Նոյեմբերի 22, 2024

Մարտակերտում Թումո տուփ է բացվել

By Անի Աբաղյան Փետրվարի 10, 2022

   Արցախում առաջին անգամ Թումո տուփ է բացվել: Այն    գործելու է  Մարտակերտի   համար 1  դպրոցի բակում:  Թումոյի ընդլայնումը կենտրոնի առաջնահերթություններից է: Սա առաջին քայլն է այդ ուղղությամբ՝ ասում է Թումոյի հանրության հետ կապերի բաժնի ղեկավար  Զարինե  Բուդաղյանը:    

«ՄԵնք կարևորում ենք Արցախում Թումո  կենտրոնի ընդլայնումը: ՄԵծ ցանկություն ունենք Թումո տուփեր բացել նաև Մարտունու և Ասկերանի շրջաններում: Ֆինանսավորում ստանալու դեպքում միանգամից կանցնենք աշխատանքի»:

   Թումոյում   առաջին քայլերն անողներին   օգնելու և  գիտելիքներով  կիսվելու  են եկել  Թումոյի   շրջանավարտները: Հայկ Մաճկալյանը  բացատրում, իսկ  Մարատն ուշադրությամբ հետևում է՝ թե ինչպես է աշխատում  ռոբոտը:    

 «Ռոբոտի հետ աշխատելու համար պետք է իմանանք՝ թե ինչի համար է ռոբոտը: Այն օգտագործում ենք մարդուն օգնելու նպատակով: Ռոբոտը կառավարվում է հատուկ ծրագրով, որը կազմում ենք համակարգչով»:

 Մարտակերտի Թումո տուփում ուսանողները կսովորեն ինքնուրույն աշխատել, իսկ գործնական պարապմունքները կանցնեն    Ստեփանակերտի Թումո կենտրոնում՝ ասում է Զառա Բուդաղյանը:  Կարևոր է, որ հեռավորությունը չխանգարի որակյալ կրթություն ստանալուն:     

«Մենք տուփերի միջոցով Թումոն հասցնում ենք համայնքներ, որպեսզի երեխաները ստիպված չլինեն, օրինակ,  2.5 ժամ ճանապարհ անցնել ու հասնել Ստեփանակերտ: Թումոն ուսուցումն իրականացնում է երկու փուլով՝ ինքնուսուցում և գործնական պարապմունքներ: Ինքնուսուցման փուլը երեխաները կանցնեն տեղում: Ստեփանակերտ կգան միայն գործնականի համար»:

 Տուփը կարող է շաբաթական ընդունել  320 աշակերտի: Դասընթացներին կարող են մասնակցել 12-ից 18 տարեկան յուրաքանչյուրը: Մարզիչները տեղացի թումոյականներ են, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ:  Թումո կենտրոնի տնօրեն Մարիլու Փափազյանի խոսքով՝ այս տարի նախատեսում են նման տուփեր  ունենալ նաև Մարտունու և Ասկերանի շրջաններում: 

«Ուսումնասիրվում է 14 ոլորտ՝ տեխնոլոգիաներից մինչև դիզայներական: Երեխաները խոր գիտելիքներ կստանան և հնարավորություն կունենան ընտրել իրենց ապագա մասնագիտությունը՝ ծրագրավորողից մինչև գրաֆիկ դիզայն ու անիմացիա»:

 Թումո տուփի   բացման արարողությանը ներկա էին  ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն  ու   պետական նախարար Արտակ Բեգլարյանը:  Պետնախարարը լավ գիտի Թումոյի արժեքը: Այդ պատճառով էլ նրա ակնկալիքներն այս նախաձեռնությունից հիմնավոր են:  

«Հատկապես պատերազմից հետո և հատկապես շրջաններում պետք է նման լուսավոր և ապագային միտված կրթական նախագծեր իրականացնենք: Ես հավատում եմ Թումոյի առավելություններին, Թումոյի ներուժին: Համոզված եմ, որ շուտով մենք փոփոխություն ենք տեսնելու երեխաների աչքերում, երեխաների վարքի մեջ»: 

  Մարիլու Փափազյանի խոսքով՝  առաջիկայում հնարավոր է  Մարտակերտում  տեղադրվի  երկրորդ տուփը՝ գործնական պարապմունքները ևս տեղում կազմակերպելու համար:   

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 11 Փետրվարի 2022 09:57
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ