Նոյեմբերի 24, 2024

Գումարվել է ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստը

By Սրբուհի Վանյան Հոկտեմբերի 27, 2022

Այսօր Ազգային ժողովի հերթական լիագումար նիստն է տեղի ունեցել՝ օրակարգային 9 հարցով։Փոփոխություններ, լրացումներ են կատարվել մի շարք օրենքներում, այդ թվում՝ «ԱՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում, Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, Փաստաբանության, Շահութահարկի, Հոգեբուժական օգնության, Լիցենզավորման, Տեխնիկական կանոնակարգման, ԱՀ զինանշանի, Հանրաքվեի, Մարդու իրավունքների պաշտպանի մասին և այլ օրենքներում, Դատական օրենսգրքում, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում ։Մինչ օրակարգային հարցերին անցնելը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ելույթով է հանդես եկել՝ հայտարարելով հոկտեմբերի 30-ին ԱԺ բոլոր խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրվող ԱԺ արտահերթ լիագումար նիստի մասին և ժողովրդին հրավիրելով հանրահավաքի։ ԱԺ նիստն ու հանրահավաքը, Արթուր Թովմասյանի ձևակերպմամբ, նվիրված է լինելու Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային։

«Բոլորիդ հորդորում ենք  մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու մեր վճռականությունը միասնաբար հայտնելու համար։ Սիրելի՛ արցախցիներ, ԱԺ արտահերթ նիստի կազմակերպիչը ես եմ ու ԱԺ խմբակցությունները, աշխատակազմը, իսկ հանրահավաքի կազմակերպիչները արցախցիներից  յուրաքանչյուրն է, ով մտահոգված է իր հայրենիքի ճակատագրով։ Հավաստիացնում եմ՝ հանրահավաքի օրակարգը ներքաղաքական հարցեր չի պարունակում»։  

Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ԱՀ Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդմամբ հանդես է եկել Հաշվեքննիչ պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը։ Ներկայացված հաշվետվության մեջ արձանագրված խախտումների վերաբերյալ պատգամավորների հարցերին է պատասխանել այնուհետև․։

«Պարոն Կասյան, խախտումների մի մասը մտնում է Դատախազի կողմից հնչեցված խախտումների մեջ մի մասը՝ ոչ։ Դրանք պայմանվորված են 2020 թվականի պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականացված գործառույթների մի մասի հետ, որտեղ, օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր ձևակերպել  բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»։

Մետաքսե Հակոբյանի մտահոգությանն ու հարցին ի պատասխան՝ Հաշվեքննիչ պալատի նախագահը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ վերահսկողություն կիրականցվի նաև Արցախի ներդրումային հիմնադրամում։Փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում․ նախագծով առաջարկվել  սեփական եկամուտներն ավելացնել 5 մլրդ. դրամով, որը հիմնականում պայմանավորված էր որոշ հարկ վճարողների հարկային բազայի ճշգրտմամբ։ Ծախսային մասում նախատեսվում է լրացնել նոր ծրագիր, դարձյալ 5 մլրդ դրամի չափով՝ բնակտարածք կորցրած, տեղահանված մեր հայրենակիցների կարիքների բավարարման նպատակով։«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում ևս կատարվեցին փոփոխություններ և լրացումներ։ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը հիմնավորում է նախաձեռնությունը։

«Ըստ էության  նախագծով առաջարկվում է ՄԻՊ-ին աշխատակազմի համար սահմանել նաև օգնականի պաշտոն։ Համանման կարգավորումներ առկա են նաև ՀՀ ՄԻՊ մասին օրենքում։ Նման առաջարկը բխում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների արդյունավետ կատարումից»։

Նիստում Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ