Խաղաղության մասին անընդհատ խոսելով խաղաղությանը չես մոտենա: Վերջին շրջանում քննարկվող ու երբեմն նաև շահարկվող խաղաղության մասին պայմանագրի կնքումն այնքան էլ մոտ չէ, որքան թվում է: Քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ոչ կարճաժամկետ և ոչ էլ երկարաժամկետ հեռանկարում նման փաստաղթի ստորագրումը հավանական չէ: Բացի այդ, խաղաղությունը, փաստաթղթով չէ, որ հաստատվում է:
«Պայմանագրի ստորագրման մասին այս պահին չի կարող խոսք գնալ, դա բոլոր կողմերն էլ հասկանում են: Խոսքը ինչ- որ գործընթացի սկսելու մասին է: Ըստ էության, հակամարտությունները պայմանագրով չեն լուծվում, չի կորղ ուղղակի փաստաթղթով հակամարտությանը վերջ դրվել կամ խնդիրը կորչել, եթե կողմերից մեկը, օրինակ Ադրբեջանը, շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը և ոչ մի կերպ չի թաքցնում, որ ինքը չի հրաժարվելու դրանից: Ընդհուպ, մինչև նոր տարածքների օկուպացում»:
Երեկ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ-ում իրավիճակը գնահատեց խիստ լարված, Ադրբեջանի կողմից նոր հարձակումը՝ հնարավոր: Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը իրավիճակի լարվածությունը դիտարկում է ավելի լայն մասշտաբով:
«Եթե իրավիճակը լարված է և եթե տեսնում ենք, որ լարված է շատ ավելի լայն մասշտաբով, քան մեր տարածաշրջանի կամ Արցախի հարցի շուրջ միայն, ապա այստեղ կարևոր է դիվանագիտական լուրջ ջանքերի գործադրումը՝ հնարավոր պատերազմը հեռացնելու և Ադրբեջանի նկրտումները զսպելու համար: ԱԽ նիստի և դրա արդյունքում արված հայտարարությունը հակված եմ դիտարկել այս համատեքստում: Նաև այն առումով, որ մենք տեսնում ենք, որ որոշակի իրավիճակներում ՌԴ-ի խաղաղապահ առաքելության գործունեությունը չի տալիս այն արդյունքը, որն ակնկալում ենք, որն ակնկալվում է արցախյան հարցում ռուսական մանդատի առկայությունից: Ըստ այդմ կարևոր է զսպման մեխանիզմների բազմազանություն ապահովելը»:
Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային զսպիչ մեխանիզմների գործադրման մասին հայտարարությունը փորձագետը հենց այս տիրույթում է դիտարկում: Բայց, նրա կարծիքով, նախ պետք է հասկանալ, թե միաջազգային ինչ մեխանիզմների մասին է խոսքը՝ ՄԱԿ ԱԽ-ի, թե՞ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության:
«Երևանի նախաձեռնությունը դիտարկում եմ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխուժացման փորձի համատեքստում: Հաշվի առնելով, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է խոչընդոտել արցախյան թեմայի առանցքով աշխուժացմանը: Մենք տեսնում ենք, որ օրինակ ամիսներ շարունակ Բաքուն փորձում է խոչընդոտել համանախագահների այցը տարածաշրջան, որը նախատեսվում էր դեռևս 2021-ի աշնանը: Որևէ կերպ չեմ պատկերացնում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակացություն, որից դուրս է մնում Արցախի հարցը»:
Միջազգային խաղացողների ներկայությունը սահմանափակում է թուրք-ադրբեջանական տանդեմի մանրևելու հնարավորությունը: Հենց այս տեսանկյունից է կարևոր ԵԱՀԿ ՄԽ ակտիվացումը: Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ.
«Ցանկացած պարագայում, որքան շատ միջազգային խաղացողներ լինեն ներգրավված, այնքան հեշտ կլինի զսպել Ադրբեջանի ագրեսիան: Մենք բոլորս պարզ հասկանում ենք, որ Ադրբեջանն իր պատասխաններով օրինակ ՌԴ ՊՆ նախարարնությանը, չի հենվում իր սեփական ունակությունների ու հնարավորությունների վրա: Այլ հենվում է Թուրքիայի ակնհայտ, բավական լուրջ քաղաքական, և ոչ միայն քաղաքական, աջակցության վրա: Հակառակ պարագայում, բարդ է պատկերացել, որ Ադրբեջանը քննադատական հայտարարություններ հրապարակեր ՌԴ հասցեին»:
Ամեն դեպքում Ադրբեջանի նպատակը նույնն է մնում՝ հայաթափել Արցախը: Այսօր դրան խանգարող երեք հանգամանք կա. Արցախում հայկական բնակչությունը, Արցախի ԶՈՒ և ռուս խաղախապահների գործոնը: