Այսօր հրավիրվել է Արցախի խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Օրակարգի միակ հարցը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծն էր: Ի՞նչ փոփոխության մասին է խոսքը, և ինչո՞ւ է այն կարևոր։
Նախագիծը խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին ներկայացրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը: Նա փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում է պետական կառավարման համակարգի կայունության ապահովման տեսանկյունից:
«Գործող Սահմանադրության վտանգավոր իրավակարգավորումը հիմնականում այն է, որ նախագահի պաշտոնը թափուր լինելու դեպքում միաժամանակյա ընտրություններ պետք է տեղի ունենան՝ Ազգային ժողովի և նախագահի։ Նույնը՝ Ազգային ժողովին անվստահություն հայտնելու դեպքում։ Երկու դեպքում էլ համաժամանակյա ընտրություններ են տեղի ունենում։ Այս իրավիճակում չափազանց վտանգավոր է համապետական ընտրությունների անցկացումը, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ, դրա համար մենք այս քայլին գնացել ենք Ազգային ժողովով հնարավորինս շուտ ընդունելու այս փոփոխությունը, որպեսզի մենք ապահովագրվենք և պետական համակարգի շարունակական աշխատանքը, պետական համակարգի գործունեության կայունությունն ապահովենք»։
Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Նելա Գրիգորյանը փոփոխությունների ընդհանուր դրույթներն է ներկայացնում․
«Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ԱՀ Սահմանադրության եզրափակիչ և անցումային դրույթներից՝ վերարտադրությունը, 12-րդ գլխում»։
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը դեմ է առաջարկվող փոփոխությանը։ Ասում է, որ առաջիկա նիստում էլ խմբակցությունը դեմ կքվեարկի նախագծին։ Նա խմբակցության դիրքորոշումն է ներկայացնում։
«Հոդվածն իրավական առումով խոցելի է, քանի որ անցումային դրույթում նախագահի ընտրության վերաբերյալ հոդված մտցնելը սահմանադրական իրավունքի առումով ուղղակի անթույլատրելի է։ Սա՝ ամենակարևորը։ Երկրորդ կետը, որ կառանձնացնեի՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով արտահերթ նախագահական ընտրությունների գնալու իմաստը եղել է այն, որ մենք խուսափենք 25 թվականի մայիսին հերթական նախագահական ընտրությունների գնալու անհրաժեշտությունից։ Կարծում եմ՝ բոլորս էլ դա շատ լավ գիտակցում ենք, և սա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2025-ին վերջանում է ռուս խաղաղապահների գործունեությունը, շարունակելու կամ դադարեցնելու հարցն է քննարկվելու։ Հետևաբար, իշխանությունները պիտի պատրաստ լինեն, իսկ այդ ժամանակ արդեն անհնար է լինելու ինչ-որ նոր իշխանություն ձևավորելը։ Եվ երրորդ կարևոր կետը․ ինչի՞ համար պետք էր գնալ սահմանադրական փոփոխությունների, դրա իմաստը կայանում էր նրանում, որ հանրաքվե անցկացվեր, այսինքն՝ սահմանադրական բարեփոխումների գնալու իմաստը հանրաքվե անցկացնելն էր՝ որպես սուբյեկտայնության, ինքնիշխանության ցուցանիշ»։
Ժիրայր Միրզոյանն անդրադառնում է նաև այն ասեկոսեներին, համաձայն որոնց՝ այդ փոփոխությունը քաղաքական խարդավանքների արդյունք է․
«Խոսակցությունները հանրության մեջ, որ այս փոփոխությունը կատարվում է, որպեսզի անմիջապես հետո նախագահը հրաժարական տա, պետք է ասեմ, որ նման մտադրություն, նման տրամադրվածություն չկա։ Ուղղակի կատարվում է այս ամենը միայն ու միայն նրա համար, որ մենք ապահովագրված լինենք և հարկ եղած դեպքում չունենանք սահմանադրական և քաղաքական ճգնաժամ»։
3 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջին ընթերցմամբ կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը: