«Մեր պաշտպանության բանակը մեր ինքնապաշտպանվելու իրավունքի երաշխավորն է։ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն մենք իրավունք ունենք ինքապաշտպանվելու։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը մեր անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքներից մեկն է։ Այն եղել է, և լինելու է»,-ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախագահ Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 10-ի ելույթում հնչած ձևակերպմանը, թե Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը՝ միջազգային երաշխիքներով Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծման մասին, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ:
«Խոսքը ապառազմականցված գոտի ստեղծելու մասին է, ինչը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից, որտեղ նշվում է, որ շփման գծի երկայնքով տեղակայվում են ռուսական խաղաղապահ ուժերը։ Դրան զուգահեռ ՀՀ զինված ուժերը դուրս են բերվում շփման գծից։ Այսինքն, եթե շփման գծի երկայնքով տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը, և երկկողմանի զինված ուժերը հետ են քաշվում շփման գծից, նշանակում է, որ ապառազմականացված գոտի է ստեղծվում։ Ինչ վերաբերում է ԼՂՀ զինված ուժերին, ապա լուծարման մասին խոսք չկա ու չի կարող լինել»։
Հատկապես այն վտանգների պայմաններում, որոնք առկա են Ադրբեջանի կողմից, հնչում են նրա ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանության, ուժի կիրառման սպառնալիքների մեջ, մենք պարտավոր ենք և իրավունք ունենք կազմակերպելու մեր ինքնապաշտպանությունը՝ ասում է պատգամավորը։ Փաշինյանի խոսքը ՊԲ լուծարման մասին չէ՝ «Արցախ» լրատվականին ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի խոսքը։
«ԱՀ իշխանությունների առաջարկը ոչ թե Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը լուծարելու և պաշտպանական համակարգի կազմալուծման մասին էր, այլ որոշակի պարամետրերով և միջազգային երաշխիքներով ապառազմականացված գոտի ունենալու դեպքում ՝ԱՀ Պաշտպանության բանակի մասշտաբի վերանայման: Այս փուլում,հաշվի առնելով արտաքին մարտահրավերներն ու տարածաշրջանի անվտանգային անկայուն միջավայրը, ԱՀ իշխանությունները ընտրել են սեփական պաշտպանական համակարգի կատարելագործման ճանապարհը»:
2022 թվականի նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար: Այն մասին, որ միջազգային հանրության լռությունը, ոչ համարժեք արձագանքը Ալիևի գործողություններին կարող է բերել նոր ցեղասպանության ՝ Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, ահազանգել է նաև Արցախի Ազգային ժողովը՝ վերջերս տեղի ունեցած մեծ հանրահավաքի ու ԱԺ ընդունած հայտարարությունում՝ ասում է Արթուր Հարությունյանը։
«Այսինքն, չարձագանքելը ու գործնական քայլեր չձեռնարկելը լինելու է Ադրբեջանի համար նոր ցեղասպանություն իրագործելու արտոնագիր։ Մենք ԱԺ հայտարարությամբ էլ ի լուր աշխարհի հայտարարել ենք դրա մասին։ Եվ Ալիևի վերջին ելույթը Շուշիից այդ բացահայտ սպառնալիքներն էին, որ հնչում էին ՀՀ և ԼՂՀ հասցեին, ինչն էլ վկայում է Ադրբեջանի իրական նպատակի՝ հայերին ցեղասպանելու մասին»։
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, այստեղ պատգամավորը համաձայն է Նիկոլ Փաշինյանի հետ, որ խոսք անգամ չի կարող լինել Լաչինի միջանցքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջև զուգահեռներ անցկացնելու մասին, դրանք ձեռք բերված պայմանավորվածությունների մեջ չկան ու Ադրբեջանի հերթական մանիպուլյատիվ խոսույթի ու գործողությունների մաս են։
«Իրականում անհեթեթություն է։ Լաչինի միջանցքի մասով հստակ նշված է, որ դա միջանցք է՝ ԼՂ-ն ՀՀ հետ անխափան կապելու համար, և այն անմիջապես ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ է։ Մյուս կետը, որտեղ նշվում է տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մասին, որևէ զուգահեռ չի կարող ունենալ Լաչինի միջանցքի հետ»։
Խաղաղապահների մասով․ այսօր այստեղ հայության մնալու, տարածաշրջանում կայունության հիմնական երաշխավորներից մեկը ռուս խաղաղապահ առաքելությունն է՝ ասում է Արթուր Հարությունյանը։
«Մեր տեսակետն այն է, որ մինչև ԼՂ հակամարտության արդարացի լուծում չլինի, ՌԴ խաղաղապահները պետք է տեղակայված լինեն տարածաշրջանում, խաղաղության ու կայունության ապահովման համար։ Հակառակ դեպքում մենք կանգնելու ենք գոյաբանական խնդրի, էթնիկ զտումների, պատերազմի առաջ»։
Ադրբեջանն առաջին անգամ չէ խախտում ձեռք բերված պայմանավորվածությունները․ 2020 թվականի արցախյան պատերազմից հետո ամենաբարձր մակարդակով ձեռք բերված փաստաթղթերի կետերը խախտվում են հենց պատերազմի ավարտի առաջին իսկ օրվանից։ Դա նշանակում է՝
«Ադրբեջանը չի ցանկանում իրական խաղաղություն, այլ փորձում է միակողմանի պարտադրել խաղաղությունը՝ իր պայմաններով։ Չի կարող գոյություն ունենալ նման օրակարգ։ Սպառնալիքի, պարտադրանքի տակ չի կարող խաղաղության պայմանագիր կնքվել։ Դա իրական խաղաղություն տարածաշրջանում չի ապահովելու»։
Ի՞նչ անել, ո՞րն է մեր քայլը նման իրավիճակում, նման հարևանի կողքին․ պատգամավորը միակ ելքը պայքարի մեջ է տեսնում․ օրինական պայքարի․ դեռ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը հռչակելով անկախ պետություն, հանրաքվեով արտահայտել ենք մեր կամքը, իրացնելով մեր ինքորոշման իրավունքը։ «Մենք պայքարելու ենք մինչև վերջ և մեր իրավունքը որևէ մեկին օտարելու, դրանից հրաժարվելու մտադրություն չունենք, ասում է, և մեր ասելիքն այն է, որ աշխարհը հաշվի նստի իր իսկ ընդունած օրենքների հետ» ։