Երեք օր է, Ադրբեջանի քաղաքականությունն ու ու քարոզչական դաշտը վերածվել է զուգահեռ իրականության։ Ամբողջ պետական քարոզչամեքենան լծվել է արդարացնելու, այսպես կոչված, «բնապահպանների» ակցիան՝ հրապարակ բերելով ամենաանհիմն թեզերը։ Իսկ շրջանառվող թեզերը մի քանիսն են։ Երբեմն դրանք ծնվում են իրադարձությունների զարգացումներին զուգահեռ, ինչպես օրինակ, երբ աշխարհի տարբեր կենտրոններից սկսեցին Ադրբեջանի հասցեին դատապարտող կոչեր հնչել, «պարզվեց», որ ոչ թե «ադրբեջանցի էկոլոգներն» են փակել Արցախի կյանքի ճանապարհը, այլ ռուս խաղաղապահները։ Բայց որպես կանոն, այդ թեզերը ծնվում են հակակշռելու հայկական կողմի ներկայացրած մեղադրանքներն ու փաստարկները։
Այսպես, թեզ համար առաջին․ բնապահպանական խնդիրներ․
Դեկտեմբերի 3-ից շրջանառվող թեզը, թե Արցախի «կյանքի ճանապարհը» արգելափակած ադրբեջանցիները խաղաղ ցուցարարներ են և մտահոգված են բացառապես բնապահպանական խնդիրներով, հօդս է ցնդում, երբ տեսնում ենք Շուշի-Քարինտակ հատվածում հավաքված ադրբեջանցիների՝ թուրք ազգայնական «Գորշ գայլերի» նշանի անկաշկանդ ցուցադրումը։ Թե ինչ է խորհրդանշում այդ նշանը, թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն է պատմում։
« Երկու իմաստ է իր մեջ ներառում, մեկը, որ «Մենք թյուրք ենք» և, իհարկե, մյուսը, որն ավելի հայտնի է՝ հաղթանակ։ Այսինքն խոսել, որ հայերն ու ադրբեջանցիները կաորղ են հաշտություն, խաղաղություն ունենալ նման չակերտավոր «էկոլոգների» հետ շփումներում, առնվազն միամտություն է։ Գաղտնիք չէ, որ նաև Թուրքիայում ազգայնականներն են գլխավոր խոչընդոտը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին»։
Ըստ ազգայնականների գաղափարի՝ ճկույթը թուրքն է, ցուցամատը՝ իսլամը և այս նշանը խորհրդանշում է թյուրքական ցեղերի ազատության ձգտումը։ Բավարար է միայն հիշել թուրքական «Ազգային Շարժում» կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի մեկնաբանությունն իրենց այս նշանի վերաբերյալ։
«Իսկ ինչպես մեկնաբանեց Ալփարսլան Թյուրքեշը, հետևյալ կերպ․որ «մենք թյուրք իսլամական կնիքը խփում ենք աշխարհի վրա։ Այսինքն սա պետք է հաշվի առնել՝թե ինչպես պետք է այս հարցին մոտենալ։ Սա կարծում եմ կարևոր է թե՛ ՀՀ իշխանությունների, անվտանգային ուժերի համար, թե՛ Ռուսաստանի իշխանությունների համար, որոնք տեսնում են, թե ինչ է կատարվում միջանցքում և ինչպիսի իրադարձություններ են այնտեղ տեղի ունենում այս օրերին»։
Թեզ համար երկու․ ցեղասպանության վտանգ
Արցախում ապրող 120 000 հայի գլխին կախված նոր ցեղասպանության վտանգի մասին Ադրբեջանում մշտական հեգնանքով են խոսում։ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիները պնդում են՝ մենք արցախցիների հետ խնդիր չունենք, իսկ ցեղասպանության մասին խոսք գնալ չի կարող։ Ցեղասպանագետ Արմինե Անտոնյանը նկատում է՝ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի քաղաքականությանը բնորոշ է ամենածանր հանցագործություններն անգամ մարդասիրական նպատակներով քողարկելը և բնականաբարԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը ևս պետք է այս տրամաբանության մեջ դիտարկենք։
«Իրենք բնական է, որ դա բնապահպանական խնդիր են ներկայացնում, ներկայացնում են արցախցիներին իրենց քաղաքացիներ և, հետևելով իրենց լրահոսին, որոշակի հեգնանքով են վերաբրեվում անգամ ցեղասպանագիտական ահազանգներին, դրա վտանգի առկայության մասին։ Բայց էստեղ իրենց թեզերը քննադատության չեն դիմանում։ Նախ նշեմ, որ Ադրբեջանի քաղաքականության մեջ ցեղասպանության վտանգի առկայության մասին միայն Հայաստանը չէ, որ ահազանգում է։ Ցեղասպանագետների միջազգային ասոցիցաիան հենց պատերազմի ժամանակ ահազանգել է ցեղասպանության ամենաբարձր՝ 9-րդ և 10-րդ աստիճանի մասին» ։
Թեզ համար երեք՝ ինտեգրում․ Որքան ավելի է սեղմվում օղակը արցախցիներիս շուրջ, այնքան ավելի ցինիկ են դառնում ադրբեջանական կողմից հնչող ինտեգրման հրավերները։ Պարզվում է, այնտեղ մեզ սիրով սպասում են և պատրաստ են երաշխավորել մեր իրավունքները, որպես իրենց երկրի քաղաքացիներ։ Սակայն մեկ բան են խոսքերը, մեկ ուրիշ՝ փաստացի գործողությունները։ Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան Արցախի ամբողջ տարածքում դադարեցվել է նաև բնական գազի մատակարարումը։ Ցեղասպանագետն այստեղ էլ նկատում է՝ այս կոնտեքստում էլ Ադրբեջանի խաղաղասիրական պնդումներն անհիմն են դառնում, երբ հիշում ենք 1948 թվականին ընդունված Ցեղասպանությունների կանխարգելման մասին կոնվենցիան, որտեղ հատուկ դրույթով անդրադարձ է կատարվում նաև դեպքերին, երբ միտումնավոր կերպով ստեղծվում են մարդու կյանքի հետ անհամատեղելի պայմաններ, որ կարող են հանգեցնել մահվան։
«Հաշվի առնելով, որ Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհի փակումը և գազամատակարարման դադարեցումը ձմեռվա պայմաններում կարող են հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնել արցախահայությանը և դա արվում է պետական մակարդակով, ապա ադրբեջանցիների, այսպես կոչված, «բնապահպանական» թեզերը առ ոչինչ են դառնում հենց կոնվենցիայի այս դրույթը հաշվի առնելով»։
Անտոնյանը շեշտում է՝ ըստ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի, զոհերի առկայությունը և դրանց քանակը հանցագործության որակման հետ որևէ կապ չունի։
«Կարևոր են հանգամանքները, միտումը, պետության մասնակցությունն ու ներգրավվածությունը»։
Իսկ զուգահեռ իրականությունում Ադրբեջանը շարունակում է հավաստիացնել, որ ոչ մի կապ չունի Ղարաբաղում գազամատակարարման դադարեցման հետ։