Դատապարտումն այլ բան է, պատժամիջոցների կիրառումը` բոլորովին այլ։ Կգնա՞, արդյոք, բարեկամ Ֆրանսիան պատժամիջոցների կիրառման՝ դժվար է ասել: Ադրբեջանն արդեն որոշակի քայլեր արել է իրեն ապահովագրելու համար՝ ասում է քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանը. մասնավորապես սեպտեմբերի վերջին հավանություն տալով Ֆրանսիայի ներգրավվածությանը բանակցային գործընթացին՝ ասում է:
«Ադրբեջանի նախագահը, չնայած կտրուկ դեմ էր, որ Ֆրանսիայի նախագահը ներգրավված լինի բանակցային գործընթացներին, սակայն այդ անգամ ըստ էության համաձայնեց, որ Ֆրանսիայի նախագահը մասնակցի ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը: Արդյունքում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում: Ադրբեջանի հիմնական նպատակն այն էր, որ իրենք փորձեն հետագայում ասել, որ Ֆրանսիան ներգրավվել է բանակցային գործընթացում: Իսկ բանակցային գործընթացում ներգրավված Ֆրանսիայի կտրուկ քայլերի դիմելու հավանականությունն ավելի քիչ է»:
2020-ի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատում հայանպաստ բանաձև քննարկվեց: Սենատն այդ ժամանակ ընդունեց բանաձև Արցախի ճանաչման վերաբերյալ: Թե ինչու այդ բանաձևի ընդունումը ռեալ պոլիտիկում ոչինչ չտվեց Արցախին ու Հայաստանին, և ի՞նչ կտա այս բանաձևի քննարկումը ՝ պարզաբանում է քաղաքագետը:
«Որովհետև Սենատի ընդունած բանաձևերը պարտադիր իրավական ուժ չունեն, սրանք ավելի շատ կոչ-խորհուրդ են Ֆրանսիայի ղեկավարությանը: Կընդունե՞ն այդ կոչը, թե՞ չեն ընդունի՝ որոշողը Ֆրանսիայի նախագահն ու կառավարությունն է: Նախատեսվող բանաձևի ընդունման դեպքում էլ նույն պատկերն է, չենք կարող ժխտել, որ նման բանաձևի ընդունումը մեծ նշանակություն կարող է ունենալ: Առնվազն կարող է լինել կոչ-փաստաթուղթ, որին անհրաժեշտության դեպքում կարող է հղում կատարել Ֆրանսիայի նախագահը՝ որևէ միջոցառում իրականացնելու ընթացքում նշելով, որ Սենատն այսպիսի բանաձև արդեն ընդունել է կամ այսպիսի կոչ արդեն արվել է օրենսդիր մարմնի կողմից»:
Ըստ բանաձևի նախագծի՝ օրենսդիր մարմինը դատապարտելու է օգոստոսի սկզբին Լաչինի միջանցքում և սեպտեմբերի 13-ին ու 14-ին Հայաստանի արևելյան շրջաններում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիաները։ Կոչ է արվելու Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես Թուրքիային, ապագայում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը։ Բայց Ֆրանսիայում այս բանաձևի ընդունումն ու, առավել ևս, դրա հիման վրա գործնական քայլերի դիմելու հավանականությունը շատ ցածր է՝ ասում է քաղաքագետը: Ֆրանսիան բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով է իր քայլերն առաջ տանում, և էմոցիոնալ հանգամանքն այդտեղ վերջին տեղում է:
«Այստեղ հաշվի են առնվում թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունները, օրինակ՝ 2020 թվականին դրանք ծայրահեղ լարված են եղել, հիմա էլ, կարելի է ասել, նույն իրավիճակն է, թե՛ Ռուսաստանի հետ առճակատման ֆոնին Եվրամիություն–Ադրբեջան հարաբերությունները: Ֆրանսիան, ճիշտ է, տնտեսական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, բայց ուղիղ կախվածություն ադրբեջանական գազից ու նավթից չունի: Բայց քանի որ Ֆրանսիան էլ Եվրամիության անդամ է և որքան էլ առանձին խաղացող լինի, միևնույն է, միության անդամները միասնական քաղաքականություն են վարում, հետևաբար նաև ռուս-ուկրաինական պատերազմի գործոնը կա»:
Բանաձևի քաղաքական նշանակությունն արդեն իսկ կարևոր է՝ ասում է Տարոն Հովհաննիսյանը, և Հայաստանը չպետք է ձեռքերը ծալած նստի, պետք է կարողանա այնպես կառուցել իր հարաբերությունները, որ հնարավոր բանաձևը կամ տրամադրվածությունը Ֆրանսիայի կողմից օգտագործի հօգուտ Հայաստանի: Նման կոչ է հնչել նաև Արցախից. «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր, հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը կարծում է, որ Արցախից պետք է պատվիրակություն մեկնի Ֆրանսիա :
«Հասկանում ենք, որ նրանք ուզում են արցախանպաստ որոշումներ կայացնել, մենք պետք է մեր աջակցությունն ու երախտագիտությունը պետք է հայտնենք, և դա պետք է պետական մակարդակով արվի»:
Ադրբեջանն, իհարկե, հաշվարկում է նաև այս ու նման այլ բանաձևերի ընդունումը: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում նրա շտապողականությունը մասամբ նաև դրանով է պայմանավորված՝ կարծում է քաղաքագետը: Տրամաբանությունն այն է, որ քաղաքական ճնշումները, նույնիսկ հնարավոր պատժամիջոցները կարող են արդարացված լինել, եթե մինչ այդ Ադրբեջանը կարողանա ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրմամբ զիջումներ կորզել Հայաստանից: Ահա թե ինչու պետք է հասնել նրան, որ ագրեսիվ քայլերի գինն Ադրբեջանի համար անհամեմատ թանկ ու ցավոտ լինի՝ թե՛ ռազմական, և թե՛ քաղաքական առումներով: