Նոյեմբերի 22, 2024

Ուժն է ծնում իրավունք. շրջվում գալիս ենք նույն կետին

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 17, 2023

Մարդկությունն ստեղծել է մեխանիզմներ՝ պետությունների միջև հարաբերությունները հարթելու կամ գուցե ուժի կիրառման անրաժեշտությունը նվազագույնի հասցնելու համար: Թվում է՝ այդ շրջանակում պետք է լուծվեն իրավաքաղաքական հիմնահարցերը, բայց այստեղ ի հայտ է գալիս մեկ այլ խնդիր. պետությունների վերաբերմունքն այդ մեխանիզմների հանդեպ: Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանին խաղաղություն և նորմալ հարաբերություններ պարտադրելու համար իրավական որոշումներ և դրանց կատարման քաղաքական երաշխավորություն է անհրաժեշտ. իրավական որոշումը կա, ի դեմս Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման, քաղաքական երաշխավորություն ըստ երևույթի՝ ոչ: Լաչինի միջանցքի արգելափակումը խստացել է, Ադրբեջանը թույլ չի տալիս անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների ելքն ու մուտքն Արցախ, միջազգային կոմիտեի հանդեպ այպիսի վերաբերմունք ցուցաբերում են ահաբեկչական խմբավորումները: Այդ ահաբեկչական էությունը դրսևորվել է 44-օրյա պատերազմում, դրսևորվում է այսօր Քաշաթաղի միջանցքում: Եվ այդ ահաբեկչական էությունը Ադրբեջանը չի թաքցնում` ասում է իրավաբան Տարոն Սիմոնյանը:

«Սա նրա ձեռքերին ազատություն է տալիս: Եթե խոսում եք միջազգային այնպիսի մեխանիզմների մասին, որով մենք կկարողանանք ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի նա գա քաղաքակիրթ պետությունների շարք, այս պահին այդպիսի մեխանիզմներ իրավաբանորեն կան, բայց քաղաքական առումով բավականին թույլ են, հաշվի առնելով աշխարհաքաղաքական արդի զարգացումները: Աշխարհում այսօր ըստ էության միջազգային իրավունքը ռեալ չի գործում, գործում է միայն ուժի իրավունքը` կարող ենք նաև այդպես ասել»:

Իրավաբանը համոզված է` եթե ուժային գործոններով չկարողանանք սանձել Ադրբեջանին, որևէ միջազգային կառույց չի կարողանալու դա անել, ապացույցը` Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման չկատարումն է: Միջազգային իրավական կառույցները պարտադրման լծակներ չունեն: Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման երաշխավորը, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ Անվտանգության խորհուրդն է, իսկ մինչ այդ պետք է կարողանալ հարցը հասցնել ԱԽ:

«Նույնիսկ եթե հարցը մտնում է Անվտանգության խորհուրդ, էլի կարող են բավարարվել միայն հարցի քննարկումով, որևէ բանաձև չընդունեն: Մի խնդիր էլ կա. իրականում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չունի վերահսկելու ընթացակարգեր, դա ընդհամենը սիմվոլիկ որակում է: Եվ միայն այն դեպքում, եթե խախտումը շատ մասշտաբային է. ցեղասպանություն, կամ օրեր, ամիսներ տևող շրջափակում և եթե քաղաքական կոնսենսուսով հարցը մտնում է Անվտանգության խորհուրդ, նոր միայն խորհուրդը կարող է անդրադառնալ, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չի կատարվում»:

Եթե հաջողվի Արցախի տոտալ շրջափակման և Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման մասին հարցերը ՄԱԿ ԱԽ-ի օրակարգ հասցնել, այստեղ էլ առաջանալու է քվեարկության հարցը` ցանկացած փուլում ԱԽ մշտական ներկայացուցիչներից մեկը կարող են վետո դնել` թույլ չտալով հարցի հետագա քննարկումը:

«Ես առայժմ չեմ տեսնում խնդրին շատ մեծ լրջություն տալու և Ադրբեջանի քաղաքական պատժամիջոցների ենթարկելու ցանկություն: Դրա համար հարցը դեռ իրավական հարթակներում է մնում: Բայց Ադրբեջանն էլ հասկանում է, որ քաղաքական հսկայական ռեսուրսներ է պետք, որ շարունակի պահել Ղարաբաղի շրջափակումը, դրա համար անընդհատ սցենարներ ու իրավիճակ է փոխում: Բայց օբյեկտիվորեն այս ամենի հիմքում ընկած է Արցախի էթնիկ զտումը, որի մասին Հայաստանի իշխանությունները միշտ բարձրաձայնում են: Այս պահի դրությամբ ես չեմ տեսնում կոնկրետ մեխանիզմ, որը կարող է շուտափույթ հարցը լուծել, այսինքն ապաշրջափակել Ղարաբաղը»:

Տարոն Սիմոնյանը վստահ է, որ Հայաստանը հարցը բարձրաձայնելու է Հաագայի միջազգային դատարանում, հույս է հայտնում, որ կբարձրաձայնի նաև ՄԱԿ ԱԽ-ում, բայց ինչպես իրավաբանն է ասում հաջողության չի հասնի, որովհետև Անվտանգության խորհրդի անդամները միակարծիք չեն լինի: Միջազգային հարաբերությունները մարդկանց բարեկամական հարաբերություններ չեն:

«Մենք չպետք է ֆիքսվենք դրսի կառույցների այս կամ այն կերպ խնդիրը լուծելուն ուղղված քայլերի վրա, այլ պետք է հույսներս դնենք մեր ներուժը արդյունավետ օգտագործելու վրա: Եթե ինչ-որ մի ահաբեկիչ կամ դրա ղեկավարը, միջազգային հարցագործ` Ալիև անունով, փորձում է հայերի հերթական ցեղասպանություն իրականացնել, ապա մենք պետք է բավականաչափ ուժ ունենանք նրան սանձելու, նրան, եթե պետք է, ֆիզիկապես վերացնելու համար, որովհետև դա պահանջում է ազգային շահը: Եթե մենք դա չանենք, նա է մեզ անելու»:

Տարոն Սիմոնյանը Բեռլինի վեհաժողովից հետո Խրիմյան Հայրիկի խոսքերն է հիշում. «Այնտեղ ապուրը երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ մեր շերեփը թղթից էր»: Թղթե շերեփը` իրավունքը, գործում է, եթե դրան զուգահեռ ուժ կա, ուժը գործում է, եթե իրավունք կա, դրանք նույն սրի երկու կողմերն են:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ