Նոյեմբերի 23, 2024

«Միասնական հայրենիք»-ը ելքը միասնականության մեջ է տեսնում

By Սրբուհի Վանյան Ապրիլի 12, 2022

Մեր հարցին, թե ինչպես է տեսնում ելքը ստեղծված իրավիճակից  «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար, ԱՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցն առակով պատասխանեց․ 

«Ափի մեջմի թիթեռ պահելով աշակերտներից մեկը մոտենում է ուսուցչին և հարցնում՝ կենդան՞ի է այն, թե՞ մահացած: Ուսուցիչի և՛ «այո», և՛ «ոչ» պատասխանները սխալ կլինեին, քանի որ առաջին դեպքում աշակերտը կարող էր ափի մեջ սպանել այն, երկրորդի դեպքում բաց թողնել: Ուսուցչի պատասխանն իմաստուն էր՝ ամեն ինչ քո ձեռքերի մեջ է»:

 Ազգային ժողովի փոխխոսնակը համոզված է, որ այդպես է նաև պետական-ազգային գործերում, և ժամանակն է հասկանալու այդ պարզ ճշմարտությունը՝ ամեն ինչ մեր ձեռքերի մեջ է: «Իհարկե, կարելի է որոշակի վերապահումներ ունենալ «ամեն ինչ» ձևակերպման վերաբերյալ, բայց հավատացած եղեք, մեզանից շատ բան է կախված,-միտքը պարզաբանում է    Բաղունցը: - Եթե մենք ինքներս ուժեղանանք, մեզ պաշտպանենք, մեր կողքին կանգնողներ գտնվելու են»: 

«Մեր փրկությունը մեր ուժի մեջ է: Մեր ուժը՝ մեր միասնության: Ցավոք, դրա մասին մենք բոլորս շատ խոսում ենք, բայց  չենք ուզում ներդրում անել այդ միասնության ապահովման գործում՝ կոմպրոմիսի գնալով: Մենք բոլորս մեզ ամենարդարն ենք համարում, ամենախելացին ու ամենաճիշտը»: 

Միասնականության կոչով օրեր առաջ հայտարարություն էր արել նաև Ազգային ժողովը, կառավարության վերջին՝ ընդլայնված նիստում «մեկ ուղղությամբ նայելու» անհրաժեշտության մասին խոսել է նաև երկրի նախագահը: Ի՞նչ է դա նշանակում, մի՞թե երկրի համար այս ճակատագրական պահին սկզբունքային հարցերում կոնսոլիդացիա չկա քաղաքական ուժերի միջև:   

«Ինչ վերաբերում է անվտանգության, երկրի պաշտպանության հարցերին՝ միաբանություն կա: Հակված չեմ մտածել, որ կա մեկը Արցախում՝ քաղաքական ուժ կամ գործիչ, որը պատրաստ է սկզբունքային զիջումների, պատրաստ է համակերպվել այն մտքին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում՝ որևէ կարգավիճակով: Սակայն մոտեցումներում, ծրագրերում առկա են տարաձայնություններ: Պետք է արագ և հստակ ընդհանուր հայտարարի գալ, մշակելով ճանապարհային քարտեզ, կոմպլեքս ծրագիր՝ երկիրն արագ տեմպերով ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար»:

 Արցախը, և հայ ժողովուրդն ընդհանրապես պատմության ճակատագրական փուլերից մեկն է ապրում, և քաղաքական գործչի խոսքով, միասնականության կոչը ինքնանպատակ չէ. Արցախում հայության ապրել-չապրելու, պետականություն ունենալու հարցն է որոշվում: 

«Լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Դա պայմանվորված է և՛ աշխարհում, և՛ տարածաշրջանում բարձ ռազմաքաղաքական իրավիճակով: ԱՀ-ում խաղաղությունը պաշտպանում է ռուս խաղաղապահ զորակազմը՝ բացի մեր հանրապետության զինված ուժերից:   Նրանից, թե ինչ վիճակում կհայտնվի ՌԴ-ն Ուկրաինայում, կախված է անմիջապես մեր ճակատագիրը: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ կարողանանք սեփական ուժերով դիմակայենք ադրբեջանա-թուրքական ագրեսիային»:

 Միասնական հայրենիք խմբակցության ղեկավարը հենց սա նկատի ունի, երբ ասում է՝ ամեն ինչ մեր ձեռքերի մեջ է: Միասնական կեցվածք, մարտունակ զինված ուժեր, ինքնապաշտպանության գործող համակարգ: Սրանք են այն երաշխիքները, որոնք քաղաքական լուծման համար բարենպաստ դաշտ են ստեղծելու:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ