Նոյեմբերի 21, 2024

Ինչպե՞ս կլուծվի Խերխանի դպրոցի հարցը․ գյուղն ընդդեմ ՏԿԵ նախարարության

By Վիկտորյա Սարգսյան Փետրվարի 12, 2022
Խերխանի հիմնական դպրոցի լուծարման հարցի մասին, համայնքի ղեկավարը տեղեկացել է տարեսկզբին։ Շրջանի խորհրդի նիստում էր, երբ  Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հարցրեց՝ թե որ գյուղի դպրոցն է ամենահինն ու  վերանորոգման կարիք ունեցողը։ Համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանը նշեց  Խերխանի դպրոցը, որից հետո նախարարը խոսեց դպրոցի հնարավոր լուծարման մասին։ Որոշ ժամանակ անց խերխանցիներին ներկայացվեց առաջարկ, ըստ որի Խերխանի դպրոցը  լուծարվում է, իսկ աշակերտները  տեղափոխվում Հերհերի միջնակարգ դպրոց։ Խերխան համայքնի ղեկավար Գրիշա Կարապետյանը մեզ հետ զրույցում ասում է, որ առաջարկը ի սկզբանե չի ընդունվել՝ թե՛ ուսուցիչների և թե՛ ծնողերի կողմից։ 
 
Հարցը ավելի ծավալվեց։ Ե՛վ երիտասարդները,  և՛ դպրոցի աշխատողները համախմբվեցին և իրենց բողոքի ձայնը բարձրացրին։ Ես ինքս էլ դեմ եմ դպրոցի փակմանը։ Դպրոցը ամենակարևորն է գյուղի համար։ 
 
 Խերխանի հիմնական դպրոցը հեռվից բնակելի տուն է հիշեցնում։ Դպրոցն ունի 4 դասասենյակ, համակարգչային սենյակ և ուսուցչանոց։ Վերանորոգման կարիք ունի։ Փոքրիկ դասասենյակները իսկապես տան սենյակների են նման։ Եվ գուցե հենց դա է պատճառներից մեկը, որ աշակերտները ուրիշ դպրոց գնալ չեն ուզում։ Ինչու՞ է առաջացել դպրոցը փակելու անհրաժեշտությունը։ Հարցի հետքերով «Արցախ» լրատվականը դիմել է ՏԵԿ նախարարություն։ Այնտեղ մեզ ուղորդեցին Մարտունու շրջանի վարչակազմ։  Քննարկվում է ոչ թե Խերխանի դպրոցի փակման հարցը, այլ այդ ենթաշրջանի համար   ծրագիր է  մշակվում,  ասում է  Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։ 
 
Մշակվում է մի ծրագիր, ըստ որի Հերհերի դպրոցը երկարօրյա դպրոցի է վերածվում, Հերհերում բացվում է մանկապարտեզ, և հարակից գյուղերի երեխաները կանոնակարգված հաճախում են  այդ դպրոցը։ Կհատկացվի նաև տրանսպորտ։ Ծովատեղի դպրոցն էլ կվերածվի տեքստիլ գործարանի, որը   հարևան գյուղերի բնակիչներին այդտեղ աշխատելու հնարավորություն կտա։
 
  Վադիմ Դանիելյանի խոսքով Հերհերում և Ծովատեղում առաջարկը ընդունվել է իսկ Խերխանում` ոչ։ Ինքն անձամբ ներկա է եղել Հայկ Խանումյանի` բնակիչների հետ հանդիպմանը։ Նրա խոսքով եղել է ոչ թե պահանջ, այլ առաջարկություն։ Այնուամենայնիվ, Խերխանի բնակիչները որոշել են հրաժարվել առաջարկից։ Դպրոցի տնօրեն Վլադիմիր Առստամյանի խոսքով՝ պատճառը գյուղի բարձրադիր ռելիեֆն է, ինչը ձմեռային շրջանում ճանապարհները վտանգավոր է դարձնում, և, իհարկե, ծնողների անհանգստությունը։ Ժասմեն Խալափյանը աշխատում է Խերխանի դպրոցում` վառարաններն է վառում։ Ամուսինը զոհվել է 44-օրյա պատերազմում։ 12 երեխաներից 5-ն այստեղ են սովորում։ 
 
Ասում են՝  երեխաները առավոտյան ժամը 8-ին կգնան, երեկոյան 6-ին կգան։ Այդքան ժամանակ ինչպես երեխաներիս բաց թողնեմ։ Ես չեմ ուզում մեր դպրոցը փակվի, գյուղն էլ դատարկվի։
 
  Խերխանի հիմնական դպրոցի մանկավարժական ու ծնողական խորհուրդների և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ԱԺ նախագահին ներկայացվել է հանրագիր՝ դպրոցի լուծարման հարցի և մի շարք խնդիրների վերլուծման, վերանայման վերաբերյալ։ Հանրագիրը կքննարկվի ԱՀ ԱԺ ԳԿՄԵՍ հարցերի մշտական հանձնաժողովում։ ԿԳՄՍ փոխնարար Միքայել Համբարձումյանի խոսքով՝ աշակերտների քանակի և մասնագետների պակասի խնդիրը համատարած է։ Եվ եթե փորձ է արվում գնալ միավորումների կամ խոշորացումների՝ դա չպետք է ինքնանպատակ արվի։ 
 
Պետք է հասկանանք՝ ինչ նպատակների են միտված այդ խոշորացումները։ Այդ ենթաշրջանում ունենք որոշակի կադրերի պակաս, բայց ոչ միայն Խերխանի դպրոցում։ Եթե խնդիրը մասնագետների պակասն է, ապա նույն բնագիտական ցիկլի մասնագետների պակասն  ունենք և Ծովատեղում,  և Հերհերում։ Հիմա խոշորացնե՞նք, թե՞ չխոշորացնենք։ Ի՞նչ է տալու սա մեզ։
 
 Խերխանի դպրոցը 16 աշակերտ, 11 ուսուցիչ և 7 ուսումնաօժանդակ աշխատող ունի։ Առարկաները մեծամասամբ մասնագետներ են դասավանդում՝ բացի բնագիտական որոշ առարկաներից։ Ըստ տնօրեն Վլադիմիր Առստամյանի, դպրոցի փակվելու դեպքում  աշխատողների մեծ մասը կմնան առանց աշխատանքի։ Շրջվարչակազմից ու նախարարությունից ստացած հավաստիացումները, թե դպրոցի ողջ անձնակազմը կապահովվի աշխատանքով, նրանց հավատ չի ներշնչում։  
 
Ասեցին, որ բոլոր ուսուցիչներին կտեղավորեն երկարօրյա դպրոցում և մանկապարտեզում։ Բայց, իհարկե, ես համոզված չեմ որ բոլոր ուսուցիչներին կհաջողվի տեղավորել։ Ծովատեղում էլ կան շատ ուսուցիչներ՝ շուրջ 15 հոգի։ Հազիվ կհաջողվի նրանց տեղավորել, իսկ մեր ուսուցիչները կմնան առանց աշխատանքի։
 
  Խերխան համայնքի ղեկավարը և ուսուցչական կոլեկտիվը հանդիպում են ունեցել ԱԺ պատգամավորների և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ։ Բարձրացված բոլոր խնդիրները քննարկվել են։ Խերխանի համայնքապետը հրավիրել է նրանց՝ տեղում ծանոթանալու դպրոցի պայմաններին։ Իսկ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանի խոսքով խերխանցիներին մինչև հունիս ժամանակ է տրվել։ Խոստացել են հաշվի նստել իրենց հետ։ Եթե գյուղում  այդպես էլ չհամձայնեն առաջարկին՝ դպրոցը չի փակվի։ Այն պարզապես չի միանա այդ ենթաշրջանի համար մշակվող  նոր ծրագրին։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 12 Փետրվարի 2022 20:10
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ