Նոյեմբերի 23, 2024

Ո՞ւմ ձեռքերում է Արցախի ճակատագիրը

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 14, 2022

Արցախի ճակատագրի հարցը քննարկվել ու բարձրացվել է բազմաթիվ ամբիոններից ու ամենատարբեր հարթակներում։ Բոլոր  հնչած  ելույթները Արցախում ապրողների համար սովորական էին, չնայած որ, երբեմն  մեր երկրի շահերից չէին բխում։ Սովորական էին, որովհետև արցախցին գիտեր, որ Մայր Հայաստանն իր կողքին է։ Բայց այսօր պաշտոնական Երևանից ազդակներ են գալիս, որոնք թույլ են տալիս մտածել, որոնք արդեն խոր մտահոգությունների տեղիք են տալիս։ Նման եզրահանգման է եկել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ վերլուծելով ՀՀ ԱԺ ամբիոնից այս երկու օրը հնչած ելույթները։   Այսօր՝ առավել քան երբևէ Արցախի ճակատագիրը արցախցիների ձեռքերում է՝ ասում է փորձագետը։ 

«Արցախի կարգավիճակի մասին որևէ ակնկալիք  ՀՀ իշխանությունից չենք կարող ունենալ։ Այլևս  պետք է սպասենք Արցախից եկող ազդակներին և որոշումներին։ Արդեն ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունը Արցախի կարգավիճակի շուրջ չունի այն կարծիքը, որը  մենք ակնկալում ենք։ Դրա համար, ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ մենք չպետք է Արցախի կարգավիճակի հարցի շուրջ Հայաստանից որևէ ակնկալիք ունենանք»։ 

Ապրիլի 19-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը  Մոսկվա։    Ի՞նչ սպասել Փաինյան-Պուտին ա՛յս հանդիպումից։ Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ որևէ լուրջ և  կոնկրետ առաջընթաց  պետք չէ սպասել։ Նրա խոսքով այլևս ազգի ձեռքերում է դրված հետագա բոլոր անելիքները։ Այլևս ազգը պետք է որոշի իր ճակատագիրը՝ ասում է։ Փորձագետի նման համոզման պատճառն այն է, որ Արցախի հարցի շուրջ բոլոր բանակցային գործընթացները, կարծես թե, փակուղի են մտել։ 

«Արցախի իշխանության ձայնը ավելի լսելի կդառնա, եթե ավելի բարձր գոռան։ Գոռալ,  նկատի ունեմ դիվանագիտական խողովակներով ավելի ակտիվ հայտնեն  իրենց դիրքորոշումը»։

 Կարեն Հովհաննիսյանը ստեղծված  իրավիճակում ամենաշատը Արցախի ժողովրդի ձայնն է կարևորում։ Իսկ այդ  ձայնը բարձրացնողները Արցախի իշխանություններն են։   

«Իշխանությունը պետք է իր վրա վերցնի հարվածը, իշխանությունը պետք է և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ աշխարհին ցույց տա, թե Արցախը ինչ խնդիրներ ունի, ինչ մտավախություններ ունի և ինչ կարգավիճակի ակնկալիք ունի»։ 

Ադրբեջանի ծրագրիրը հայաթափումն է, կամ ինչպես ասում են՝ Նախիջանի կրկնությունը։ Ահա թե ինչու, փորձագետը կարծում է, որ Արցախի ձայնը պետք է լսելի դարձնել ամբողջ աշխարհին։ Պետք է ուղիղ ու բաց տեքստով խոսել Միջազգային հանրության ու, մասնավորապես, արցախահայության անվտանգության երաշխավոր Ռուսաստանի հետ։ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ