Ապրիլի 4-ին Գորիսից Ստեփանակերտ տեղափոխվող 27 անձանց նկատմամբ փաստացի ահաբեկչական գործողություններն ադրբեջանական հակահայկական քաղաքականության հերթական դրսևորումն էին։ Արդեն 44 օր է, ինչ Ադրբեջանն անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է, որ Արցախից Հայաստան ուղևորությունները հնարավոր են միայն խիստ ծայրահեղ դեպքում։ Միջազգայնագետ Տարոն Սիմոնյանը վստահ է, որ Հայաստանն ունի բավականաչափ ռեսուրսներ և գործիքակազմ՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում ավելի բարենպաստ միջազգային միջավայր ձևավորելու համար, միայն թե՝ պետք է դրանք ճիշտ օգտագործել․
«Արցախի ամբողջ հայ բնակչությունը, Հայաստանի հայ բնակչությունը պետք է մինչև այս գիտակցած լիներ, բայց հիմա առավել ևս սրված է այդ գիտակցման անհրաժեշտությունը, որ ցանկացած խնդիր, եթե մեր ազգային շահերին է վերաբերում, դրա լուծողը միայն մենք ենք․ դրսում որևէ մեկին պետք չէ հայացք ուղղել, օգնություն խնդրել և այլն, և այլն։ Մենք պետք է լուծենք և մեր ներքին ռեսուրսներով։ Մենք այդ բոլոր ռեսուրսներն ունենք, պարզապես եղած ռեսուրսները մսխում ենք, կամ իրար դեմ ենք օգտագործում, ինչն անընդունելի է, դրանից օգտվում են մեր թշնամիներն ու հակառակորդները։ Իրավական, քաղաքական, դիվանագիտական և մարդկային բոլոր ռեսուրսներին մենք տիրապետում ենք, պարզապես սխալ ենք օգտագործում»։
Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը համոզված է, որ վերջին իրադարձություններն Արցախի շուրջ օղակի սեղմման հերթական դրվագն են, և նման դրվագներին պետք է ոչ թե հետահայաց անդրադառնալ, այլ ձևավորել հստակ քաղաքական օրակարգ՝ նման երևույթներ թույլ չտալու ուղղությամբ․
«Այո՛ Ադրբեջանը սեղմում է օղակը, այո՛ այդ օղակը սեղմելու տեսանկյունից որևէ հակադեմ գործողություն չի տեսնում հայկական երկու կողմերից էլ։ Շատ տրամաբանական է քաղաքական տեսանկյունից, որ եթե չկա դիմադրություն և չկա հակազդում այն գործընթացներին, որոնց պիտի լինեն՝ այդ օղակը չսեղմելու և ավելի առաջ չգնալու, դիվիդենտներ չքաշելու, Արցախի վերջնական կլանումը չիրականացնելու առումով ինքը որևէ խոչընդոտ չի ունենալու։ Եթե մենք այս պարագայում խոսում ենք ընդամենն այն մասին, որ այլևս Արցախի Հանրապետության քաղաքացիներին սկսել են ստիպել տեղաշարժի համար ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, սա այդ սեղմվող օղակի որոշակի տարրերից մեկն է։ Քանի որ դրան և այն երևույթներին, որոնք քաղաքական տեսանկյունից տեղ են գտնում Արցախում ու Հայաստանում, և Ադրբեջանի կողմից օղակի ավելի ու ավելի սեղմմանը որևէ դիմադրություն, որպես այդպիսին, չկա»։
Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային իրազեկումը կարևոր է, բայց դրանց համար առաջինը պետք է պատրաստ լինեն պայքարել հենց արցախցիները՝ նշում են փորձագետները: Այս հարցում, եթե ոչ որոշիչը, ապա առանցքայինը հենց Արցախի ու ՀՀ դիրքորոշումն է լինելու: