Նոյեմբերի 24, 2024

Ի՞նչ սպասել ՀԱՊԿ-ից

By Վիկտորյա Սարգսյան Սեպտեմբերի 17, 2022

Արդեն երրորդ օրն է Հայաստանում է ՀԱՊԿ-ի մոնիթորինգային խումբը, բայց ոչ զորքը։ Այնինչ կառույցին դիմելիս Հայաստանն ունեցել է հստակ սպասելիքներ՝ տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը և ադրբեջանական զորքերը դուրս գան հայկական տարածքներից։ Մինչ այս պահը դա չի կատարվել՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այս տարվա հունվարին ղազախական դեպքերի ժամանակ ԱԽ քարտուղարը հույս էր հայտնել, որ վերջապես կգործարկվեն ՀԱՊԿ-ի մեխանիզմները։ Բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիք է դարձել՝ ասում է Գրիգորյանը։ 

«Եվ չկա այդպիսի հույս այլևս, միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ։ Բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերը ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից,  նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արադարացվել և դրանք կարդարանան միայն այդ դեպքում»։ 

Վերջին օրերին քաղաքական, փորձագիտական ու հանրային հարթակներում հնչում են կառույցից դուրս գալու կոչեր։ Հարցին՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, երբ  հնչում են նման կոչեր, Գրիգորյանը պատասխանել է՝ այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը։ Դասական իմաստով ՀԱՊԿ-ը անվտանգային կառույց չէ։ Ըստ էության, այն Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքական դաշնակիցների շրջանակն է՝ ասում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Բայց օրակարգային դարձնել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը՝ քաղաքագետը իմաստազուրկ է համարում։ 

«ՀԱՊԿ-ը արդյունավետ կառույց չէ, բայց նրա կազմից դուրս գալը բերելու է տոտալ ճգնաժամի հայ-ռուսական հարաբերություններում։ Ես վստահ եմ, որ նման որոշում չի կայացվի։ Չվտանգելու համար հայ-ռուսական հարաբերությունները մագիստրալ քաղաքական ուժերը Հայաստանում չեն գնալու նման արկածախնդիր որոշման՝ իհարկե հույսեր չկապելով ՀԱՊԿ-ի հետ»։

 Ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանն այսօր կանգնած է լինել-չլինելու խնդրի առաջ։ Եվ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է համագործակցությունը կառուցի ընդհանուր արժեքներ կիսող պետությունների հետ։ Որպես նման սուբյեկտ ռամզական փորձագետը դիտակում է ԱՄՆ-ն։ 

«Որը և շահագրգռված է և ունի համապատասխան ներուժ այդ հարցերը լուծելու համար։ Այստեղ նաև Հայաստանի համար շատ լայն դաշտ է բացվում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ներդաշնակեցնելու և փոխգործակցելու համար՝ ի շահ տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության և նաև ի շահ Հայաստանի հանրապետության և հայ ժողովրդի։»

 Բայց արդյոք Հայաստանը անվտանգության ապահովման ավելի արդյունավետ առաջարկներ է ստացել արևմուտքից։ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ չի կարելի նույնիսկ վատ աշխատող կառույցից դուրս գալ առանց այլընտրանք ունենալու։ 

«Այս պահին մենք որևէ այլընտրանքային առաջարկ չունենք։ Մենք չենք կարող ռիսկային որոշում կայացնել, հետո մտածել։ Նախ այլընտրանքը լինում է, հետո որոշումը կայացվում է։ Սովորաբար ողջամիտ մարդիկ, պետությունները նման կերպ են վարվում՝ անգամ կենցաղային հարաբերություններում՝ մարդը վատ աշխատանքից հեռանում է միայն այն պարագայում, երբ ավելի լավն է գտնում։ Այս պարագայում չկա նման առաջարկություն»։ 

Քաղաքագետի խոսքով՝ կարելի է օբյեկտիվորեն դժգոհել Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունից։ Բայց մենք ունե՞նք երաշխիք, որ, օրինակ, Եվրամիությունը ավելի հայանպաստ կամ բարենպաստ լուծումներ է առաջարկում։ Շառլ Միշելը միակ պաշտոնյան էր, որ պաշտոնական հայտարարության մեջ օգտագործեց մեզ համար ամենացավալի արտահայտությունը՝ Ղարաբաղի էթնիկ հայեր։ Մենք ունե՞նք երաշխիք, որ Ղարաբաղի խնդրում ավելի բարենպաստ լուծում է առաջարկելու արևմտյան որևէ պետություն։ Հետևաբար այս դիսկուրսը շատ արհեստական է՝ ասում է քաղաքագետն ընգծելով, որ քաղաքական գործիչները պետք է ողջամիտ և իրատեսական որոշումներ կայացնեն։ Հակառակ պարագայում կարող են պետությունը կանգնեցնել անվտանգային լուրջ սպառնալիքների առաջ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ