Նոյեմբերի 24, 2024

ԱՀ նոր կառավարությունը ձևովոևվելու է 2023 թ․ հունվարի սկզբին

By Վիկտորյա Սարգսյան Դեկտեմբերի 08, 2022
Պատգամավորների  հարցերը վերաբերում էին բյուջե 2023-ին, կառավարության ձևավորմանը, երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերին։ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ երբ բյուջեն արդեն իսկ կազմվել էր, անակնկալ կերպով գերատեսչությունների ղեկավարները ազատվեցին պաշտոններից։ Բյուջեի քննարկման ժամանակ զեկուցողները քիչ էին տեղեկացված և շատ հարցեր մնացին անպատասխան։ Պատգամավորը հետաքրքվեց՝ ինչով էր պայմանավորված նման որոշումը։ Պատասխանելով հարցին Ռուբեն Վարդանյանը նախ նշեց, որ այդ որոշումը անակնկալ չէր։ Երբ հանրապետության նախագահը նշանակեց նրան պետնախարարի պաշտոնում, նաև հայտարարեց որ բոլոր նախարարները ազատված են աշխատանքից։ Եվ դա աշխարհում ընդունված պրակտիկա է։ 
 
«Դա չի նշանակում, որ բոլոր նախարարները վատ են աշխատել կամ չեն կարող մնալ նոր կառավարությունում։ Բայց մենք որոշել ենք, որ նոր դարաշրջան ենք սկսում, որովհետև անցած 2 տարին պահանջում էր մի բան, հիմա պահանջներն այլ են։ Նոր մարտահրավերներ ունենք՝ արտաքին, ներքին, տնտեսական, սոցիալական, անվտանգության հետ կապված հարցեր։ Եվ երբ կձևավորվի ռազմավարությունն ու  նպատակներին հասնելու ձևերը, պարզ կլինի, թե որ մարդիկ ավելի ճիշտ կաշխատեն։ Որովհետև, ի վերջո, պաշտոնը պարտականություն է»։ 
 
Նախատեսո՞ւմ է արդյոք կառավարությունը սոցիալական նոր ծրագրեր 2023թ․-ին՝ հարցը «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանինն է։ Պետնախարարի խոսքով՝ նոր ծրագրեր չեն նախատեսվում։ Նախևառաջ պետք է քննարկել գործող ծրագրերի արդյունավետությունը։ Անդրադառնալով «Արցախի ժողովրդավարական կուսակցության»  պատգամավոր Գեղամ Ստեփանյանի հարցին՝ թե  կոնցեպտուալ առումով ինչ կարելի է սպասել նոր բյուջեից, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է։ 
 
«Մենք իրականությունից դուրս բյուջե ունենք և ապրում ենք իրականությունից դուրս։ Դրա համար մենք նախ պետք է գանք իրականության։ Նոր ծրագրերի քննարկում չի եղել, որովհետև ինձ թում է՝ ցավալի կլիներ, եթե դուք ծրագրեր առաջարկեիք, իսկ մենք ասեինք չկա գումար և հնարավորություն դա իրականացնելու։ Դրա համար ուզում եմ ասել, որ բյուջեն նախ պիտի դառնա ռեալիստական»։ Ինչպիսինն է լինելու նոր կառավարության կադրային քաղաքականությունը։ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հարցրեց, թե ե՞րբ և ի՞նչ չափորոշիչներով է կազմվելու նոր կառավարությունը։ 
 
«Մենք կունենանք թիմը, ինձ թվում է, հունվարի սկզբին»։  
 
Պետնախարարը նշել է նաև, որ սպասվում է պետական համակարգի վերաձևավորում, նոր բյուջեն պետք է կառուցված լինի զարգացման ծրագրերի վրա, իրականացվելիք բարեփոխումները լրացուցիչ ծախսեր կպահանջեն:  
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ