Նոյեմբերի 23, 2024

Հանրային մտահոգություններ և պարզաբանումներ

By Սրբուհի Վանյան Ապրիլի 02, 2022

Ի՞նչ է բանակցվելու առաջիկա Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Արդյո՞ք, ճակատագրական  որոշումներ են կայացվելու կամ նախապատրաստվելու այդ հանդիպման ընթացքում։ Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական ագրեսիան, որ դրսևորվում է այս օրերին, և ի՞նչ է լինելու արցախցիների հետ, որոնք ռուս խաղաղապահների անվտանգային երաշխիքներով ապրում են այստեղ։ Եվ վերջապես, ի՞նչ է լինելու Արցախի հետ, որ 30 տարի պայքարել է իր հայկական ապագայի համար՝ այդ ապագայի համար չխնայելով ամենանվիրականը։ Այս հարցերն են, որ այսօր հուզում են  շարքային քաղաքացուն։ Եվ հենց այս հարցերի պատասխաններն են, որ փորձեցինք ստանալ ԱԺ պատգամավորներից։  Ադրբեջանի քաղաքականության ու դիրքորոշման մեջ նոր և զարմանալի ոչինչ չկա։ Այն է հայկական տարածքների հայաթափում, տարածաշրջանից հայկական գործոնի չեզոքացում, և դրան գնում է ցանկացած միջոցներով։   Արցախի ապագան չի կարող հայկական չլինել։ Այս հարցում միակարծիք են բոլորը։ Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար   Արթուր Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ, որ Ղարաբաղյան հարցը լուծված է։ Իրողություններն իհարկե այլ են, և այդ իրողությունները պետք է ճիշտ ներկայացվեն արտաքին աշխարհին։ Միակ լուծումը,  Արթուր Հարությունյանի կարծիքով, Մինսկի խմբի՝ միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափով բանակցությունների վերսկսումն է։ 

«Միայն  այդ միջազգայնորեն ճանաչված ձևաչափով պետք է բանակցությունները վերսկսել և տալ խաղաղ կարգավորում»։ 

 Արցախի համար Ադրբեջանի կազմ ընդգրկվելու վերաբերյալ թեզը, որ հայտնվել է տեղեկատվական դաշտում, կարմիր գիծ է․ և այդ հարցում միակարծիք են բոլոր քաղաքական ուժերը։ Արթուր Հարությունյանն է շարունակում։  

 «Ունենք կարմիր գիծ, դա այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մնացած բոլոր կարգավորումները այդ ձևաչափով բանակցությունների շրջանակում կարող են քննարկվել»։

   Դա կնշանակի Գենոցիդվել․ Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ձևակերպումն է։ Նման լուծումը քննարկվել անգամ չի կարող, այն Արցախը հայաթափելու որոշում կլինի։ Մետաքսե Հակոբյանի խոսքով իրավիճակն օրհասական է, Արցախի փրկությունը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել։ 

«Մեր կուսակցության դիրքորոշումը ես դեռևս մարտի 10-ին եմ հայտնել՝ ԱԺ նիստերի դահլիճում։ Այն է՝ անհապաղ Արցախի ճանաչում։  Կոչով դիմել եմ և՛ ՀՀ-ին, և՛ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ Դրա հետ նշել ենք այն բոլոր խնդիրները, որ կարող են առաջանալ ճանաչման դեպքում։ Ցանկացած իրատեսական տարբերակ, որը կբերի Արցախի փրկությանը, հայանպաստ տարբերակով՝ ողջունելի է։ Մեր քաղաքական դիրքորոշումը Արցախի անհապաղ ճանաչումն է»։

 Սակայն ճանաչման գործընթացն էլ նուրբ, դիվանագիտական հնարքներ պահանջող գործընթաց է։ Անվտանգային ռիսկերը հաշվի առնել է պետք։  «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի խոսքով ՀՅԴ համար ռազմավարական սկզբունք է եղել ու կա Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորումը։ Մարտավարական քայլերի փոփոխությունը՝ սկսած 90-ական թվականներից, գուցե պարբերաբար փոխվել են, դա, Դավիթ Իշխանյանի խոսքով, պայմանավորված է քաղաքական գործընթացների թելադրանքով։ 

«ՀՀ-ն մեզ համար այն հիմնական դերակատարն է, առանցքը, որի շուրջ պետք է ստեղծվի մեր համազգային քաղաքականությունը։ Ռուսաստանի Դաշնությանը միավորվելու, Ադրբեջանի կազմում ընդգրկվելու թեզերը տեսակետներ են ընդամենը»:

 Մի բան ակնհայտ է․ Ադրբեջանի հետ Արցախն ապագա ունենալ չի կարող։ Եվ ցանկացած իշխանություն, որ կղեկավարի Հայաստանը, իր մարտավարությունը մշակելիս պիտի հաշվի առնի, որ Արցախի ռազմավարական սկզբունքը հայկական  մնալն է։ Դրան պիտի միտված լինեն բոլոր քայլերը։ Ազգային ժողովի մյուս երկու խմբակցությունների ներկայացուցիչները   մեր հարցերին այդպես էլ չպատասխանեցին։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ