Հայկական կողմն առաջարկել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնել 5, 10, 20 կամ ավելի ժամկետով, բայց առաջարկը չի ընդունվել՝ ասում է Փաշինյանը: Նա, սակայն, նկատում է, որ չնայած առաջարկը չի ընդունվել, բայց դարձել է օրակարգային: Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության տեքստում, ի տարբերություն 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության, բացակայում է Լեռնային Ղարաբաղ եզրույթը։ Ի՞նչ է սա նշանակում։ Արդյոք, հաստատու՞մ է Ադրբեջանի նախագահի պնդումները՝ թե հակամարտությունն այլևս լուծված է։ Բանակցությունները եւ հայտարարությունն ինքը ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ՝ ԱՀ ԱԳՆ Դավիթ Բաբայանի գնահատականն է։ Աժ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը այն համոզմանն է, որ հայտարարությունում Լեռնային Ղարաբաղ ձևակերպման բացակայությունը, միանշանակ, անընդունելի է:
«Եթե Լեռնային Ղարաբաղ տերմինը և ԼՂ-ի հիմնախնդիր տերմինը օգտագործվում է, ապա միջազգային իրավական գնահատականի տեսանկյունից ամբողջովին այլ է, իսկ երբ խոսվում է խաղաղապահների պատասխանատվության գոտի հասկացողության մասին՝ ամբողջովին այլ: Որովհետև ադրբեջանական կողմը պնդում է, որ չկա ԼՂ հակամարտություն, կա պոստ կոնֆլիկտային իրավիճակ, և գոյություն ունեցող հիմնախնդիրների շրջանակներում պատկերացնել ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտին, ամբողջովին տարբեր բաներ են: Այն, որ փաստացի ԼՂ-ի հակամարտություն, ԼՂ տերմինի բացակայությունը բացասական է և մեր կողմից անընդունելի՝ փաստ է»:
Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության արդյունքներով հետաձգվել է ոչ միայն ՌԴ խաղաղապահների ներկայության ժամկետի, այլ նաև ԼՂ կարգավիճակի հարցը: Խոսելով այս հարցի մասին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցն արժե հետաձգել անորոշ ժամանակով։ Փաշինյանն այսօր իր ելությում անդրադարձել է նաև այս հարցին, նշել, որ համաձայն է դիվանագետի դիտարկման հետ, և սա միայն Կոպիրկինի դիրքորոշումը չէ: «Ինչո՞վ է սա հիմնավորվում․ նրանով, որ այս պահին օբեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի: Ընդ որում, պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ: Ինչքանո՞վ է ՀՀ իշխանության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ: Ես պիտի ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում»: Կարգավիճակի հարցը հենց հակամարտության կարգավորումն է՝ նկատում է Արամայիս Աղաբեկյանը: Կարգավիճակի մասին ընկալումները, սակայն, տարբեր են բոլոր կողմերի համար՝ ասում է պատգամավորը: Հարցին թե ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք լինել՝ պատգամավորը պարզաբանում է․
«Մեր և իրենց պատկերացումներն ուրիշ են։ Կարգավիճակի հարցը պետք է բանակցային գործընթացի արդյունք լինի: Սակայն ԼՂՀ իշխանությունն ու ժողովուրդը իր պատկերացումները չի փոխել, դա նաև արտահայտվեց հոկտեմբերի 30-ի հանրահավաքով, ԱԺ-ի ընդունած հայտարարությամբ: Այդ տեսակետը նաև հաստատել էր ԱՀ նախագահը իր ուղերձում։ Սակայն ասել, որ հանրահավաքով և ընդունված հայտարարությամբ որոշվում է ամեն ինչ՝ սխալ կլինի։ Դա միայն մեր ցանկությունն ու կամքն է, կարգավիճակի հարցը պետք է կարգավորվի բանակցային գործընթացների միջոցով»:
Հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության տեքստից պարզ է դառնում նաև, որ ԼՂ հիմնախնդիրը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրից առանձնացվում է: Սա առաջին դեպքը չէ,ասում է պատգամավորը։
«Նոյեմբերի 9-ից հետո կատարվող գործընթացներում անկախ նրանից, թե որ հարթակներում է դա եղել, նկատվում է, որ ԼՂ-ի հակամարտությունը դուրս է թողնվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Եթե մի քիչ հետ գնանք՝ կտեսնենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված 5 կետերը հենց դրա մասին են խոսում։ Սակայն ի պատասխան Ադրբեջանի, հայկական կողմը նշում է, որ պետք է լինի կետ ԼՂ-ի մասին: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, նոր պատերազմը կանխելու մարտավարական կամ ստրատեգիական ուղղությունները, ստացվել է այնպես, որ այսօր ունենք և բրյուսելյան, և մոսկովյան քննարկումներ, և եռակողմ հայտարարություններ, որտեղ բացակայում են ԼՂ-ի հակամարտության մասին հիշատակումները»:
Արամայիս Աղաբեկյանի խոսքով՝ ԼՂ խնդրի դուրս թողնումը նման ձևաչափերի հանդիպումներից և քննարկումներից ինքնին բացասական տենդենց է ԼՂ Հանարապետության համար։