Նոյեմբերի 24, 2024

Միրզոյան-Լավրով-Բայրամով. մոսկովյան միջանկյալ հանդիպման շուրջ

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 19, 2023

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա մոսկովյան հանդիպումը միջանկյալ հանդիպում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև արդեն կայացած բրյուսելյան և գալիք մոսկովյան ու քիշնևյան հանդիպումներից առաջ: Այսօրվա մոսկովյան հանդիպմանը նախորդեցին Ռուսաստանի արտգործնախարարության մակարդակով հնչեցված մեղադրանքները Հայաստանի նկատմամբ` Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձի համար: Միաժամանակ, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական վերջին սադրանքներին, Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև Հայաստանին կոչ արեց զերծ մնալ սադրիչ գործողություններից: Ռուսաստանագետ Ռոբերտ Ղևոնդյանը համոզված է, որ ոչ միայն այսօրվա, այլ նաև` մոտակա բանակցություններից պետք չէ մեծ սպասումներ ունենալ, քանի որ կողմերի դիրքորոշումները խիստ իրարամերժ են. 

«Ոչ միայն այսօրվա հանդիպման հետ կապված, այլև` մոտակա ժամանակներս Արցախի հարցում բանակցություններից մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ: Հայաստանի հիմնական խնդիրն Արցախի սուբյեկտայնության վերականգնումն է և Արցախ-Ադրբեջան ուղիղ բանակցություններին հասնելը, ինչը պարտադիր պետք է լինի միջազգային հանրության մասնակցությամբ, և Հայաստանն էլ որպես միջազգային հանրության կողմ պիտի այդ մասնակցությանն իր դերակատարումն ունենա: Իսկ ընդհանուր առմամբ Արցախի հարցում Ադրբեջանի դիրքորոշումներին դիմակայելը և տարբեր կենտրոններում քննարկումներում Հայաստանի և Արցախի ամենակարևոր դիրքորոշումներն առաջ տանելը հիմնական գերակայությունն է, ինչը նշանակում է, որ և՛ Մոսկվայում, և՛ հետագայում այլ մայրաքաղաքներում բանակցությունները կունենան այնքան զարգացում, ինչքան որ այդ ժամանկվա աշխարհում, այդ ժամանակվա միջազգային հարաբերություններում հնարավոր է: Իսկ այսօրվա միջազգային հարաբերություններում հնարավոր առավելագույնը, կարելի է ասել, հենց բանակցությունների գոյությունն է: Հենց այն գործընթացն է, որն սկսվել է և շարունակվում է: Եւ տեսանելի ապագայում հենց միայն բանակցություններն էլ լինելու են որպես հիմնական գործընթաց և ոչ թե այդ բանակցությունների վերջնական հանգուցալուծումները կամ կտրուկ առաջընթացները»: 

Ըստ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի` բանակցությունների ընթացքում հիմնական խնդիրներից է հայկական կողմի համակերպվածությունն ստեղծված իրավիճակին և թշնամու պահանջներին ընդդիմանալու ցանկության բացակայությունը: 

«Նախ պետք է սահմանել, հասկանալ. մենք, ընդհանրապես, ինչ օրակարգ ունենք այդ հարցերի շուրջ, Արցախի շուրջ, կամ խաղաղության պայմանագրի և մնացյալի, հետո միայն հասկանանք` մենք ինչ ենք ակնկալում մնացածից: Ցանկացած պետություն ունի երկու հիմնասյուն: Մեկը` նպատակն է, հետո` կարողությունը: Ի դեպ, նպատակը երբեք չի բխում կարողունակությունից, կարողունակությունն է նպատակից ածանցվում: Հայաստանի իշխանությունները, ըստ էության, անգամ Արցախի հետ կապված որևիցե պահանջ չունեն, բացարձակապես: Եւ այստեղ նույնիսկ Ադրբեջանի հիմնական խոսույթը, որը նաև իրենց ուղեղային կենտրոններում է շատ պարզ արտահայտված, հետևյալն է. ասում են` մեզ վրա Արցախի հարցն այլևս մի վաճառեք, մենք դա ուժով ձեզնից վերցրել ենք, հիմա դուք այլ հարցերի շուրջ պիտի գնաք սակարկությունների»: 

Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ չնայած միջնորդների ունեցած հակասություններին, նրանց մոտեցումների առանցքը շատ չի տարբերվում իրարից: 

«Ընդհանուր գործընթացն ունի մեկ հիմնական առանցք և այդ հիմնական առանցքի շուրջ են տեղի ունենում բանակցությունները, անկախ այն բանից, թե հարթակը որտեղ է, որ ուժային կենտրոնում է: Այնուամենայնիվ, այդ ուժային կենտրոններն իրենց շահերին համահունչ որոշակի ազդեցություն ունեն այդ առանցքի նկատմամբ, և բնական է, որ քանի որ հանդիպումը լինելու է Մոսկվայում, ռուսական շահերի տիրույթում, որոշակի խնդիրներ կլինեն, որոնք կբարձրաձայնվեն (հիմնականում ռուսական կողմից), և որոնց վերաբերյալ Հայաստանը և Ադրբեջանն իրենց դիրքորոշումներն անպայմանորեն պետք է արտահայտեն: Սա նշանակում է, որ բանակցությունները կունենան որոշակի թեմատիկ ուղղվածություն, բայց ընդհանուր առանցքը, ինչպես նշեցի, չի փոխվի, և հիմնական հարցերը կլինեն նույնը»:

 Սուրեն Պետրոսյանի կարծիքով, այդուամենայնիվ, կա միջնորդների շահերի բախում, և դրանք հնարավոր է օգտագործել հօգուտ Հայաստանի. 

«Համոզված եմ` կան խորքային շահերի հակասություններ, ու նաև պետք չէ անտեսել Իրանի ազդեցությունը նաև ռուսական արտաքին և ներքին քաղաքականության վրա: Սա ուղղակի մի կողմն է, որից շատ խորքային պատկերացումներ չունենք, և ընդհանրապես` որևիցե մեկը չունի: Բյաց այս գործոնն իրականում կա, և ես, այնուամենայնիվ, համաձայն չեմ, որ իրականում չկան հակասություններ: Հայաստանի Հանրապետությունը, ձեր կարծիքով, եղել է գերտերություն, որի համար ՄԱԿ ԱԽ-ի մշտական հինգ ներկայացուցիչներից երեքը հավաքվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների խմբում, և փորձել Հայաստանին համոզել, որ ինքը, պայմանական ասած, տարածքներ տա Ադրբեջանին: Բնականաբար` ոչ: Այդտեղ կար վեճ, կար շահերի բախում, որի համար է նաև ձևավորվել այդ խումբը և այդ վեճն ու շահերի բախումը մինչև այսօր կա: Եւ այստեղ շատ կարևոր կլիներ Հայաստանի իշխանության իրական դիրքորոշումը, թե Հայաստանը որ բևեռների հետ կոալիցիոն համակարգով կգնար սեփական շահերի սպասարկմանը»: 

Մասնագետները համակարծիք են այն հարցում, որ միայն վճռական և ճկուն դիվանագիտությամբ կարելի է հայկական կողմի համար ստեղծված ծայրահեղ բարդ իրադրությունն մղել դրական ուղղությամբ և հաղթահարել առկա դժվարությունները:

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 20 Մայիսի 2023 18:04
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ