Նոյեմբերի 24, 2024

Դիտորդական առաքելությունը խաղաղության երաշխիք չէ

By Ասպրամ Ավանեսյան Նոյեմբերի 07, 2022

ԵՄ դիտորդական  առաքելության տեղակայումից հետո, թվում էր՝ Ադրբեջանը ձեռնպահ կմնար սադրանքներից: Բայց հրադադարի պահպանման ռեժիմը շարունակվում է խախտվել: Հայ հանրությունն է գերագնահատել   ԵՄ առաքելություն դերը, թե՞ Ադրբեջանն է փորձում արժեզրկել այն: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Ադրբեջանն այս սադրանքներով ցույց է տալիս, որ նույնիսկ եվրոպական  դիտորդների ներկայության պայմաններում   պահպանելու է  իր  գործելաոճը: 

«Այդ առաքելությունը որևէ նշանակություն չունի, ուղղակի ինչ-որ տվյալներ են հավաքելու, տվյալները մշակելու են և ինչ-որ տեղ զեկուցելու են: Այդ զեկույցն իրենից առանձնապես ոչինչ չի ներկայացնում: Այն ինչ-որ տեղ քարոզչական նշանակություն ունի, որը կօգնի ՀՀ իշխանություններին տարբեր հարթակներում բողոքել և ցույց տալ, որ Ադրբեջանը սադրանքների է գնում, բայց դրա քաղաքական հետևանքները շատ թույլ են լինելու: Որովհետև  իրավիճակը  քաղաքական լուծումներ է պահանջելու: ԵՄ-ն կամ ԵԱՀԿ-ն ունեն իրենց քաղաքական շահերը»:

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը համակարծիք է քաղաքագետի հետ. քաղաքացիական առաքելությունից խաղաղության երաշխիքներ չի կարելի սպասել: Քաղաքացիական առաքելությունն, անգամ, զինված չէ նյութատեխնիկական սարքավորումներով:

«Ես չեմ կարծում, որ այդ փոքրաթիվ խումբը կարող է դիտորդական կամ մոնիթորինգային առաքելություն իրականացնել: Հաշվի առնելով նաև այն, որ խումբը զինված չէ կարևոր նյութատեխնիկական սարքավորումներով, որոնք կարձանագրեն, թե որտեղից, կամ որ ժամի եղավ կրակոցը: Նման  խմբերը պետք է սահմանի ամբողջ երկայնքով տեղակայել»:

Վերջին սադրանքը Գեղարքունիքում տեղակայված ԵՄ դիտորդներն արձանագրել են,  կրակոցը  եղել է Ադրբեջանի կողմից: Այս մասին ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Բայց սպասել, որ այդ զեկույցների վրա քաղաքական որոշումներ կկայացվեն հօգուտ մեզ՝  չի կարելի, որովհետև արտաքին քաղաքականությունը հիմնված է շահերի վրա՝ ասում է Ստեփան Դանիելյանը:

«Իրականության հետ չի համապատասխանում այն, որ միջազգային հարաբերություններում կարևոր են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները և այլն: Միջազգային հանրությունից մենք ոչինչ չպետք է սպասենք: Մենք պետք է ճիշտ քաղաքականություն վարենք այն երկրների հետ, որոնց հետ ընդհանուր շահեր ունենք: Այդպիսիք են Իրանն ու Ռուսաստանը»:

ԵՄ առաքելության տեղակայումը ոչ այնքան իրավիճակի մոնիթորինգն ու մշտադիտարկումն է, որքան քաղաքական վեկտորի փոփոխության փորձ՝ կարծում է Կարեն Հովհաննիսյանը: ԵՄ դիտորդների արձանագրումները Հայաստանին որևէ բան չեն տալու: Փաստերի արձանագրումներն էլ օգտագործվելու են ըստ շահերի:

«Ես կարծում եմ, որ Եվրամիությունը սա օգտագործելու է որպես մտրակ Ադրբեջանի դեմ՝ Ադրբեջանի համար ցավոտ հարցերի շուրջ: Օրինակ՝ Բաքվի բռնապետին որևէ փաստի առաջ կանգնեցնելու համար նմանօրինակ զեկույցներն են օգտագործվելու: Այստեղ կրկին գործ ունենք ԵՄ շահերի համար աշխատող խմբի հետ»:

Ադրբեջանական կողմն այս սադրանքներով փորձում է տարածաշրջանում իր գերակայությունն ու դերը բարձրացնել: Նրա վրա չի ազդում ոչ միայն ԵՄ դիտորդական առաքելությունը, այլ նաև ռուս խաղաղապահների ներկայությունը: Եթե դիտորդական առաքելությունն Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունենար, ապա նա չէր գնա սադրանքների՝ երկու զրուցակիցներս էլ այդպես են կարծում:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ