Ստեփանակերտում բացված «Արմաթն օդում» աշխատանոցում տղաներն ու աղջիկները հավաքվել են ինքնաթիռի կառուցվածքի մասերի շուրջ: Երբ «Արմաթն օդում» ծրագրի համակարգող Խաչատուր Թադևոսյանը նրանց ծանոթացնում էր սարքավորումների հետ և բացատրում, թե ինչպես պետք է աշխատել, նրանցից ոմանք հետ էին քաշվում, ոմանք էլ զարմացած աչքերով էլ ավելի էին առաջ գալիս:
«Այս մոդելը, որ դրված է սեղանին պատրաստված է բազալտից: Եթե կողքի մոդելը կարող է 1-1,5 կգ ծանրություն պահել, ապա այս մեկը՝ 10 կգ»:
«Արմաթն օդում» աշխատանոցում սովորողներն իրենց գիտելիքը կարող են կիրառել ռազմական, գյուղատնտեսության ու բնապահպանության ոլորտներում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում՝ ասում է «Առաջատար տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը:
«Մենք մեծ ապագա ենք տեսնում այս ուղղության մեջ, որովհետև ոլորտն ունի զարգացման հսկայական պոտենցիալ ու պահանջարկ ամբողջ աշխարհում: Նախորդ տարիների «Արմաթ» լաբորատորիաների աշխատանքը նպաստել է, որպեսզի այսօր գնանք ավելի ճշգրիտ, ավելի բարդ տեխնոլոգիաների ուսուցման:Հիմնականում ուսուցումն իրականացվելու է ավագ դպրոցում»:
Դասընթացները նպատակին ծառայեցնելու համար առաջին պայմանը լավ ուսուցիչ ունենալն է ,-ասում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը: Այս առումով աշխատանոցը խնդիր չունի: Աշակերտների խմբավարը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Պատարա գյուղ եկած ուսուցիչ Արծրուն Արշակյանն է:
«Իհարկե, շատ կարևոր է խմբավարի դերն այստեղ և մեր առաջընթացը նաև նրանից է կախված: Դրա համար նախքան խմբավար ընտրելը մենք հարցազրույցներ ենք վարել, հետո եռամսյա դասընթացներ կազմակերպել այդ թվում՝ դաշտային վարժանքներ: Այնուհետև, քննություն հանձնելուց հետո ընտրել ենք խմբավար: Այստեղ մեր խմբավարը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Արցախ եկած Արծրուն Արշակյանն է, որ դասընթացի ավարտից հետո էլ որոշել է այստեղ ապրել»:
Սեդրակ Վարդանյանի խոսքով ամռանը նախատեսում են առաջին անգամ «Արմաթն օդում» ծրագրի շրջանակներում ԱԹՍ տեխնոլոգիական ճամբար կազմակերպել, որին կմասնակցեն ավելի քան 10 թիմեր, այդ թվում նաև Արցախի թիմը: