոգիաների ավագ մասնագետ Միլենա Ավագիմյանն ասում է՝ սա փաստում է այն մասին, որ Արցախում վեբ ծրագրավորմամբ շատերն են հետաքրքրված։
« «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված առաջին անվճար դասընթացն է: Մասնակիցները տարբեր մասնագիտություններ ունեցող և դեռևս մասնագիտություն չունեցող անձինք են, որոնք իրենց պատկերացնում են ՏՏ ոլորտում»։
Պահանջարկից ելնելով Հիմնադրամում որոշել են ծրագիրը շարունակական դարձնել: Միլենա Ավագիմյանի խոսքով՝ շուտով կմեկնարկի նոր հայտերի ընդունումը։