Նոյեմբերի 27, 2024

Հայացք ներսից․ Կարեն Բեքարյանը շրջափակման հնարավորություններն է բացահայտում

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 15, 2022
Չնայած արցախյան գործուղման երկարաձգումը բացասական է անդրադառնում այն գործերի վրա, որ պիտի կատարվեն Երևանում, այնուամենայնիվ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը  սրանից լավ հնարավորություն չի տեսնում ներսից՝ լիարժեք զգալու այն, ինչի միջով անցնում են Արցախում ապրող մարդիկ, և ինչպես է այն անդրադառնում նրանց վրա։ Իսկ խնդիրը ներսից տեսնելը ցանկացած վերլուծության ու տեսության կարևոր բաղադրիչ է։ 
 
«Ցանկացած տեսությանը, վերլուծությանը գումարվում է պրակտիկան։ Այն, ինչ տեսնում ու զգում ես մարդկանց հետ շփումով։ Երբ հեռվում ես, ու սիրտդ ցավում է, ցանկացած բան ավելի ծանր ես տանում՝  նեղ, միջանձնային հարաբերություններից մինչև հանրային ընկալման էլեմենտներ։ Մյուս կողմից էլ, եթե ներսում ես, հարցը շատ ավելի բազմակողմ ես պատկերացնում, իր բոլոր բաղկացուցիչներով։ Նաև՝ ժամանակի ու տարածության մեջ, ինչը հնարավոր չէ դրսից զգալ։ Հետևաբար, տեսանելի ու հասկանալի է, թե ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած, ինչ արհավիրքի, որ պարտության էջը չենք կարողանում փակել։ Հասկանալի է, որ եթե ինչ-որ մարդկանց համար սա տեսական է, Արցախի մեր հայրենակիցների համար անմիջականորեն վերաբերում է իրենց կյանքին ու առօրային՝ ամենժամյա ռեժիմով»։ 
 
Կարեն Բեքարյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ սկսում ենք մոռանալ մի փաստ. 2020թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունն ունի երեք կողմ։ 
 
«Մի հարց, որ շատ վատ է։ Հայտարարությունն ունի երեք կողմ և այնտեղ չկա Արցախն անմիջականորեն։ Բայց այն ունի երեք կողմ, և հիմա, երբ Ադրբեջանը բավականին ցինիկ ձևով, ոչ առաջին անգամ գնում է այդ եռակողմ համաձայնության դրույթների խախտման, այն էլ նման հարցում, որը բերում է հումանիտար աղետների միտում։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչ են անում համաձայնագիրը ստորագրած մյուս երկու կողմերը՝ Հայաստանի հանրապետությունը, և ՌԴ-ն՝ թե որպես միջնորդ, և թե այդ հողի վրա խաղաղապահ առաքելութուն իրականացնող»։ 
 
Նրա կարծիքով՝  հենց այստեղ է բանալին, թե որտեղ ինչ գործողությունների կարիք ունի Արցախն ու Արցախի իշխանությունը, ինչպես նաև հայ ժողովուրդը՝ Հայաստանի հանրապետությունում և Սփյուռքում։ «Այսօր փաստացի ունենք մի իրավիճակ, երբ Ռուսաստանի խաղաղապահ գործունեությունը պարալիզացվում է Ադրբեջանի կողմից,-ասում է զրուցակիցս ու հավելում՝ ակնկալվո՞ւմ է, որ այս հարցը պիտի լուծում ունենա, չէ ո՞ր Ադրբեջանը նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնել էր պարտավորություն՝ ապահովել Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը  ու այսօր խախտում է այդ պարտավորությունը»։  
 
«Իսկ գուցե ճիշտ պահն է, որ գործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը, և եթե դու ցամաքային պարտավորությունդ չես կատարում, Լաչինի միջանցքի անխափան գործունեություն չկա, հետևաբար օդը պետք է փակվի, որպեսզի օդային տարածք զինուժ չբարձրանա, և բոլոր հրատապ փոխադրումները, ուղևորափոխադրումները իրականացվեն օդային տարածքով»։ 
 
Ճիշտ է, ադրբեջանական մեդիահարթակները ողողված են սպառնալիքներով, որ Արցախի տարածքում օդ բարձրացող  ինքնաթիռներն անմիջապես կխփվեն։  «Թող չփորձեն, քանի որ թուրքական  F-16-երը պատրաստ սպասում են»,-հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը։ Իսկ  ինքնաթիռներն Ադրբեջան էին բերվել այս սադրանքից օրեր առաջ, զորավարժությունների քողի տակ։ Ադրբեջանի նման պահվածքի պայմաններում Ռուսաստանը պետք է մտածի նաև խաղաղապահ զորակազմի ավելացման մասին, քանի որ  Ադրբեջանի  այս կարգի սադրանքներն անվտանգային երաշխիքներ չեն ապահովում արցախահայության համար, ինչի երաշխավորությունը ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը։ Դրանից, ըստ քաղաքագետի, պարզ է դառնում, որ խոսել խաղաղապահ առաքելության ինչ-որ ժամկետի ու մանդատի մասին՝ անիմաստ է։ 
 
«Ավելի լայն նայելու դեպքում՝ սրանից լայն ապացույց Ադրբեջանը կարո՞ղ է ներկայացնել աշխարհին, որ միակ հնարավոր տարբերակը «անջատում հանուն փրկության» տարբերակն է, և  որ արցախահայերը գոյաբանական վտանգի առաջ են կանգնած»:
 
 Նստել ու սպասել արդարության՝ չի կարելի։ Առաջին հերթին՝ Արցախն իր իշխանություններով, Հայաստանի իշխանություններն իրենց հերթին: Դրան զուգահեռ՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կոնսոլիդացիայի, համախմբման մեծ կարիք կա՝ ասում է, մի կողմ թողնելով քաղաքական հայացքներն ու բոլոր բաժանարար գծերը։ Տեսակետը, որ Հայաստանն ու Արցախը մենակ են այսօր և աշխարհակարգի փոփոխման այս խառը ժամանակաշրջանում չունեն դաշնակիցներ՝ Կարեն Բեքարյանը չի կիսում։ 
 
«Ես ունեմ վստահություն, որ էներգիայի լիցքի, ներդրումը հնարավոր չէ անհետևանք ու անարդյունք մնա։ Մենք խնդիր ունենք ամեն հնարավորն անելու։  Այդ դեպքում կլուծենք մեր խնդիրները։ Մենք պետք է գիտակցենք՝ Հայաստանը (Հայաստանը միայն, և առաջին հերթին՝ իշխանությունները չեն) ունեցել է և ունի բարեկամներ աշխարհում»։
 
 Այլ հարց է՝ ինչպես ենք կարողանում այդ ռեսուրսն օգտագործել։ Հարցի լուծումն առաջին հերթին մեր մեջ պիտի փնտրենք, իսկ արդեն քայլեր ձեռնարկելիս կտեսնենք, որ մեր կողքին կանգնողներ գտնվելու են։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ