Նոյեմբերի 23, 2024

Հերթական սադրա՞նք, թե՞ պատերազմի երկրորդ ճակատ ՌԴ դեմ

By Սրբուհի Վանյան Մարտի 10, 2022

-Պարոն Հովհաննիսյան, Արցախում նորից անհանգիստ է։ Ադրբեջանական կողմը շարունակում է սադրանքները․ Հանրապետությունը սնուցող գազատարը վնասված է, բնակավայրերի ուղղությամբ խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են հնչում, կա վիրավոր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը ռուս ուկրաինական հակամարտության ֆոնին։ 

-Ավելի շատ հակված էինք մտածելու, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Արցախում ավելի հանգիստ պիտի լիներ։ Բայց Ռուսաստանի կողմի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղից հումանիտար օգնություն է ուղարկվել Ուկրաինա, կարծես գազազացրել է թշնամուն, և նա փորձում է  ցույց տալ, թե  2020 թվականի նոյեմբերի 10-ի փաստաթղթով, այնուամենայնիվ,  ինքն է իրադրության տերը, ինքն է որոշելու թե ով պետք է ապրի այնտեղ և ինչպես։   Իսկ փաստերը ցույց են տալիս, որ երկու տարվա ընթացքում ինքը իրավիճակի տերը չի դարձել։ Այս ամենը ես կապում եմ ԼՂՀ կողմից Ուկրաինա ուղարկված հումանիտար օգնություն ուղարկելու հայտարարության հետ։ Իմ կարծիքով՝  մարտահրավերները, որ այսօր կան Արցախի առջև, լինելու են այն հիմնաքարերը, ըստ որի առաջնորդվելու են հետագա գործընթացներում։ 

- Հնարավո՞ր է, որ սա վերածվի երկրորդ ճակատի՝ ՌԴ համար։ Եթե ոչ՝ ի՞նչ են նշանակում Ադրբեջանի գործողությունները ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության պայմաններում։ 

- Իրականում Արցախի Հանրապետության անվտանգային երաշխավորն, ըստ էության, ռուսական խաղաղապահներն են, և սա ոչ թե հարված է Արցախի կամ նրա բնակչության դեմ, այլ հենց Ռուսաստանի։ Ես չեմ կարծում, թե  բանը կհասնի նրան, որ երկրորդ ճակատ բացվի։  Բայց չեմ բացառում, որ կլինեն շատ կոշտ արձագանքներ։    Նույնիսկ չի բացառվում, որ եթե պայմանվորվածություններ ձեռք չբերվեն, ապա պաշտոնական Կրեմլից կլինեն որոշակի հայտարարություններ, որոնք հնարավոր է հանդես գան Ադրբեջանի համար զսպող մեխանիզմների դերում։ Բայց միևնույն ժամանակ միանշանակորեն չի կարելի բացառել երկրորդ ճակատի բացումը։ Չեմ կարծում թե Արցախից կլինի այն։ Հավանականությունը շատ ավելի մեծ է Սյունիքի մարզից։ Այս պահի դրությամբ երկրորդ ճակատի բացման հավանականությունը շատ փոքր է։ 

-Իսկ  ռուս-ադրբեջանական՝  դաշնակցային հարաբերությունների մասին վերջերս  ստորագրված հռչակագիրն ու նման սադրանքները, փաստորեն՝ Ռուսաստանի դեմ, որքանո՞վ են համատեղելի կամ ընկալելի։ Եվ արդյոք, այս գործողությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի խախտում չէ՞։ 

- Միանշանակ այդ պայմանվորվածությունների խախտում է, բայց նաև սա, ըստ էության, ռուս-ուկրաինական պատերազմից մեկ օր առաջ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված 43 կետանոց այդ հռչակագրի խախտում է։ Եվ այդ խախտումն ադրբեջանական կողմինն է։ Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում․ մի կողմից Ադրբեջանը փորձ է կատարում սիրաշահել Ռուսաստանին, կնքում է դաշնակցային հռչակագիր, մյուս կողմից փորձ է անում ձեռքից բաց չթողնել Թուրքիային, կատարել նրան հաճելի գործողություններ, տվյալ դեպքում՝ Արցախում։ Այսինքն Ադրբեջանը երկակի խաղ է սկսել խաղալ, որն իր համար վտանգավոր է։ Իհարկե, դա նաև մեզ համար է վտանգավոր, առաջին հերթին ֆիզիկական վտանգի առումով, քանի որ այս հողում մենք ենք ապրում, բայց այս սադրանքներն առաջին հերթին ուղղված են Ռուսաստանի դեմ, և գլոբալ առումով վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ