Նոյեմբերի 24, 2024

Ինչո՞ւ Միացումի երազանքը փոխակերպվեց անկախության

By Վիկտորյա Սարգսյան Փետրվարի 13, 2023

-1988-ի փետրվարի 13 ու պայքարի երկար ճանապարհ: Կհիշե՞ք այդ օրերը:  

-Իսկապես, երևի թե բացառիկ մի երևույթ էր մեր ազատագրական շարժումը: Որովհետև, եթե դիտարկենք, թե ովքեր էին մեր դեմ, ապա համաշխարհային ուժ էր մեր դեմ կանգնած: Երևի թե, ոչ ոք պատմության ընթացքում թուրք զավթիչներին դիմակայել չի կարողացել: Այն Շարժումը, որ մենք ունեցանք, կրկին կարելի է համաշխարհային երևույթ անվանել: Եթե այն չլիներ, Ղարաբաղյան հարցը, խնդիրը համաշխարհային թոփ խնդիրներից չէր լինի և ամբողջ աշխարհում այդ մասին չէին խոսի: Եվ հիմա էլ չի նվազում հարցի սրությունը և դեռ հայտնի չէ՝ ինչ կարող է լինել: Ես գիտեմ ու համոզված եմ՝ ինչ է լինելու, որովհետև Արցախը մի տարածք է, որտեղ պատմականորեն հայերը ապրել են, ապրում են և շարունակելու են ապրել: Եվ դա մեր տեսակն է ձևավորում՝ պայքարող, հողից կառչած: Սրանք բոլորը եթե հոգեբանորեն ամբողջացնենք, ապա բոլորը մեր տեսակի նկարագրությունն է, որը կոչվում է կռո ղարաբաղցի՝ կողքը հաստ ղարաբաղցի: Շրջափակումը, որ արդեն երկու ամիս է տևում է և դեռ չգիտենք՝ ինչքան կշարունակվի, էլ ավելի է ամրացնում մեր կամքը: Գուցե ուրիշ ժողովուրդներ կնվնվան, կթուլանան: Ոչ, մենք ավելի դիմադրողական ու ավելի համոզված ենք դառնում մեր գաղափարներում: Ահա այս ամենով պայմանավորված՝ Արցախյան շարժումը կարևոր նշանակություն ունի:  

-Շարժման հիմնական կարգախոսը միացումն էր, միացում Մայր Հայաստանին: Ինչպե՞ս ստացվեց, որ 1991-ին ժողովուրդը ընտրեց անկախության ճանապարհը:

-Մենք հընթացս, կարծես, փորձում էինք կամ արդարացում կամ ընդունելի կարմիր գծեր գտնել։ Որովհետև անկախության գաղափարը ինքնին ճանապարհ է դեպի միացում։ Ի վերջո, մեր ժողովրդի երազանքը եղել և մնում է միացումը Մայր Հայաստանին։ Իսկ անկախությունը դիտարկվել է որպես այդ գաղափարի կամ երազանքի իրականացման ուղի, ձև, որն ընդունելի կլիներ նաև աշխարհի համար։ Ես  երբեմն, այո, դառնությամբ նշում եմ, որ պետք չէր հետ կանգնել միացումի գաղափարից, ժողովուրդը իր երազանքի մասին պետք է մշտապես խոսեր և իր տեսակետը չպետք է փոփոխեր։ Երբ դու հետ քայլ ես կատարում, քո դիմաց կանգնած գիշատչի ախորժակը ավելի է մեծանում։ Ահա թե ինչու միացում, անկախություն, որը ժողովուրդը դիտարկում էր որպես երկու տարբերակ մեկ երազանքի իրականացման համար։ 

-2023 թ. փետրվարի 13: Այսօր հաճախ երանի ենք տալիս 88-ի միասնականությանը: Ի՞նչ անենք այդ միասնականությունը վերականգնելու, վերագտնելու համար:  

-Գիտեք, այն ժամանակ էլ միասնական չէին, կային տարակակարծություններ, թերահավատներ, գաղափարակիրներ, ակտիվիստներ և միշտ էլ այդպես լինում էր։ Ժողովուրդը միշտ էլ ունենում է նույն շերտերը, նույն թերահավատներն ու գաղափարակիրները։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ովքեր են ձևավորում էլիտան և ովքեր են առաջնորդները։ Երբ որ առաջնորդները կլինեն իրենց գաղափարներում հստակ, այդ դեպքում էլ ժողովուրդը կդիտարկվի որպես միասնական։ Իսկ երբ շիլաշփոթ-խառնաշփոթ է, ժողովուրդը կդիտարկվի որպես ոչ միասնական։ Ո՞վ է խլել մեզնից միասնական կամ միասին ապրելու գաղափարը։ Իհարկե, ոչ ոք չի կարող մարդու սրտից հանել այդ երազանքը։ Մենք կարող  ենք լինել միասնական, պարզապես պետք է գտնենք այդ գաղափարների ծիլերը, որոնք, ինչպես 88 թվականին էր, յուրաքանչյուր հայ մարդու սրտից, մտքից և գաղափարից էր գալիս։  

-Ի՞նչ կմաղթեք այսօր մեր ժողովրդին:  

-Որպեսզի իր մտքերից, գաղափարներից երբեք հետ չկանգնի։ Հետ կանգնեցիր, ուրեմն խաղից դուրս կհայտնվես և գործոն լինելուց կդադարես։ Այնպես ինչպես հիմա, ցավոք սրտի, մեզ հետ են վարվում աշխարհի ուժեղները։ Իսկ ո՞վ է աշխարհի ուժեղը։ Նա, ով ունի իր համոզվածությունը, իր հավատը։ Մենք ուժեղ ենք, պարզապես պետք է վերագտնենք մեր ուժերը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ