Նոյեմբերի 21, 2024

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր ազդեցությունը հայկական կողմի անվտանգության վրա

By Դավիթ Եղիազարյան Մարտի 17, 2023

Վերջին օրերին Ադրբեջանի բռնապետ Ալիևը գերակտիվ է միջազգային ասպարեզում. այցեր Գերմանիա և Թուրքիա, հեռախոսազրույցներ Պուտինի հետ, թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողով: Ինչպե՞ս կարող է դա անդրադառնալ հայկական կողմի անվտանգությանը, և ի՞նչ սպասել ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի առաջիկա այցից Մոսկվա: 

 

Ռուսաստանը վերջին տարիներին ավելի է խորացնում իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինչը, անկասկած, բացասաբար է անդրադառնում թե՛ հայ-ռուսական հարաբերությունների, թե՛ հայկական պետականության անվտանգության վրա: Իսկ 2022 թվականի ռուս-ադրբեջանական դաշնագիրն արդեն բացահայտ ի ցույց դրեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն համագործակցային, այլ նաև՝ դաշնակցային հարաբերությունները: Ռուսաստանագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ Զախարովայի վերջին հայտարարությունը միայն վերահաստատում է Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը և, ըստ էության, հայկական կողմին թույլ է տալիս առաջ մղել Արցախի անվտանգության հարցում այլ դերակատարների ներգրավվման օրակարգը.


«Զախարովայի հայտարարությունը, ինչքան էլ որ կազուսային լինի, մեզ համար դաշտ է բացում աշխատանքի և դաշտ, որը համընկնում է Հայաստանի վերջերս արտահայտած դիրքորոշմանը, որ Ռուսաստանն ինքնին չի կարողանում այդ գործառույթն իրականացնել` այն գործառույթը, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրով կամ հայտարարությամբ ստանձնել է: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է փոխարինել կամ փոխլրացնել այլ ներկայությամբ այդ գործառույթի իրականացումը, իսկ այլ ներկայությունը, բնականաբար, միջազգային խաղաղապահ ուժերը կարող են լինել: Եւ Հայաստանն ստանում է ևս մեկ փաստարկ, որպեսզի դիմի միջազգային ուժերին` ռուսական խաղաղապահ առաքելությանը զուգահեռ, օրինակ, փաստահավաք առաքելություն տեղակայելու խնդրով, կամ հետագայում եթե հնարավոր լինի, նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտին փոխարինելու միջազգային խաղաղապահ կոնտինգենտով, որի կազմում նույնպես կարող են լինել, օրինակ, ռուսական զինված ուժեր»։


Օրերս նաև տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ըստ տարածված հաղորդագրության՝ դրա ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև՝ տրանսպորտային և հաղորդակցային ուղիներին վերաբերող հարցեր: Ռոբերտ Ղևոնդյանը հնարավոր է համարում, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Բերձորի միջանցքի հարցը, ինչպես նաև՝ «Զանգեզուրի միջանցք»-ը և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի առաջիկա այցը Մոսկվա.


«Մեծ հավանականությամբ քննարկվել են և՛ Բերձորի միջանցքի, և՛ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի խնդիրները: Բնական է, որ Ադրբեջանի նախագահին ավելի շատ կհետաքրքրեր Նախիջևանի հետ կապի հարցը: Միևնույն ժամանակ, մեծ է հավանականությունը, որ քննարկվել են ամսի 20-ին սպասվող Հայաստանի արտգործնախարարի Մոսկվա այցը և այդ այցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարին ներկայացվող, Ադրբեջանի դեպքում` պահանջները, Ռուսաստանի դեպքում` առաջարկները: Հուսանք, որ Հայաստանն ամբողջությամբ կներկայացնի այն խնդիրները և այն շահերը, որոնք Հայաստանն ունի և անհրաժեշտ է այս պահին իրացնել, և ցույց կտա, որ այն ամենն, ինչը Ռուսաստանի սրտով չէ, իրականացվում է ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը փորձում է ինչ-որ մեկին ինչ-որ մեկով փոխարինել տարածաշրջանում, այլ ուղղակի այն պատճառով, որ Հայաստանի շահերը չեն իրացվում, չի ստացվում իրացնել Ռուսաստանի միջոցով և Հայաստանն ստիպված է այլ դերակատարներ բերել տարածաշրջան»։


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ Ադրբեջանը փորձում է խաղարկել նաև Հայաստանի կողմից բազմաբևեռ քաղաքականության վարումը, սակայն միաժամանակ՝ ռուսական գազը մատակարարում է դեպի Եվրոպա.


«Վերջին շրջանում Ռուսաստանի համար Թուրքիայի և Ադրբեջանի նշանակությունը բավականին մեծացել է: Ադրբեջանի հետ Ռուսաստանն անցած տարի ստորագրել է հայտնի հռչակագիրը` Պուտինի և Ալիևի միջև, դաշնակցային հարաբերությունների հետ կապված: Այդ հռչակագրում կետ կա, որ տնտեսական գործունեություն չեն կարող ծավալել, որոնք հակասում են մյուս երկրի շահերին: Բայց ինչ է Ադրբեջանն անում այսօր նույն Եվրամիության հետ համագործակցությունում` նույն ռուսական գազն է վաճառում, դրա համար ռուսական կողմը որևէ խոչընդոտ չի տեսնում այդ հարաբերություններում, այդ մերձեցման մեջ: Բայց իրականում Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանը որպես հակասությունների կետ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում, բայց իրականում հենց Ադրբեջանն է այդ հակասությունների կետը, որը փորձում է մանևրել և փորձում է ինչ-որ դիվիդենտներ շահել և՛ այս կողմից, և՛ այն կողմից»։


Արդյոք վերջին օրերին Ալիևի այցերը Թուրքիա և հեռախոսազրույցը Պուտինի հետ կարո՞ղ են մտահոգություններ առաջացնել: Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ հավելյալ զգուշավորությունը չի խանգարի.


«Կապված լայնամասշտաբ գործողությունների հետ` շատ հնարավոր է, որ Ալիևը փորձում է հող նախապատրաստել, բայց Թուրքիան և Ռուսաստանը բավարար չեն նշված ակցիան իրականացնելու համար, դրա համար անհրաժեշտ է նաև այլ ուժային կենտրոնների համաձայնություն, ինչը կար 2020 թվականին, բայց այսօր դա ստանալ Ալիևը չի կարող: Կարծում եմ՝ թե՛ Անկարան, թե՛ Մոսկվան բացատրել են դա Ալիևին, և լայնամասշտաբ գործողություններ դժվար թե տեղի ունենան, բայց, օրինակ, լոկալ սադրանքների համար կանաչ լույս, մեծ հավանականությամբ, կտրվի Ալիևին, և թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը պետք է պատրաստ լինեն դրան»։


Մարտի 20-ին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում: Փորձագետների կարծիքով՝ հայ-ռուսական և հայ-ադրբեջանական բանակցություններում հայկական կողմի վճռական դիրքորոշումը որոշիչ կարող է լինել Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակչության ազատ և արժանապատիվ կյանքի համար:

Արցախի հանրային ռադիո
Last modified on Շաբաթ, 18 Մարտի 2023 09:12
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ