Նոյեմբերի 24, 2024

Ֆրանսիայի Սենատը որոշեց․ ոգևորվե՞լ, թե՞՝ հաշվարկներ անել

By Սրբուհի Վանյան Նոյեմբերի 16, 2022
Մինչ Սենատը պիտի ընդուներ որոշումը, հազարավոր հայեր ու բարեկամներ անձրևի տակ, ցուրտ եղանակին սպասում էին դրսում, որպեսզի համոզված լինեն, որ որոշումն ի նպաստ մեզ է լինելու` պատմում է  ՀՅԴ անդամ, Փարիզի  «Այբ ԷՖ ԷՄ» ռադիոյի տնօրեն Մարիետ Կարապետյանը։ 
 
«Բազմահարյուր ժողովուրդ երեկ Սենատի առջև էր։ Անհամբեր սպասում էին Սենատի որոշմանը, որպեսզի վստահ տուն գնան, վստահ լինեն, որ որոշումն ընդունվել է հեշտությամբ։ Մեծ աշխատանք էր տարվել և գիտեինք, որ պիտի անցներ, գիտեք, որ նման բանաձևերը մեկ օրվա մեջ չեն մշակվում»։ 
 
Նման բանաձևերի հետևում հսկայական կատարված աշխատանք է․ նոյեմբերի 15-ին ընդունված բանաձևի հիմնական կետերը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների ձեռնարկման, Ադրբեջանի՝ ՀՀ սուվերեն տարածքից և Լաչինի միջանցքից դուրս գալու վերաբերյալ էր, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերի հարգումն ու կատարումը՝ ասում է Մարիետ Կարապետյանը։ 
 
«Այս բանաձևը ներկայացրել են սենատորներ, որոնք հայ ժողովրդի մեծ բարեկամներն են։ Նրանք են կանգնած նաև 2020 թվականին ընդունված՝ Արցախի անկախության ընդունման բանաձևի հետևում»։ 
 
Հայ համայնքի ջանքերը նման փաստաթղթերի ընդունման մեջ ինքնանպատակ չեն․ 
 
«Արցախի գոյությունը, անվտանգությունը, անկախությունը որևէ ձևով պետք չէ երկրորդ պլան մղվեն․ հեշտությամբ կարելի է մոռացության մատնեն վերնախավը, բայց մեր տարած աշխատանքի շնորհիվ է իրենց անընդհատ հիշեցվում, որ արցախցին Արցախի մեջ է, Արցախը հայկական է, և պետք չէ ենթարկել ոչ նոր ցեղասպանության վտանգին, ոչ իր գոյության վտանգին»։ 
 
Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը դատապարտող բանաձևի ընդունմանն արձագանքել է ԱՀ ԱԳՆ-ն, նաև ԱԺ նախագահը՝ այն համարելով տրամաբանական շարունակությունը 2020թ․ նոյեմբեր 25-ին Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին ընդունած պատմական բանաձևի։ Քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ բանաձևի ընդունումը դրան նախորդած ու հաջորդող իրադարձությունների տրամաբանական շղթայի մեջ է դիտարկում։ «
 
Նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի նախագահն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունենում Իլհամի հետ, տեղեկացնում, որ նոյեմբերի 19-ին հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին, նոյեմբերի 15-ին Ինդոնեզիայի Բալի կղզում կայանում է Մակրոն-Էդողան հանդիպում, իսկ նույն օրը Ֆրանսիայի խորհրդարանը ընդունում է Ադրբեջանին դատապարտող բանաձեւ, որ խորհրդատվական է։ Որոշում պետք է կայացնի Մակրոնը։ Իսկ նա արդեն Իլհամին խոստացել է հայ-ադրբեջանական հարաբերություններում մնալ անկողմնակալ միջնորդ։ Ըստ երևույթին, նույն բանը նա այսօր ասել է նաև Էրդողանին։ Իսկ հայության մի ստվար զանգված, ինչպես սոցիալական մեդիայի և մամուլի արձագանքներից է երևում, արդեն հրճվում և հաճույքից ձեռքերը շփում է», -   գրում է Վահրամ Աթանեսյանը։ 
 
Ֆրանսիայի կառավարությունը կհաստատի՞ այն, թե՞՝ ոչ, Հայաստանն ինչպես կարձագանքի դրան, աշխարհաքաղաքական գործընթացներն ինչպիսի զարգացումներ կունենան՝ ժամանակը ցույց կտա․ Մարիետ Կարապետյան 
 
«Սպասենք, տեսնենք հայկական կառավարությունն ինչ արձագանք կունենա, համենայնդեպս, այս պահին պետք է սպասել, որ նաև Ազգային ժողովն ընդունի, դրանից հետո է, որ հարցը կմնա  կառավարությանը։ Այդ ժամանակ է, որ Հայաստանն իր հստակ կողմնորոշումը պետք է ներկայացնի»։  
 
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատականը հետևյալն է՝ բանաձևը  շատ կարևոր է մեզ՝ հայերիս համար, բայց պետք է գիտակցել, որ այն միտված է Ֆրանսիայի քաղաքական ու ռազմավարական շահերի սպասարկմանը, և այդ առումով մենք չպետք է զգայական մոտեցում ցուցաբերենք, այլ զննություն կատարելով, մեր քաղաքական շահերը սպասարկենք։  
 
«Սա մենք կարող ենք դիտարկել զուտ տեսականորեն, բայց պետք է դիտարկենք։ Քանի որ հասկանում ենք, թե այդօրինակ բովանդակությունը ինչպիսի զգացողականություն կպարունակի Բաքվի, և առավել ևս Անկարայի համար։Կասկած չկա, որ  Սենատի բանաձևը խոշոր հաշվով ունի ավելի լայն մոտիվացիոն շրջանակ, քան այն հարցերը, որոնք մեզ են առնչվում։ Իսկ այդ հարցում առանցքային գործոններից մեկը Թուրքիան է»։ 
 
Բադալյանը ուշագրավ է համարում այն, որ այնտեղ շեշտվում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ինչը նշանակում է, որ աշխատանքի դաշտ կա Ռուսաստանի, անուղղակիորեն՝ Իրանի հետ, և անհրաժեշտ է համարում ավելի լայն շրջանակում դիտարկել տեղի ունեցածը։ 
 
«Ֆրանսիան ունի համաշխարհային վերաբաժանումների դինամիկ և թեժ շրջափուլում իր դերը և տեղը ապահովելու խնդիր  և այս տեսանկյունից կարող են դիտարկվել ՌԴ հետ հարաբերության, Իրանի ուղղությամբ  հետաքրքրությունները»։  
 
Բանաձևը խորհրդատվական է․ այն գործիք է, որ Ֆրանսիան ստեղծում է իր համար, և նրա կիրառման աստիճանը կախված է լինելու այն անհրաժեշտություններից, որ կունենա Ֆրանսիան մի շարք ուղղություններով իր խնդիրները սպասարկելու համար։ Ֆրանսիայի դիրքորոշումը համահունչ է մեր խնդիրներին, մենք կարևորում ենք դա, բայց միաժամանակ քաղաքական զննությամբ պիտի փորձենք հասկանալ մեզ համար առաջացող հնարավորություններն ու ռիսկերը։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ