Նոյեմբերի 24, 2024

Կոչեր՝ առանց պատժամիջոցների մասին ակնարկի. ի՞նչ կփոխի ՄԱԿ-ի ԱԽ նիստը

By Սոֆյա Հակոբյան Դեկտեմբերի 21, 2022
Նախօրեին կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը՝ կապված Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ։ Հայաստանի դիմումի հիման վրա կայացած նիստը դիվանագիտական դաշտում հիմնականում գնահատում են դրական՝ հաշվի առնելով խնդրի միջազգայնացումը։ Քաղաքագետ Արմինե Անտոնյանը «Արցախ» լրատվականի հետ զրույցում նկատում է՝ գրեթե բոլոր երկրներն այս անգամ հասցեական կոչեր են հղել Ադրբեջանին և շեշտել Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը, ինչը հայկական կողմը կարող է համարել դիվանագիտական ձեռքբերում։ 
 
«Կարևոր է արձանագրել, որ առնվազն հայտարարությունների մակարդակում Ադրբեջանի գործողությունները ելույթների մեծամասնությամբ հասցեական գնահատականների արժանացան։ Մեծ մասում հնչեցին հստակ թեզեր ռազմական ճանապարհով խնդրի լուծման անընդունելիության մասին։ Կարևոր է արձանագրել նաև, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր մշտական 5 անդամները հստակ կոչերով հանդես եկան Լաչինի միջանցքն ապաշրջափակելու մասին»։
 
 Ըստ քաղաքագետի՝ ոչ միանշանակ, բայց դրական կարելի է գնահատել խնդրի միջազգայնացումը։
 
«Ինչու եմ ասում ոչ միանշանակ, որովհետև առկա ՌԴ-Արևմուտք հակասությունները ևս կարող են իրենց բացասական ազդեցությունը ունենալ։ Բայց ընդհանուր առմամբ, այո, կարելի է դրական գնահատել, որ խնդիրն, այնուամենայնիվ, միջազգայնացվեց»։ 
 
Մասնագետը նկատում է՝ ՌԴ ներկայացուցչի խոսքում միջանցքի ապաշրջափակման մասին կոչ թեև հնչեց, սակայն հասցեական քննադատություններ, ցավոք, չտեսանք։
 
 «Որոշակի լղոզված ձևակերպումներ կային ՌԴ ներկայացուցչի ելույթի մեջ։ Հայտարարություն արվեց Լաչինի միջանցքով տեղաշարժվելու հնարավորության վերականգման անհրաժեշտության մասին, բայց հասցեական քննադատություն Ադրբեջանի հասցեին չհնչեց։ Անգամ նշվեց միջանցքի մասնակի բաց լինելու մասին, ինչը մենք գիտենք, որ իրականությանը չի համապատասխանում»։ 
 
Փորձագետը միանշանակ դրական է գնահատում փաստը, որ նիստի ժամանակ հստակ շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման կարևորության հարցը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների շարունակման ահրաժեշտությունը, որն Ադրբեջանը մերժում է՝ կարգավիճակի հարցը համարելով փակված։ Անտոնյանը Հայաստանի ԱԳՆ-ի աշխատանքը նույնպես ընդհանուր առմամբ դրական է գնահատում, կարծում է՝ հայկական դիվանագիտական կորպուսը ճիշտ թեզերով է հանդես եկել։ Բացթողումները մասնագետը հիմնականում վերագրում է ցեղասպանության վտանգի մասին պնդումներում իրավական հիմնավորումներին:
 
«Մենք չպետք է մոռանանք, որ ունենք 1915 թիվ և երբ մենք խոսոմ ենք ցեղասպանության վտանգից, ապա դա կարող է թյուրընկալում ունենալ, որ հայերն են, որ միշտ սիրում են խոսել ցեղասպանությունից։ Ուստի մենք պարտավոր ենք այս մասով առավելագույնս գրագետ և հիմնավոր ներկայանալ հղում անել օրինակ հենց ՄԱԿ-ի կողմից ընդունված ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի դույթների։ Ինձ համար որոշակի անհասկանալի զգուշություն կար այս հարցում»։
 
 Ըստ քաղաքագետի՝ հայկական կողմը պետք է հետևողական լինի հնչած կոչերի հիման վրա հստակ գործնական մեխանիզմներ ձևավորելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում՝ եթե անգամ հիմա մենք ունենանք իրավիճակային լուծում, ապա մեկ-երկու ամիս անց կարող ենք կանգնել նույն մարտահրավերի առաջ։ Սոֆյա Հակոբյան, «Արցախ» լրատվական
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ