Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով։ Նիստի միակ հարցին՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին Ազգային ժողովը միաձայն է քվեարկել»։
Հիմնական զեկուցողն Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանն էր։
«ԱՀ կառավարությունը 2022 թվականին նպատակ է դրել վերանայելու պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականությունը՝ ապահովելով սահմանված դեպքերում առաջացող դրամական միջոցների մուտքը պետական բյուջե և հետագայում ըստ անհրաժեշտության այդ գումարների բաշխումը պետական բյուջեից։ ԱԺ քննարկմանն է ներկայացվել 16 օրենքներում փոփոխության նախագծեր։ Այդ կարգավորումները վերաբերում են 5 պետական կառավարման մարմինների։ Միաժամանակ սահմանվում է, որ այդ հաշիվներում առկա և հավաքագրվող դրամական միջոցները կուղղվեն պետական բյուջե՝ ապահովելով դրանց հետագա բաշխումն ըստ անհրաժեշտության և հիմնավորումների»։
Փոփոխությունները նախատեսվում է կիրառման մեջ դնել հունիսի մեկից։ Վահրամ Բաղդասարյանի պարզաբանմամբ՝ այդ հաշիվների մնացորդի ընդհանուր գումարը կազմում է 273 մլն 474 հազ․ դրամ։ Հաստատված ընդհանուր պլանով այդ նախահաշիվների ընդհարական մուտքերը նախատեսված է 725 մլն 804 հազ․ դրամ։ Օրինագծերի փաթեթը նման հրատապ ձևով ԱԺ նիստ բերելը Վահրամ Բաղդասարյանը հետևյալ կերպ է մեկնաբանել․
«Հունիսի 1-ից նախատեսվում է այս օրենքների փոփոխությունները գործողության մեջ դնել։ Հրատապությունը պայմանավորված է որոշ տեխնիկական հանգամանքներով։ Բացի այդ, յուրաքանչյուր տարի Արցախի ու ՀՀ միջև միջպետական վարկի վերաբերյալ պայմանագիր է կնքվում։ Այս տարի, քննարկումների արդյունքում մենք նաև ամրագրել ենք այդ դրույթը, որ ընդհանուր բյուջետային մուտքերի ու ելքերի պարզեցված հաշվառման նպատակով անհրաժեշտ է հրաժարվել արտաբուջետային հաշիվների գաղափարից»։
Օրինագծերի փաթեթը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում, ստացել դրական եզրակացություն։ Օրինափաթեթն ընդունվել է միաձայն։