Նոյեմբերի 23, 2024

-Ալլո՞․․․ արտգործնախարարների հեռախոսազրույցն ու խորհրդարանի ղեկավարի հայտարարությունը

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 12, 2022
Թե վերջին անգամ երբ են Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաներն ուղիղ կապով հեռախոսազրույց ունեցել միմյանց հետ, բաց աղբյուներում դժվար է գտնել: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ինչպե՞ս ստացվեց, որ առաջին անգամ կամ երկար դադարից հետո, հաստատ չգիտենք, Երևանն ու Բաքուն ուղիղ կապ ունեցան: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասում է:  
 
«Սա խոսում է այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահությունը չի գործում։ Միջազգային խաղացողները փորձել են երկխոսության գործիքներ ստեղծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, դրանցից մեկն էլ՝ հարթակ ստեղծելն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կարողանան հեռախոսազրույցներ ունենալ: Սա ես դրական եմ համարում, քանի որ ցանկացած երկխոսություն ավելի լավ է, քան կրակոցները, էսկալացիան, հակամարտությունն ու բախումները»:
 
 Քանի դեռ կա միջազգային գլոբալ հակադրություն, հստակ բևեռացված կողմնորոշումներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը իր առաքելությունը կատարել չի կարող՝ համոզված է քաղաքագետը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, փաստացի, չի գործում։ Որքան էլ որ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը և ՄԽ ֆրանսիացի համանախագահի աշխատանքային այցը Հայաստան հակառակի մասին են վկայում, Սուրեն Սուրենյանցը եռանախագահների գործունեությունը «հողի վրա» է գնահատում։ 
 
«Փառուխի ճգնաժամը եղավ, գազամատակարարման խափանումների պատմությունը, խաղաղության օրակարգի շուրջ բանակցություններ եղան, որևէ հարցում մենք չտեսանք, որ Մինսկի խմբի համանախագահությունը համատեղ հայտարարությամբ հանդես գա, թեկուզ՝ դրական»:
 
 Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատության» հետ հարցազրույցում, պատասխանելով Արցախի կարգավիճակի մասին հարցին, ասաց, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում Արցախի ու Հայաստանի շուրջ իրադարձությունների ու հայտնի 5 առաջարկների մասին մանրամասներ հայտնի կդառնան։ Ի՞նչ մանրամասների մասին է խոսքը։  
 
«Իմ ենթադրությամբ այդ հայտարարությունները կարող են հնչել կա՛մ քառօրյայի շրջանակներում, չորեքշաբթի օրերին միշտ հարցուպատասխան է լինում, կա՛մ էլ ըստ ամենայի կիմանանք, որ Նիկոլ Փաշինյանը հերթական live-ասուլիսն է տալիս, որի ընթացքում հնչելու են գնահատականներ: Անկեղծ ասեմ, բացի Նիկոլ Փաշինյանից, որևէ այլ պաշտոնյայի բացահայտում գրոշի արժեք չունի: Բոլորը գիտեն, որ սա անձնակենտրոն իշխանություն է, և որոշումներ կայացնում է բացառապես մեկ մարդ»:
 
  Գուցե Ալեն Սիմոնյանի այս պատասխանն այնքան էլ տագնապալի չհնչի, եթե մինչև այդ, պատասխանելով Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին հարցին, նա չասեր․ «Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել»: Ի՞նչ է սա նշանակում։ Հստակ հարց, որ անպատասխա՞ն մնաց, թե՞ դա էլ պատասխան էր:  
 
«Ընդհանրապես խիզախ, համարձակ, պատասխանատու առաջնորդները չեն վախենում իրենց դիրքորոշումները պարզ ասելուց: Առաջին հերթին հասարակությունը պետք է իմանա, թե իշխանությունը ինչ դիրքորոշումներ ունի: Ես չեմ ուզում կանխորոշել, թե բովանդակային Ալեն Սիմոնյանը ինչ պիտի ասեր, ես ուզում եմ ասել, որ Հայաստանի պատասխանատու պաշտոնյան պետք է ունենա դիրքորոշում: Օրինակ, նա կարող էր ասել, որ կարգավիճակի հարցը, այլևս, ակտուալ չէ կամ ցանկացած այլ մոտեցում: Շատ ավելի ճիշտ կիներ, որ խուսափողական պատասխանի փոխարեն նա շատ հստակ ասեր, թե իշխանության պատկերացումները մոտավորապես ինչպիսինն են»:
 
 Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահի այսպիսի պատասխանը թույլ է տալիս մտածել, որ ՀՀ իշխանություններն իրենց դիրքորոշումը թաքցնում են կա՛մ հասարակությանը, կա՛մ միջազգային գործընկերներին չնեղացնելու նպատակով՝ համոզված է քաղաքագետը։  
 
«Ես մտածում եմ, որ ունենք իշխանություն, որը չունի քաղաքական դիրքորոշում: Եթե մարդը որևէ պատասխան չի հնչեցնում, ես մտածում եմ, որ նրա մոտ չկա որևէ դիրքորոշում, չկա խիզախություն այդ դիրքորոշումը հնչեցնելու: Գուցե իշխանությունը մտածում է, որ Արցախը պետք է անկախ լինի, բայց վախենում է բարձրաձայնել, կամ գուցե մտածում է, որ այս պահին անկախության օրակարգը իրատեսական չէ, բայց վախենում է այդ մասին բարձրաձայնել, որպեսզի հասարակության որոշակի խմբերի դժգոհությունը չբարձրանա»:
 
Որքան էլ իշխանությունների վարած արտաքին քաղաքական քայլերն ու հայտարարությունները, երբեմն նույնիսկ լռությունը,  մտահոգիչ լինեն, քաղաքագետը ուղիղ շփումները դրական միտում է գնահատում։ Նախկինում դա միայն ուժային կառույցների միջև էր, մասնավորապես՝ ԱԱԾ ղեկավարների մակարդակով։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 12 Ապրիլի 2022 18:34
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ