Ազգային ժողովի՝ ապրիլի 28-ի հերթական նիստի օրակարգը հագեցած էր․ 12 օրինագծի քննարկում, հարցեր hանրապետության նախագահին ու կառավարությանը, իսկ վերջում պատգամավորական հայտարարություններ էին նախատեսված։ Լրացուցիչ քննարկման անհրաժեշտության հիմնավորմամբ` օրակարգից հանվեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Օրենքի տեսք ստացան Սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության կողմից ներկայացված՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» և «ՀՀ 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը ԼՂՀ-ում գործողության մեջ դնելու մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» երկու օրինագծերը: Դրանք նախօրեին քննարկվել էին գլխադասային հանձնաժողովի նիստում։ Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը Դատախազության՝ 2021թ. գործունեության մասին հաղորդում ներկայացրեց։ Հաղորդումը ծավալուն էր․ Գուրգեն Ներսիսյանն ընդգծեց, որ Դատախազությունը բաց և թափանցիկ աշխատելու սկզբունք է որդեգրել, բայց, այնուամենայնիվ, ավելին, քան թույլ է տալիս օրենսդրությունը, ասել չեն կարող։
«Մենք առավելագույն չափով բաց ենք տեղեկությունների հրապարակման առումով, սակայն ցանկացած գործով տեղեկություն հրապարակելիս հաշվի ենք առնում երկու կարևոր պայման։ Մեկը նախաքննական գաղտնիքն է, մյուսը՝ տվյալ փուլում տեղեկությունը հանրայնացնելու նպատակահարմարությունը՝ տակտիկական առումով»։
Պատգամավորներն ԱԺ ներկայացված Հաղորդման շրջանակում Գլխավոր դատախազին բազմաթիվ հարցեր ունեին։ Մասնավորապես՝ պարզաբանումներ և անուններ էին պահանջում 44-օրյա պատերազմի, դավաճանության դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի մասին, պետական պաշտոնյաների կողմից չարաշահումների գործերի վերաբերյալ։
«Ունենք հարուցված քրեական գործ պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առնչությամբ՝ որ Հադրութի շրջանում պատերազմի նախօրյակին որոշ պաշտոնյաներ սեփականության իրավունքով գույք են օտարել։ Ենթադրաբար վերահաս պատերազմի վտանգի մասին տեղեկացված լինելով։ Այս գործով պատշաճ քննություն է իրականացվում։ Հանրապետական բժշկական կենտրոնում աշխատող անձի դրդմամբ հաշմանդամության խումբ ստանալու համար պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքերի մասին է խոսքը»:
Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ Դատախազությունն արժեքավոր տվյալների է տիրապետում, որոնք պետական գաղտնիք են, բայց որոնց հետազոտման ու հետագա իրավական գնահատման ուղղությամբ շարունակական աշխատանք է իրականացվում։
«Նշածս քրեական գործերով ի հայտ են բերվել հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ տվյալներ, որոնք, սակայն, պետական գաղտնիքի շարքին դասելու հիմքով հիմա չեն կարող հանրայնացվել, բայց որոնց հետազոտման և հետագա իրավական գնահատականի ուղղությամբ շարունակական աշխատանք է տարվում։ Այդ իրավական գործերը Արցախում ունենալու են բացառիկ նշանակություն․ ներպետական միակ աղբյուրն են, որ պարունակելու են 44-օրյա պատերազմի օրերին ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունների՝ ՀՀ համապատասխան կառույցների հետ փոխգործակցության և դրանց արդյունքների, պատերազմի ընթացքի ու հանրային հետաքրքրություն ներկայացնող տարբեր գործընթացների մասին իրական և օբյեկտիվ տեղեկություններ»։
Արցախի պետական դրոշի հետ առնչվող՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Արցախի և ՀՀ դատախազությունների համագործակցության, այդ գործի ընթացքի մասին նունպես հարց հնչեց․
« Պետական խորհրդանիշները ոչ թե կոնկրետ պետության իրավական պաշտպանության ներքո են, այլ միջազգային օրենդրության։ Ես դեպքից անմիջապես հետո հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ գլխավոր դատախազի հետ։ Հենց նույն օրն էլ համապատասխան աշխատանքեր են ձեռնարկվել։ Վստահ եմ՝ ՀՀ դատախազությունը պատշաճ դատախազական հսկողություն է իրականացնելու»։
Դատախազը համաձայնեց խորհրդարանականների հնչեցրած մտքին, թե քրեական գործերը ձգձգվում են՝ նշելով, որ պատճառները խիստ ծանրաբեռնված ռեժիմով աշխատանքն է։ Օրակարգում ներառված էին նաև հարցեր կրթական, տնտեսական ու ռազմական ոլորտների վերաբերյալ։ Դրանք խորհրդարանը քննարկել է ընդմիջումից հետո։