Նոյեմբերի 23, 2024

Ստեփանակերտում բացվել է Ռազմավարական հետազոտությունների առաջին կենտրոնը

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 08, 2022

 Պաշտպանված լինելու համար պետք է տիրապետել շուրջբոլորը կատարվող իրադարձություններին ու զարգացումներին։  Մենք ապրում ենք պայթյունավտանգ ու աշխարհի «թեժ գոտի» համարվող տարածաշրջանում՝ շրջապատված  ոչ բարով հարևաններով։ Նրանք տարածքային ու էթնիկական հավակնություններ ունեն մեր հայրենիքի հանդեպ։ Այս հավակնություններին արժանի դիմադրություն ցույց տալու համար նախ և առաջ պետք է հասկանալ, թե ի՞նչ մտադրություններ ու դիրքորոշում ունի թշնամին՝ ասում է նորաբաց ՀԿ նախագահ Ղարիբ Բաբայանը։ Կազմակերպությունը նպատակ ունի հետազոտություններ իրականացնել,   տիրապետել ու  տեղյակ պահել    հեռու և մոտիկ երկրների վարած  քաղաքականության ու դրանց հնարավոր վտանգների մասին։ 

«Ստեղծելով այս կենտրոնը, մենք շատ լուրջ հետազոտություններ կանցկացնենք այնպիսի երկրների  վերաբերյալ, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և, բնականաբար Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպես նաև արևմուտքի առաջատար պետությունները, որոնք, այսպես թե այնպես հետաքրքություններ ունեն Կովկասում կատարվող իրադարձությունների հանդեպ։ Մենք պետք է հստակորեն իմանանք այս երկրների հետաքրքրությունները, տարածաշրջանի երկրների մտադրությունները մեր երկրի շուրջ։  Բացի այդ, մենք պետք է իմանանք, թե ի՞նչ պրոցեսներ են տեղի ունենում տարածաշրջանի մյուս երկրներում»։

 Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս փոփոխություններից ամենակարևորը թերևս այն է, որ Թուրքիան ոտք է դրել տարածաշրջան։ Եթե ՆԱՏՕ-ի առանցքային դերակատար  Թուրքիան այստեղ է, ապա ինքնըստինքյան կարևովում է նաև արևմտյան երկրներում քաղաքականությունն ուսումնասիրելը։

 «Ես կարծում եմ, որ մենք պետք է իմանանք, թե արևմուտքում ինչ է կատարվում։ Պետք է հասկանանք նաև, թե այնտեղ ինչպես են վերաբերվում մեր հարցին, ինչպես է արցախյան հարցը ընկալվում և քննարկվում արևմուտքում»։ 

Կենտրոնը  նաև երկրի ներսում  կատարվող իրադարձությունների հետազոտություններ է իրկանացնելու։  Ռազմավարական նշանակության հետազոտությունների համար է ստեղծվել Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնը։ Իսկ ինչու՞ անկախ․ կենտրոնի քարտուղար Դիանա Օհանյանն է պատասխանում։ 

«Ինչու՞ անկախ, որովհետև պետական կառույց չի համարվում և պետությունից կախված չէ։ Որևէ կուսակցության չենք պատկանում և սա շատ կարևոր է, քանի որ ժողովուրդը չի կարողանում հավատալ մեկին, մյուսին»։  

Երկու ամիս է, ինչ կենտրոնը սկսել է  աշխատել։ Արդեն համագործակցում են Մ․Մաշտոց համալսարանի հետ, շուտով նաև համագործակցության հուշագիր կստորագրվի։ Կենտրոնը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, համոզված են հիմնադիրը։ Վստահ են՝ այն կծառայի երկրի շահին։   

Аrtsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 08 Ապրիլի 2022 14:24
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ