Նոյեմբերի 22, 2024

Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները և ադրբեջանական քարոզչության խաղաթղթե տնակը

By Դավիթ Եղիազարյան Օգոստոսի 02, 2023

Վերջին ամիսներին գործադրվող միջնորդական ջանքերը` Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ կարծես թե հասել էին իրենց հանգուցալուծմանը, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հրաժարվել է Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումներից:

 

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում երեկ հայտնեց, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև անցկացնել բանակցություններ սլովակյան Բրատիսլավայում, սակայն Ադրբեջանը չեղարկել է հանդիպումը.

«Բաքուն արդեն մի քանի անգամ է փորձում է պարտադրել, որ Արցախից մարդ գնա Բաքու կամ Եվլախ, այսպես կոչված, բանակցությունների: Մենք բոլորս գիտենք՝ ինչ է այնտեղ կատարվելու, որ որևէ բանակցություն-երկխոսություն չի կարող գնալ։ Նրանք եթե պարտադրում են մեզ գնալ այնտեղ, ապա պատկերացնում եմ՝ ինչպիսի խոսակցություն է տեղի ունենալու: Այս ֆոնին Եվրոպան և ԱՄՆ-ն փորձ են կատարում հանդիպում կազմակերպել այլ երկրում` երրորդ երկրում: Սկզբից, օգոստոսի 1-ին պետք է տեղի ունենար հանդիպում, նախնական` Սոֆիայում, Արցախի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների միջև: Հետո Ռուսաստանն, այդ ամենը իմանալով, խաղի մեջ մտավ, փորձեց առաջ անցնել և Լավրովն ամսի 25-ին հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում նա մեզ կոչեց «ազգային փոքրամասնություն», ինչն անընդունելի է և որը ցույց տվեց ՌԴ իշխանության այսօրվա քաղաքականությունը»:

Դա, մեծ հաշվով, անակնկալ չէր, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի բռնապետն այնքան է բարձրացրել խաղադրույքները բանակցային գործընթացում, և արցախյան հիմնախնդրի լուծված լինելու վերաբերյալ այն ծավալի ստով է կերակրել սեփական ժողովրդին, որ նմանատիպ ցանկացած բանակցություն երկրի ներսում կխարխլի հենց Ալիևի դիրքերը:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը վստահ է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է խուսափել Ստեփանակերտի հետ հավասարը հավասարի սկզբունքով բանակցություններից.

«Ադրբեջանի կոնցեպտը, որն այն հայտարարում է 44-օրյա պատերազմից հետո ու մինչ այսօր, համենայն դեպս, դեպի մեղմացում չի փոխվել` ընդհանրապես: Եւ նույն ծիրի մեջ է, որ որևէ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որևէ ինքնավարության ձև լինել չի կարող, հավասարը հավասարի հետ բանակցություններ լինել չեն կարող, կան Ադրբեջանի քաղաքացիներ` ծագումով հայ, և իրենք մեծահոգաբար թույլ են տալիս, որ ընդունելով Ադրբեջան պետության խաղի կանոնները, այդ հայերը կարող են մնալ տեղում և ապրել: Հիշեցնեմ, որ խաղի կանոններն ընդունելը նշանակում է նաև քաղաքացիական և մարդու իրավունքների մի զգալի հատվածից հրաժարում: Ոչ միայն ազգային իրավունքերից, այլ նաև` անհատական: Որովհետև Ադրբեջանն այդպիսի պետություն է, որտեղ անկախ ազգությունից, քաղաքացիները քաղաքացիական իրավունքներ, մեծ առումով, չունեն: Սա է իրենց պահանջը: Եւ արևմտյան ցանկացած ձևաչափում բանակցություն, անկախ իրենց հռետորաբանությունից, ըստ էության, հակասում է այդ տեսությանը: Այդ պատճառով է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի խուսափի արևմտյան ձևաչափով բանակցություններից:»

Անդրադառնալով Քաշաթաղի միջանցքից Կարմիր խաչի բուժառուի առևանգման և Երևանից Արցախ ուղարկվող մարդասիրական շարասյան ճանապարհի արգելափակման թեմային, քաղաքագետը կարծում է, որ այդ քայլերն ուղղված են իրավիճակը սրելու միջոցով բանակցությունները ձախողելուն:

«Սա էսկալացիայի սրում է, և էսկալացիայի սրման, ես ցավով պիտի ասեմ, տրամաբանական ելքը կարող է լինել ուղղակի ագրեսիան Արցախի դեմ: Իրենք ստեղծում են հանգամանքներ, որոնք տապալում են խաղաղ բանակցությունները, իսկ խաղաղ բանակցությունների բացակայությունը, Ադրբեջանն ընկալում է որպես պատերազմի հնարավորություն: Դրա մասին Ալիևը բազմիցս ասել է: Դա իր բոլոր ճառերի լեյտմոտիվն է, որ դուք երեսուն տարի մեզ խաղաղ բանակցություններով խաբում էիք, վերջում նույնիսկ Հայաստանը հրաժարվեց այդ բանակցություններից, և մենք ստացանք լեգիտիմ իրավունք հարձակվելու»:

Վերջին օրերին` հայ-ադրբեջանական հակամարտությունը և բանակցային գործընթացն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում է: Հովհաննիսյանը նշում է, որ թեև բանավոր ճնշումներին, այս փուլում դեռ իրատեսական չէ այդ հարցում ավելի գործնական քայլեր սպասել միջնորդներից:

«Ադրբեջանի վրա ճնշման մեխանիզմների մասին դժվար է խոսել: Ճնշումը գործադրվում է: Ես համոզված եմ, որ, օրինակ, արևմտյան երկրները, որոնք այս կողմից են տուժող, քանի որ իրենց առաջարկած ձևաչափերը տապալվում են, փորձում են ճնշման ինչ-որ հնարավոր ձևեր կիրառել, բայց քանի որ իրենց վերջնական միջամտության ձևը բավական մշուշոտ է, կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ, ռեսուրսներն ամբողջությամբ այնտեղ ուղղորդելու և այլ գործոնների հետ, ապա` նույնիսկ դժվարանում եմ ասել, թե որոնք են այդ մեխանիզմները: Բայց որ Բլինքենի զանգը, և դեսպանների ներկա լինելը Կոռնիձորում, և այլ, դա այդ ճնշման մի մասն է, և նախերգանքն է, դա միանշանակ է: Բայց ցավոք, ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի դեմ ճնշումների, Ադրբեջանի դեմ ճնշումների միասնական պատկերացում և մեխանիզմներ դեռ գոյություն չունի»:

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը, ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանի պահանջները շատ առավելապաշտական են, և ոչ մի դեպքում չի կարելի տեղի տալ դրանց.

«Անկլավներ, լիակատար հրաժարում Արցախին աջակցությունից` բացի ինչ-որ մշակութային ընդհանուր կապերից: Ադրբեջանը, քանի որ մնալու է թշնամական երկիր, այդ ամենը չի խրախուսվելու և ցանկացած կապ Հայաստանի հետ, փաստորեն, կիսաօրինական կամ անօրինական վիճակում է լինելու: Դա է զիջումը: ՀՀ տարածքով միջանցքն է զիջումը: Գլոբալ առումով, Հայաստանը պետք է հրաժարվի ռազմաքաղաքական միավոր լինելու ցանկացած հեռանկարից: Սա այն է, ինչ պահանջում է Ադրբեջանը: Հիմա, սրանցից որն է Միլերը համարում ընդունելի, չեմ կարող ասել»:

Արմեն Հովհաննիսյանը նշում է, որ Ռուսաստանն ընդդիմանում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններին, քանի որ այդ ձևաչափի հաջողության դեպքում կկանգնի տարածաշրջանից դուրս մղման վտանգի առջև.

«2020 թվականին կատարվեց Մինսկի խմբի ձևաչափի փաստացի, չասեմ` ոչնչացում, բայց դիվերսիա էր այդ ձևաչափի դեմ: Եւ այդ դիվերսիայում ՌԴ-ը մեծ դեր խաղաց: Կա բառակապակցություն` «գողը տնից դուրս եկավ»: Այսինքն` համանախագահներից մեկը մասնակցեց այդ ձևաչափը փակելու դավադրությանը: Պայմանական դավադրությանը: Պայմանավորվածության գալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Եւ հիմա ցանկացած ձևաչափ, որը գոնե հեռավոր կերպով հիշեցնում է Մինսկի խումբը, կամ նմանատիպ ձևաչափեր, Ռուսաստանի համար փաստորեն բոլոր ջանքերի տապալում է: Երկրորդը` այսպիսի հակամարտություն չկար մինչև ռուս-ուկրաինական պատերազմը, մինչ 2022 թվականը, Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Այսօրվա պայմաններում նմանատիպ ձևաչափը կարող է նշանակել Ռուսաստանի ընդհանրապես հեռացում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից, և կրկնում եմ` Հարավային Կովկասից»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ երեկոյան գրառում է կատարել ՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունն օր առաջ կդադարեցվի միջազգային գործուն ու խիստ միջամտության արդյունքում:

Նա նաև նշել է, որ նախատեսում է մի քանի օրից բացառիկ հարցազրույց տալ Արցախի հանրային հեռուստատեսությանը, ներկայացնելու համար իրավիճակը, ռիսկերն ու հեռանկարները:

Այդ հարցազրույցի ընթացքում, անկասկած, կհնչեն հասարակությանը հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ:

Last modified on Չորեքշաբթի, 02 Օգոստոսի 2023 08:20
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ