Նոյեմբերի 24, 2024

Հանդիպումը չչեղարկվեց․ Հայաստանը շահե՞ց, թե՞ կորցրեց

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 23, 2022

Չնայած Հայաստանի արտգործնախարարության խնդրանքին հետաձգել  Մոսկվայում նախատեսված Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումը, հայտարարվել է, որ այն, այնուամենայնիվ, կայանում է երկկողմ՝ Բայրամով-Լավրով ձևաչափով։ Դա նշանակում է, որ Հայաստանի խնդրանքը չի բավարարվել։ Եռակողմ հանդիպմանը քննարկվելու էին խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն իր խնդրանքը հիմնավորել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տարօրինակ ու անհասկանալի է համարում Հայաստանի արտգործնախարարության որոշումը՝ հիմնավորելով իր կարծիքը նրանով, որ հենց այդ պաշտոնյաների հետ պիտի քննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը և գտնվի լուծումը։ 

«Լաչինի խնդիրը Միրզոյանը պիտի քննարկեր հենց նրանց հետ, ում հետ հանդիպումը հետաձգում էր։ Խոսքս ՌԴ ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասին է, որովհետև Ադրբեջանը փակել է այդ ճանապարհը կամ միջանցքը, իսկ Ռուսաստանը այնտեղ վերահսկողական պարտավորություն ունի, թեև չի կարողանում բացել այդ միջանցքը։ Ես չգիտեմ, թե Միրզոյանն այդ խնդիրն էլ ում հետ պիտի քննարկի»։

 Միրզոյանի քայլը Սուրենյանցը դիվանագիտական առումով խոցելի է համարում՝ չնայած սոցցանցերում իշխանության ներկայացուցիչների կողմից այն ներկայացվում է որպես դեմարշ։ 

«Սա ծիծաղելի ու անատամ պատճառաբանություն է,  որը հետո իշխանության կողմնակիցները պիտի դեմարշ անվանեն։ Սա էլ անհասկանալի է։ Շանտաժը ծիծաղելի է այն դեպքերում, երբ դրա թիրախը կարող է քեզ պատժել,  տվյալ դեպքում խոսում եմ  Ռուսաստանի միջնորդությունը կամ ՌԴ նախաձեռնությունը մերժելու հետևանքների մասին»։

 Հայաստանի բացթողնված հնարավորության մասին այսօր հայտարարել է նաև Լավրովը։ «Այսօր պայմանավորվել էինք անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում՝ խաղաղ պայմանագրի շուրջ քննարկումները շարունակելու համար։ Մենք պատրաստվում էինք այդ միջոցառմանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տիրող իրավիճակով։ Ափսոս, որ նման հնարավորությունը բաց է թողնվել», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։ Դա հիմք է տալիս մյուս երկու կողմին պատասխանատվությունը Երևանի վրա բարդելու՝ ասում է Սուրենյանցը, կարող էին գնալ բանակցությունների, որպես խնդիր դնել Լաչինի միջանցքի բացման հարցը, դրական լուծման պարագայում միայն ձեռնամուխ լինեին արդեն խաղաղության պայմանագրի քննարկմանը:  Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն այս կարծիքը չի կիսում,ՀՀ արտգործնախարարի կայացրած որոշումը  դրական է գնահատում։  

«Որոշումը ճիշտ էր, որովհետև Ադրբեջանը այս փակուղին ստեղծել է, որպեսզի Մոսկվայում բանակցությունների ընթացքում փորձի բարձրացնել  Զանգեզուրյան միջանցքի հարցը։ Միակ հարթակը Մոսկվան է, քանի որ Եվրամիությունն ասել է հստակ, որ ապաշրջափակումը գործելու է ազգային ինքնիշխանության ռեժիմների պայմաններում, մաքսակետերով, ըստ էության նույնը վաշինգտոնյան պայմանավորվածություններն են ասում, որ եթե Ալմաթի համաձայնագրով ճանաչվում է միմյանց փոխադարձ տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը Զանգեզուրյան միջանցք չի կարող ստանալ։ Այդ խնդիրը գտնվում է նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում, առավել ևս որ Լաչինի միջանցքի գոտում Հայաստանը իրավական ինքնիշխան լիազորություն ու լծակ չունի»։

  Երեկվա օրը Սուրենյանցը հայկական դիվանագիտության մեջ արտառոց ու նախադեպը չունեցող օր է որակում․ երեք բարձրաստիճան պաշտոնյա իրար հակասող հայտարարությամբ են հանդես եկել․  

«Հայաստանի դիվանագիտության մեջ չակերտավոր արտառոց օր էր երեկ, քանի որ երեք բարձրաստիճան պաշտոնյա իրար հակասող հայտարարություն են արել, տառացիորեն 2 ժամվա ընթացքում»։

 Դա, ըստ Սուրենյանցի, խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները չունեն արտաքին քաղաքական օրակարգ։ 

«Իշխանությունը չունի օրակարգ և դեգերում է Մոսկվա-Բրյուսել-Վաշինգտոն եռանկյունում՝ հաճախ տրվելով տարբեր օրակարգերի ։Այս պայմաններում, երբ պաշտոնական Երևանը չունի սեփական օրակարգը, նման անհասկանալի որոշումների դեռ ականատես ենք լինելու»:

 Այն, որ Երևանի պատճառաբանությունն ընկալելի չէ հրավիրող կողմի համար, միանշանակ է, իսկ թե ինչ կլինի դրանից անդին, Բայրամովն ու Լավրովն ինչ համաձայնությունների կգան, կամ չեն գա՝ խնդրի այլ կողմ է։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ