Նոյեմբերի 22, 2024

ԱԺ-ն առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների դատավորներ է ընտրել

By Վիկտորյա Սարգսյան Ապրիլի 27, 2023
Նիստի օրակարգի հաստատումից հետո, ԱԺ-ը լսել է Դատախազության 2022թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը: Այն ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազի ժամանակավոր փոխարինող Կարեն Գաբրիելյանը: 2022-թ-ին ԱՀ տարածքում արձանագրվել է հանցագործությունների 2093 դեպք: Թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 22,3 տոկոսով: Աճել են հիմնականում վարորդական իրավունք չունեցող անձանց կողմից վարչական տույժ նշանակելուց հետո 1 տարվա ընթացքում կրկին վարելու դեպքերը՝ նշել է Կարեն Գաբրիելյանը:
 
«Նշված 2093 հանցագործություններից 837-ը հասարակական անվտանգության կարգի և բնակչության անվտանգության դեմ են, 544-ը՝ մարդու դեմ, 331-ը՝ սեփականության դեմ, 25-ը՝ տնտեսական գործունեության, 24-ը՝ շրջակա միջավայրի, 200-ը՝ պետական իշխանության դեպ ուղղված հանցագործություններ: Հանցագործություն կատարած անձանց քանակը 1369 է, որոնցից 1294-ը արական սեռի: Առավել բարձր ցուցանիշը 30-49 տարեկանների դեպքում է՝ 671 անձ»: 
 
Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 92 տոկոս է, 2021-ի 74-ի համեմատ: 2022 թ. ձերբակալվել է 55 անձ: Կոռուպցիոն բնույթի 78 քրեական գործ է հարուցվել: Այստեղ նույնպես արձանագրվել է աճ, ինչը պայմանավորված է նյութական աջակցությունների տրամադրման ընթացքում տարբեր չարաշահումների հետ: Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հետաքրքրվեց՝ կոռուպցիոն բնույթի հանցագործություններից քանիսն են բացահայտվել և ինչպիսի պատասխանատվության են ենթարկվել հանցագործները:
 
«Կոռուպցիոն բնույթի 5 քրեական գործ է ուղարկվել դատարան, որից 2-ի վերաբերյալ կա դատական ակտ: Առաջինի դեպքում զինհոսպիտալի բժիշկը խաբեությամբ աշխատանքի տեղավորելու, կամ վիրահատության հետ կապված խարդախություններ է կատարել: Անձը դատապարտվել է, անձանց վնասները վերականգնվել են: Մյուս գործի դեպքում, անձը թաքցրել է իր համայնքին պատկանող մեքենան և ներկայացրել, իբր այն մնացել է Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքում: Բայց պարզվել է, որ մեքենան կա, այն վերադարձվել է և վնասը փոխհատուցվել: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով վերականգնված վնասի չափը 13 մլն. է»: 
 
Հաջորդիվ, օրակարգի համաձայն, ԱԺ-ը քննարկեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների դատավորների ընտրության հարցերը: ԱՀ առաջին ատյանի  ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Կարինե Բաբայանի թեկնածությունը:
 
«Դատավոր լինելը միայն բարձր ու պատվաբեր պաշտոն զբաղեցնելը չէ: Այն նախևառաջ բարդ ու պատասխանատու աշխատանք է, որը պահանջում է ոչ միայն բանիմացություն, գիտելիքներ, օրենքի տարրի անշեղ պահպանում, այլ նաև մարդկային բարձր հատկանիշներ: Գիտակցելով այս ամենը, պատրաստ եմ ձեր կողմից դատավոր ընտրվելու դեպքում ողջ ներուժս օգտագործել ի նպաստ անկախ, արդար ու արդյունավետ դատական համակարգի զարգացմանը»:
 
 ԱՀ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Մհեր Ստեփանյանի թեկնածությունը: Իր ելույթում Մհեր Ստեփանյանը նշել է.
 
«Դատավորի պարտականություններս կատարելիս միշտ փորձել եմ լինել անկախ, անաչառ, սկզբունքային, արդարացի և մարդասեր, պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները: Աժ պատգամավորների վստահության քվեն ստանալուց հետո, պատրաստ եմ դատավորի բարդ, ծանր և միևնույն ժամանակ պատվաբեր աշխատանքը շարունակել արդեն վերաքննիչ դատարանում»: 
 
Փակ, գաղտնի քվեարկությամբ Կարինե Բաբայանը ընտրվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, իսկ Մհեր Ստեփանյանը՝ վերաքննիչ դատարանի դատավոր: Օրակարգի մյուս հարցը «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, որը ներկայացրել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Միրզոյանը:
 
«Օրինագծով առաջարկում է ընդլայնել գնահատման օբյեկտների ցանկը՝ այն տարածելով նաև շարժական գույքերի գնահատման և այլ գույքային իրավունքների գնահատման վրա: Առաջարկվող կարգավորմամբ՝ որպես գնահատման պարտադիր դեպքեր կսահմանվեն պետական և համայնքային գույքը վարձակալության տրամադրելու դեպքերը, ինչի արդյունքում կավելանա պետական և համայնքային բյուջեների եկամուտները»: 
 
«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը ընդունվել է միաձայն: Հաջորդիվ ԱԺ-ը քննարկեց «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Այն նույնպես ընդունվել է 23 կողմ ձայնով:
 
«Արդարություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները հայտարարել են, որ հաշվիչ հանձնախմբի թեկնածու չեն առաջադրի: Օրակարգի վերջին հարցը «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծն էր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Միասյանի խոսքով՝ փոփոխությունները հիմնականում տեխնիկական բնույթ են կրում: Հիմնական փոփոխությամբ առաջարկվում է՝ միջին մասնագիտական կրթությամբ բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին հնարավորություն տալ կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտության երկրորդ կուրսում ինչպես հեռակա ուսուցմամբ, այնպես էլ կառավարության որոշմամբ հաստատված առկա ուսուցման համակարգի մասնագիտությունների գծով: Այս օրինագիծը նույնպես ընդունվել է միաձայն: ԱԺ նիստն ամփոփվել է պատգամավորական հայտարարություններով:
 
 
Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 28 Ապրիլի 2023 09:23
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ