Ռուս-ադրբեջանական հռետորաբանությունը կոշտ երանգներ է ստանում: Ռուսաստանը նախ զգուշացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ին մարտի 24-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտության մասին, ապա ազդարարել դուրսբերման մասին: Դրան հետևել է ադրբեջանի հերքումը` բավականին կոշտ շեշտադրումներով։ Ի՞նչ է սա նշանակում։
«Սա նշանակում է, որ որոշակի տարըմբռնում կա ռուս-ադրբեջանական հայտարարություններում: Բաքուն փորձում է օգտվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, որպեսզի առավելագույնս առաջ մղի իր մաքսիմալիստական օրակարգը: Բնականաբար դա ռուս խաղաղապահների օրակարգի մեջ չի մտնում: Ռուսական կողմը վերջին երկու օրերին կարևոր հայտարարություններով հանդես եկավ՝ մի քանի կարևոր արձանագրումներով: Առաջին՝ կա Լեռնային Ղարաբաղ միավոր: Չենք քննարկում կարգավիճակի հարցը, պարզապես կա Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավոր: Իրենք արձանագրում են նաև, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կա շփման գիծ: Եվ երրորդ՝ իրենք ֆիքսում են, որ կա տարածք, որը գտնվում է ռուս խաղաղապահների մանդատի ներքո և առաջին անգամ 44-օրյա պատերազմից հետո արձանագրում են, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Ի դեպ, նույն արձանագրումը կատարվել է նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից: Այս իմաստով կարող ենք ասել, որ միջազգային օրակարգ ձևավորվեց, որը դատապարտեց Ադրբեջանի վերջին օրերի գործողությունները: Ես կարծում եմ՝ Ադրբեջանը, այնուամենայնիվ, կարմիր գծերը չի հատի և առաջիկա օրերին բանակցությունների միջոցով կհեռանա Քարագլխի իր զբաղեցրած տարածքից»:
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Զաքիր Հասանովը հանձնարարել է ցանկացած պահի պատրաստ լինել գործի դնել ժամանակակից սպառազինությունը։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր ստեղծված իրավիճակում։
«Դա ավելի շատ ես համարում եմ քարոզչական բնույթի հայտարարություն, կամ հայտարարություն, որը բնորոշ է որևէ երկրի պաշտպանության նախարարին: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ Ադրբեջանը կգիտակցի, որ մաքսիմալիստական օրակարգով հազիվ թե կարողանա մեծ հաջողությունների հասնել: Չեմ կարծում, որ նա այդքան կհատի կարմիր գիծը, իսկ այս պահին այստեղ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների սկսումը Ռուսաստանում հենց այդպես կհամարեն: Հետևաբար ես կարծում եմ, որ փոքր սադրանքներ էլի տեղի կունենան, գազային ճնշումը կբանեցվի և այլն: Սողացող պատերազմը կշարունակվի, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր: Սա անխուսափելի է: Բայց ես կարծում եմ, որ ի վերջո կողմերը հանգելու են նրան, որ խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով»:
Որքանո՞վ է հավանական քաղաքական առևտուրը` հայկական շահի հաշվին, երբ նժարին նաև ՌԴ գերտերություն հեղինակության հարցն է դրված։
«Կա նման ռիսկ, իհարկե: Որովհետև եթե Ռուսաստանը չունենա այլ ռեսուրս ազդելու մեր տարածաշրջանի գործընթացների վրա, Ադրբեջանի լոյալությունը ունենալու համար կարող է ունենալ նման պայմանավորվածություն: Բայց վերջին երկու օրերի նրանց ՊՆ և ԱԳՆ հրապարակային արձագանքները հիմք են տալիս եզրակացնելու, որ այս պահին գոնե նման մտավախություն չկա»: