«Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագիծը ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը։ 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության առջև ծառացած հրատապ խնդիրներից մեկն էլ դարձավ սահմանադրական որոշ կարգավորումների վերանայումը, որպեսզի պետական համակարգի կայունությունը վտանգի տակ չիլինի՝ նշել է Ժիրայր Միրզոյանը՝ ներկայացնելով գործող Սահմանադրության վտանգները։
«Գործող Սահմանադրության դրույթներից չափազանց վտանգավոր է հատկապես այն, որ հանրապետության նախագահի պաշտոնը օրենքով սահմանված որևէ կարգով թափուր մնալու դեպքում նախատեսված է նախագահի և ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջ։ Նույն մեխանիզմը գործում է նաև ԱԺ արձակման դեպքում։ Նշված իրավիճակում՝ համապետական ընտրություններ անցկացնելու հնարավորություն չունենալու դեպքում, առաջ է գալիս իրավաքաղաքական ճգնաժամի վտանգ։ Նման դեպքում դադարում են գործել ԱԺ-ը և Կառավարությունը, ինչը մեր պայմաններում հնարավոր է հասցնի իրավաքաղաքական ճգնաժամի»։
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև ռազամական դրության պայմաններում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահ ընտրելու իրավունքը վերապահել ԱԺ-ին։ Այդ նպատակով ներկայացված նախագծով առաջարկվում է՝
«Լրացում կատարել Սահմանադրության «Եզրափակիչ և անցումային դրույթներ» վերտառությամբ 12-րդ գլխում, որում փոփոխություններ կատարելու իրավունքը գոծող Սահմանադրությամբ վերապահված է ԱԺ-ին։ Ռազմական դրության ժամանակ մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը, նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ խմբակցություններին վերապահել իրավունք՝ առաջադրելու և ընտրելու նախագահ, որը կպաշտոնավարի մինչև գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը։ Տվյալ եղանակով ընտրված նախագահի պաշտոնավարման ընթացքում արգելվում է արձակել ԱԺ-ը։ Տվյալ եղանակով ընտրված նախագահին անվստահություն հայտնելու համար նախատեսել որակյալ մեծամասնությամբ՝ 2/3-ով անվանական քվեարկությամբ ընդունված որոշման անհրաժեշտություն։ Օրենքով ամրագրել տվյալ եղանակով նախագահի ընտրության կարգի մանրամասները։ Նախագիծը նպատակ ունի ռազմական դրության ժամանակ ստեղծել հնարավոր ճգնաժամերից խուսափելու իրավական հիմքեր և ապահովել պետական կառավարման համակարգի կայունությունն ու անընդհատությունը»։
Հետպատերազմյան Արցախում սահմանադրական փոփոխությունների թեման ամենաքննարկվողներից մեկը դարձավ։ 2022 թվականի սկզբից այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարվեցին։ Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվեց Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։ ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ պետականությունը պահպանելու և այն ցնցումներից հեռու պահելու մոտեցմամբ պայմանավորված՝ ԱԺ-ը նույնպես ներգրավվեց սահմանադրական բարեփոխումների նախ քաղաքական, հետո նաև մասնագիտական հանձնաժողովների աշխատանքներին։ Պատգամավորը ներկայացրել է ԱԺ ընդդիմադիր 3 խմբակցությունների տեսակետը։
«Այս աշխատանքների ընթացքում մենք նկատի ենք ունեցել սահմանադրական բարեփոխումների ամբողջ փաթեթը՝ կամ փոփոխությունների լրիվ ծավալով, կամ էլ նոր Սահմանադրության նախագծի տեսքով։ Ինչ որ տեղի է ունեցել հաջորդ ամիսներին՝ սահմանադրական բարեփոխումների կոնցեպտի փոփոխություն, ապա և այդ նույն կոնցեպտով խորհրդարան բերած կարճ տարբերակի հետվերադարձը, այդ ամենը կատարվել է առանց մեր մասնակցության և ոչ մեր նախաձեռնությամբ, այլ կոնկրետ հանրապետության նախագահի կողմից։ Այս փուլում ներկայացված տարբերակի վերաբերյալ մեր համատեղ տեսակետը հանգում է միայն քաղաքական կողմին։ Հաշվի առնելով պետական համակարգը բոլոր հնարավոր միջոցներով ամուր պահելու և այն ցանկացած՝ այդ թվում ճգնաժամային իրավիճակում ցնցումներից զերծ պահելու գերակայությունները՝ մենք՝ ազգային ժողովի 3 ընդդիմադիր խմբակցություններս, որոշել ենք կողմ քվեարկել ներկայացվող նախագծին»։
Ընդդմադիր խմբակցությունների տեսակետը ողջունեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն։ Հիմնական զեկուցող Ժիրայր Միրզոյանի առաջարկով՝ երկրորդ ընթերցման համար նախատեսված գրավոր առաջարկների ժամկետը կրճատվեց։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ առաջին ընթեցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել մարտի 21-ը։