Նոյեմբերի 24, 2024

Հանցագործությունները նույնն են, գնահատականները՝ տարբեր

By Մարգարիտա Ղուշունց Ապրիլի 08, 2022

Անկախ նրանից, թե ով է Բուչայի հանցագործությունների հեղինակը, այն միանշանակ դատապարտվեց ամբողջ աշխարհի կողմից։ Նույնիսկ հարևան Արդբեջանում Բուչայի նկարները վրդովմունք առաջացրին։ Այդ երկրի թելեգրամ ալիքները մեկնաբանելով նկարները՝ գրել են․ «Ինչու՞ հանել աչքերը, ինչու՞ կտրել ականջները։ Ինչո՞վ է դա լավ գլխատումից։ Ինչո՞վ է դա տարբերվում իսլամական պետության գործելաոճից»։ Այս մեկնաբանությունները, թերևս, միանգամայն բնական ու հասկանալի կլինեին, թե չհնչեին մի հարթակից, որտեղ որոշ ժամանակ առաջ տարածվել էին իրենց իսկ հանցագործությունները՝ և՛ գլխատումներ, և՛ խոշտանգումներ, և՛ անմարդկային սահմռկեցուցիչ տեսարաններ։ Բայց ինչու՞ Ադրբեջանի հանցագործությունները նույնկերպ չդատապարտվեցին քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Մե՞նք ենք թերացել դրանք փաստագրելու և ներկայացնելու հարցում, թե՞ մենք հերթական անգամ բախվել ենք երկակի ստանդարտների ու տարբերակված մոտեցումների հետ։ Թե՛ ապրիլյան պատերազմի, և թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում ԱՀ ՄԻՊ աշխատակազմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել։ Գեղամ Ստեփանյանը կատարված աշխատանքներն է ներկայացնում․ 

«2016 թվականին ունեցել ենք չորս քաղաքացիական զոհ, որոնցից երեքի նկատմամբ խոշտանգման հետքեր են եղել, նաև արձանագրենք, որ մոտ 100 զինծառայողի սպանության դեպքեր են գրանցվել, որոնց մեծամասնության վրա ևս եղել են խոշտանգման հետքեր։ Հայ զինծառայողների գլխատման դեպքերն ադրբեջանական կողմը ցուցադրում էր իրենց համայնքներում, ցույց տալու համար, թե ինչպես են վարվում նրանք Արցախի բնակչության հետ»։

 Ադրբեջանն անպատիժ մնալով իր գործած ռազմական հանցագործությունների համար, 2020-ին ավելի մեծ թափով ու ծավալով իրականացրեց հանցագործություններ, ընդ որում, ընդլայնելով նաև գործիքակազմը։ Դրանք ինքնանպատակ չէին՝ համոզված է Գեղամ Ստեփանյանը․ 

«Դրանք հատուկ նկարահանվում էին ադրբեջանցի զինծառայողների կողմից և տեղադրվում   սոցիալական կայքերում, որպեսզի հավելյալ ահաբեկում առաջացնեն բնակչության շրջանում: Կուզենայի հատկապես նշել Հադրութի հրապարակում դիտավորյալ սպանության դեպքը, որին անդրադարձել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։ Որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ այդ անձինք դիտավորյալ են սպանվել ադրբեջանցի զինվորականների կողմից»:

 Արցախյան երրորդ պատերազմի առաջին օրերին Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ․ «Արցախ» լրատվականին ասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։ Միջպետական գանգատի խոշտանգումների մասով հատվածում տուժողների շրջանակը լայն է․ 

«Գանգատի այդ հատվածը վերաբերում է գերեվարված անձանց կրած զրկանքներին, ինչպես նաև այն անձանց, ում հարազատների դիակները պղծվել են: Որովհետև այս մարդիկ Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն ևս կարող են համարվել տուժողներ»: 

Ներկայումս բոլոր գործերն էլ ընթացքի մեջ են։ Ոչ մի գործ դեռևս հստակ պատասխան չի ստացել։ 

«2016-ի մասով գործեր կան, որոնց կոմունիկացիան ավարտվել է, այսինքն արտահայտվել են կողմերի դիրքորոշումները, և հիմա դիմումատուները սպասում են դատարանի որոշմանը: Իսկ 2020 թվականի դեպքերի վերբերյալ երկու գործերն էլ (Հայաստանն ընդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդեմ Հայաստանի) պատասխանող երկու կառավարություններն էլ արդեն կոմունիկացվել են, հարցադրումները դատարան են ուղվել, դիրքորոշումները ներկայացվել են: Հիմա սպասում ենք, որպեսզի արդեն ադրբեջանական կողմը մեր դիրքորոշման վերբերյալ ներկայացնի իր առարկությունները և նաև ստանանք իրենք առարկությունները մեր կողմից ներկայացված հայցապահանջի վերաբերյալ»: 

ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այնքան են մեծ սպասելիքներ չունի ՄԻԵԴ վճռից և դրա իրագործումից։ Ադրբեջանը մտնում է Եվրոպայի պետությունների այն հնգյակի մեջ, որոնք արհամարհում են ՄԻԵԴ-ի վճիռները։ Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին առաջին հոդվածն է։ Բայց, ինչպես տեսնում ենք, հռչակագրրի կիրառումն այնքան էլ համընդհանուր չէ, ինչպես որ հռչակված է։ Այդուհանդերձ, պատերազմական հանցագործությունների ցանկացած դատապարտում հույս է ներշնչում, որ գոնե սեփական հեղինակությունը պահելու համար այդ կառույցները ճշմարտության աչքերին նայելու և արդարությանը ծառայելու համարձակություն կունենան։

Аrtsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 08 Ապրիլի 2022 14:07
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ