«ԼՂ հիմնախնդիրը երբևէ չի ունեցել կրոնական հիմք»,- ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ հայտարերել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անընդունելի են այս իրավիճակին կրոնական կոնտեքստ հաղորդելու փորձերը: Մենք գտնվում ենք շատ մտերիմ հարաբերություններում մուսուլմանական բազմաթիվ երկրների հետ, և դրա շատ վառ ապացույցն է, որ ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցների մեծամասնությունը հանդիսանում են մուսուլմանական երկրներ»:
Խոսելով տրանսպորտային կոմունիկացիաների բացման մասին՝ Փաշինյանը հղում է արել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին՝ ընդգծելով, որ անհիմն են այդ համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական շրջանառումը: «Դա ոչ այլ ինչ է, քան 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ»,-ասել է Փաշինյանը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ այս հայտարարության 9-րդ կետում ոչ մի տեղ և ոչ մի կերպ չի հիշատակվում միջանցք բառը։ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և կապ չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած զուգահեռներ համարում ենք մանիպուլյատիվ։ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի շահարկումը, ցավոք, դարձել է Ադրբեջանի քաղաքականությունը, և դա արտահայտվում է նաև նրանով, որ չնայած այն փաստին, որ հայտարարության մեջ հստակ նշված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի»:
2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը մշտապես չարաշահել է ռազմագերիների հայրենադարձման հարցը՝ քաղաքական շահերի հասնելու նպատակով՝ ասել է Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ,թեև եռակողմ հայտարարությունում խոսվում է բոլոր գերիների անհապաղ փոխանակման մասին։
«Քարտեզները ստանալուց հետո, Ադրբեջանը փորձում է ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը պայմանավորել ԼՂ առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմամբ։ Ցանկանում եմ նշել, որ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներից հետո հայկական կողմից ևս կային անհայտ կորածներ։ Առաջին պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 777 մարդ, իսկ երկրորդ պատերազմից անհայտ կորած է համարվում 217 մարդ, որից 196-ը` զինվորականներ են, իսկ 21-ը՝ քաղաքացիական անձինք»:
Փաշինյանի խոսքով Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, իսկ հայ զինվորների աճյունները շարունակում են մնալ Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող արդեն միջդիրքային գոտիներում։ «Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս»,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով,որ այդ պայմանավորվածությունը կկատարվի։ Փաշնյանը կարևոր է համարում նաև այն հարցը, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թ. հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։
«Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը: Շատ կարևոր է նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991 թ.-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։ Առանց այս հարցերի հստակ պարզաբանման՝ ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը»։
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին: Վարչապետը հստակ նշել, որ այդ հարձակումը ոչ թե սահմանային ընդհարում կամ բախում էր, այլ՝ ուղղակի, անհերքելի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Փաշինյանը գործընկերներին է ներկայացրել սեպտեմբերի 13-ից հետո ստեղծված իրավիճակը, հայկական կողմի տեղահանվածների, վիրավորների, զոհերի ու խոշտանգումներին մասին փաստեր ու թվեր: «Այս հարձակումից հետո պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել՝ ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր: