Նոյեմբերի 23, 2024

Բաքվի անպատժելիության հետևանքները մինչև այսօր զգացվում են

By Մարգարիտա Ղուշունց Փետրվարի 26, 2022
Բաքվի անպատժելիության հետևանքները մինչև այսօր զգացվում են Artsakhpress
Ցեղասպան քաղաքականության հիմքի վրա ստեղծված արհեստածին պետություն Ադրբեջանը տարիներ շարունակ հայատայաց քաղաքականություն է վարում: Դրա վառ ապացույցը Սումգայիթում կազմակերպված հայերի ջարդերն են և մինչև այսօր շարունակվող պատերազմները։ Մեսրոպ Մաշտոց համալսարանում կազմակերպված «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» խորագրով ասուլիսի նախաձեռնողներից Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի խոսքով՝  Ադրբեջանի կողմից պետական մակարդակով կազմակերպվածն առաջին հերթին ցեղասպանություն է, որը մինչև հիմա միջազգային հանրության կողմից ոչ քաղաքական և ոչ էլ  իրավական գնահատականի չի արժանացել․
 
«Գնահատական չտալու պատճառով էլ ձևավորվել է անպատժելիության մթնոլորտ, որը հիմք է տվել Ադրբեջանին նոր ռազմական հանցագործություններ իրականացնելու համար։ Դրա հետևանքին մենք ականատես ենք եղել 2016 թվականի պատերազմի ժամանակ, 2020 թվականի Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմագործողությունների ընթացքում։  Առհասարակ,  Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում էր հենց քաղաքացիական ենթակառուցվածքները և սոցիալական նշանակության կառույցները»։ 
 
Կարևոր է,որ Սումգայիթյան ցեղասպանության մասին ոչ միայն խոսվի Սումգայիթի ցեղասպանության նախօրեին, այլ միշտ։Պարզապես պետք է այդ օրինակով աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանը մինչ այսօր չի փոխել քաղաքականությունը․ 
 
«Տարին 12 ամիս պետք է աշխատանքներ տարվեն Սումգայիթյան ցեղասպանության ճանաչման համար։ Եվ Քանի դեռ Ադրբեջանի կողմից իրականացված ցանկացած ցեղասպանություն դատապարտված չէ, մեղավորները չեն կրել իրենց պատիժը։ Նման հանցագործությունները կրկնվելու են աշխարհի ցանկացած երկրում»։
 
 Ադրբեջանի նպատակը Արցախի յուրացումն է և դրա համար կիրառվում են տարբեր գործիքներ։ Առաջինը չկա մարդ, չկա նրա հետքը և հավակնությունները այդ տարածքի նկատմամբ։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը միտված է էթնոսի վերացմանը։ Դա են վկայում նաև Ադրբեջանի կողմից հայական մշակութային կոթողների վերացման, հայկական մշակույթը աղվանականի  փոխակերպելուն միտված աշխատաքները։ Եթե Սումգայիթի, Բաքվի և Ադրբեջանի կողմից այլ վայրերում հայերի կոտորածների մասին միջազգային համապատասխան կառույցներին հասել են ոչ պատշաճ փաստագրված նյութեր, ապա 2020 թվականին տեղի ունեցած ցեղասապանական գործողությունների վերաբերյալ ամբողջական փաստահավաք աշխատանքներ են իրականացվել և ներկայացվել ՀՀ և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների կառույցների և հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով ներկայացված զեկույցներին միջազգային կառույցներն արձագանքում են բանաձևերի տեսքով․ 
 
«Այսօր այդ հարցերը քննվում են նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում: Եթե առաջինի դեպքում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու որոշման կայացման համար երկար  տարիներ են պահանջվում, ապա Արդարադատության միջազգային դատարանում որոշումը  կայացվելու է ավելի շուտ։ Չնայած դատարանների կողմից կայացրած վճիռներին Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը»։ 
 
Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից սրբավայրերի, եկեղեցիների,գերեզմանատների պղծման, հիմնովին վերացման դեպքերի վերաբերյալ բավականին մեծ ինֆորմատիվ զեկույց է պատրաստվել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամերիկայի հայ իրավաբանների միության համատեղ ջանքերի շնորհիվ։ Զեկույցն   արդեն շրջանառվում է միջազգային կազմակերպություններում։
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ